Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կապեցիտաբին, վաճառքային անունը Քսելոդա, քիմիոթերապևտիկ դեղ, որն օգտագործվում է կրծքագեղձի, ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների բուժման համար[2]։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեջ այն օգտագործվում է հիմնականում դոցետաքսելի հետ[3]։ Կիրառվում է բերանացի[3]։
Հաճախ դիտվող կողմնակի երևույթներից են որովայնային ցավը, փսխումները, լուծը, թուլությունը և ցանավորումը[3]։ Այլ, ավելի ծանր կողմնակի երևույթներից դիտվում են մակարդման խանգարումներ, ալերգիկ ռեակցիաներ, սրտային խնդիրներ, արյան բջիջների ցածր քանակ[3]։ Այն խորհուրդ չի տրվում երիկամային խնդիրներ ունեցող անձանց[3]։ Հղիության ընթացքում վերջինիս օգտագործումը կարող է վնասել պտղին[3]։ Օրգանիզմի ներսում կապեցիտաբինը վերածվում է 5-ֆտորուրացիլի, որն էլ իր ազդող ձևն է[3]։ Այն պատկանում է ֆտորպիրիմիդինների ընտանիքին, որոնցից են 5-ֆտորուրացիլը և տեգաֆուրը[4]։
Կապեցիտաբինը արտոնագրվել է 1992-ին և բժշկական օգտագործման համար հաստատվել է 1998 թ-ին[5]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որոնք համարվում են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[6]։ Զարգացող երկրներում կապեցիտաբինի բուժման մեկ կուրսը կազմում է մոտ 122․64-195․66 ԱՄՆ $[7]: Միացյալ թագավորությունում դեղի մեկ կուրսի արժեքը NHS-ի համար կազմում է 210․67 £[2]։ ԱՄՆ-ում 2016թ-ի դրությամբ դեղն արժե 1,892․00 $[8]:
Այն կիրառվում է հետևյալ քաղցկեղների բուժման համար[9][10][11]․
Կոլոռեկտալ քաղցկեղ (կամ որպես նեոադյուվանտ բուժում ճառագայթման հետ, ադյուվանտ թերապիա կամ մետաստազավորված ձևերի դեպքում)
Կրծքագեղձի քաղցկեղ (մետաստազավորված կամ մոնոթերապիայի/համակցված թերապիայի ձևով․ այն Միացյալ թագավորությունում արտոնագրված է, որպես երկրորդ ընտրության միջոց
Ստամոքսի քաղցկեղ (ԱՄՆ-ում կիրառումը հաստատված չէ․ արտոնագրված է Միացյալ թագավորությունում
Կերակրափողի քաղցկեղ (ԱՄՆ-ում կիրառումը հաստատված չէ)
CYP2C9-ի սուբստրատներ, ներառյալ՝ վարֆարինը և կումարինի այլ ածանցյալները
Ֆենիթոին, քանի որ կապեցիտաբինը բարձրացնում է ֆենիթոինի շիճուկային խտությունը
Կալցիումի ֆոլինատը կարող է ուժեղացնել կապեցիտաբինի բուժական ազդեցությունները, պայմանավորված վերջինիս ածանցյալ 5-ֆտորուրացիլի հետ առկա սիներգիզմով։ Այս սիներգիզմի պատճառով կարող է դիտվել շատ ավելի ծանր լուծ[9]
Դիհիդրոպիրիմիդին դեհիդրոգենազա ֆերմենտը պատասխանատու է ֆտորպիրիմիդինների խմբի դեղերի՝ կապեցիտաբինի, ֆտորուրացիլի և տեգաֆուրի նյութափոխանակության համար[4]։ Այս ֆերմենտի գենետիկ տարբերակներով պայմանավորված, կարող է դիտվել վերջինիս ակտիվության նվազում կամ բացակայություն, և այլ անձինք, ովքեր հետերոզիգոտ կամ հոմոզիգոտ են այդ տարբերակի համար, կունենան ֆերմենտի մասնակի կամ լրիվ բացակայություն․ մարդկանց մոտ 0․2%-ը ունի ֆերմենտի լրիվ բացակայություն[4][17]։ Ֆերմենտի մասնակի կամ լրիվ բացակայությամբ հիվանդները ունեն ծանր կամ, նույնիսկ, մահացու դեղորայքային տոքսիկության բարձր ռիսկ, ֆտորպիրիմիդիններով բուժման ժամանակ․ որպես օրինակ կարող է դիտվել ոսկրածուծի ճնշում, նեյրոտոքսիկություն կամ ձեռք-ոտք համախտանիշ[4][17]։
Կապեցիտաբինը օրգանիզմում վերածվում է 5-ֆտորուրացիլի, որը թիմիդիլատ սինթազայի պաշարիչ է, և ընկճում է թիմիդիլատ մոնոֆոսֆատի սինթեզը, որն անհրաժեշտ է ԴՆԹ-ի դե նովո սինթեզի համար[10]։