Կառլոս Լատուֆայի ծաղրանկարը՝ «Ճանապարհային երթևեկության նոր նշանը Սաուդյան Արաբիայում»
Կանանց՝ ավտոմեքենա վարելու արգելքը Սաուդյան Արաբիայում գործի է դրվել 1957 թվականին[1]։ Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր աշխարհում, որտեղ կանանց չէր թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել մինչև Մուհամմադ իբն Սալմանի բարեփոխումը[2]։ 1990-ական թվականներին շարժում ստեղծվեց, որը պահանջում էր կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունք վերապահել։ Տասնյակ կանայք Էր Ռիադում նստեցին ավտոմեքենայի ղեկին և ձերբակալվեցին ու զրկվեցին անձնագրից[3]։ 2007 թվականին Վաջիհա ալ-Խուվայդիրը և այլ կանայք դիմեցին այն ժամանակվա արքա Աբդուլին՝ ավտոմեքենա վարելու արգելքը հանելու խնդրանքով[4]։ 2008 թվականին Կանանց միջազգային օրը ալ-Խուվայդիրը նկարահանեց իր՝ մեքենա վարելը, որը գրավեց միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը[5][6][7]։ Կանայք՝ այդ թվում ալ-Խուվայդիրը և Մանալ աշ-Շարիֆը՝ ոգևորված 2011 թվականի Արաբական գարնան իրադարձություններով[8][9], կազմակերպեցին ավելի ինտենսիվ քարոզարշավ՝ կանանց վարելու իրավունքի համար։ Հունիսի 17-ից մինչև ամսվա վերջ փաստաթղթերով գրանցվեց կանանց ավտոմեքենա վարելու մոտ 70 դեպք[10][11][12]։ Սեպտեմբերի վերջին Շայմա Ջաստանիան դատապարտվեց մտրակի 10 հարվածի Ջիդդայում ավտոմեքենա վարելու համար, սակայն դատավճիռն արդյունքում չեղյալ համարվեց[13][14]։
Երկու տարի անց կանանց՝ ավտոմեքենա վարելու իրավունքի քարոզարշավը վերսկսվեց և 2013 թվականի հոկտեմբերի 26-ն ընտրվեց այն օրը, երբ կանայք պետք է ղեկին նստեն։ Նշված ամսաթվից 3 օր առաջ Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նախազգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն արգելքը, ինչպես նաև նրանք, ովքեր կաջակցեն վերջիններիս[15], նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքի համապատասխան հոդվածները[16]։ Քարոզարշավի ղեկավարներին զգուշացրեցին հոկտեմբերի 26-ին չնստել ղեկին, իսկ Էր Ռիադի ճանապարհներին բլոկփոսթներ դրվեցին՝ կին վարորդներին բացահայտելու նպատակով[17]։
2017 թվականի սեպտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հրաման արձակեց, որով կանանց թույլ տվեց ավտոմեքենա վարել[18][19]։