Կառլթոն Ուոթկինս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1829[1][2][3][…] |
Ծննդավայր | Oneonta, Օտսեգո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հունիսի 23, 1916[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Carleton E. Watkins Վիքիպահեստում |
Կառլթոն Է. Ուոթկինս (անգլ.՝ Carleton E. Watkins, նոյեմբերի 11, 1829[1][2][3][…], Oneonta, Օտսեգո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 23, 1916[1][2][3][…], Նապա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), 19-րդ դարի ամերիկացի լուսանկարիչ։ Հիմնականում զբաղվել է պեյզաժային լուսանկարչությամբ։ Յոսեմիթի հովիտը նրա ամենասիրելի թեման է եղել։ Ուոթկինսի այդ շարքի լուսանկարները զգալիորեն ազդել են Յոսեմիթի հովիտը որպես Յոսեմիթե ազգային պարկ պահպանելու ԱՄՆ Կոնգրեսի որոշման վրա։
Կառլթոն Է. Ուոթկինսը ծնվել է 1829 թվականի նոյեմբերի 11-ին, Նյու Յորքի Օնեոնտա քաղաքում, հյուսն Ջոն Ուոթկինսի և նրա կնոջ՝ պանդոկապան Ջուլիայի ընտանիքում։ Հետագայում նրանք ունեցել են ևս յոթ երեխա։ Կառլթոնը եղել է որսորդ ու ձկնորս, երգել է ակումբի երգչախմբում և պրեսբիտերական եկեղեցու երգչախմբում[6]։ Նրա երկրորդ անունը վեճի առարկա է եղել. որոշ աղբյուրներ անվանել են Յուջին (Eugene), իսկ մյուսները՝ Էմմոնս (Emmons)[7]:
1851 թվականին Ուոթկինսը և նրա մանկության ընկերը՝ Քոլիս Հանթինգթոնը, ոսկի գտնելու հույսով տեղափոխվել են Սան Ֆրանցիսկո[6]։ Սակայն նրանք այս գործում հաջողություն չեն ունեցել. Ուոթկինսը հայտնի է դարձել որպես լուսանկարիչ իր տաղանդով, իսկ Հանթինգթոնը դարձել է «Մեծ քառյակ»՝ Խաղաղ օվկիանոսյան կենտրոնական երկաթուղու սեփականատերերից մեկը[8]։ Հետագայում դա օգտակար է եղել նաև Ուոթկինսին։
Սան Ֆրանցիսկոյում գտնվելու առաջին երկու տարիներին Ուոթկինսը չի զբաղվել լուսանկարչությամբ։ Սկզբում նա աշխատել է ընկերոջ՝ Հանթինգթոնի մոտ՝ նյութեր մատակարարելով լեռնահանքային արդյունաբերության համար։ Այնուհետև աշխատել է որպես վաճառող Ջորջ Մյուրեյի գրախանութում, որը գտնվում էր հայտնի դագերոտիպ նկարիչ Ռոբերտ Հ. Վանսեի արվեստանոցի մոտ[8]։ Այն բանից հետո, երբ վերջինիս աշխատակիցն անսպասելիորեն թողել է իր աշխատանքը, Վենսը, իմանալով Ուոթկինսի հաճելի բնավորությունը, հրավիրել է նրան իր բացակայության ժամանակ հետևել ստուդիայի աշխատանքին[9]։
Նախքան Վենսի հետ աշխատելը Ուոթկինսը ոչինչ չի իմացել լուսանկարչության մասին։ Վենսը նրան ծանոթացրել է այս արվեստի հիմնական տարրերին՝ պլանավորելով վերադառնալուն պես՝ դիմանկարներ նկարել։ Սակայն, երբ Վենսը վերադարձել է, բացահայտել է, որ իր բացակայության ժամանակ Ուոթկինսը բավականին հաջողել է լուսանկարչության մեջ, իսկ հաճախորդները գոհ են[9]։
1858 թվականին Ուոթկինսը պատրաստ էր սկսել սեփական լուսանկարչական բիզնեսը։ Նա ընդունել է բազմաթիվ պատվերներ, ներառյալ Ջեյմս Մեյսոն Հայթչինգսի համար «Illustrated California Magazine»-ը և Ջոնի և Ջեսսի Ֆրեմոնտների Մարիպոսայում գտնվող հանքարդյունաբերական հողատարածքի փաստաթղթավորումը[8]։ Նա պատրաստել է դագերոտիպային ստերեո պատկերներ (նույն տեսարանի երկու գրեթե նույնական պատկերներ, որոնք դիտվում էին ստերեոսկոպի միջոցով՝ խորության պատրանք ստեղծելու համար) Almaden Quicksilver Mines-ում։ Դրանք օգտագործվել են դատական հնչեղություն ստացած գործընթացում՝ ամրապնդելով Ուոթկինսի՝ որպես լուսանկարչի հեղինակությունը[9]։
Ուոթկինսը առաջինն է լուսանկարել Օնեոնտայի ջրվեժն ու կիրճը՝ Օրեգոնա նահանգի Կոլումբիա գետի հովտում տեղակայված գեղատեսիլ բնական հուշարձանները։ Լուսանկարիչը նրանց անվանել է Օնեոնտա՝ ի պատիվ իր հայրենի քաղաքի[10]։
1861 թվականի հուլիսին Ուոթկինսը որոշել է գնալ Յոսեմիթե հովիտ։ Նա իր հետ վերցրել է մամոնտ-ֆոտոխցիկ, որտեղ օգտագործվում էին 18 x 22 դյույմ չափի ապակե թիթեղներ և ստերեոսկոպիկ տեսախցիկ[8]։ Վերջինս անհրաժեշտ էր օբյեկտին խորություն տալու համար, իսկ մամոնտ-թիթեղյա տեսախցիկն անհրաժեշտ էր ավելի մանրամասն դետալներ դրոշմելու համար[6]։ Լուսանկարիչը վերադարձել է երեսուն մամոնտ-թիթեղներով և հարյուր ստերեո նեգատիվով։ Սրանք Յոսեմիթի առաջին լուսանկարներից էին, որոնք տեսել են ԱՄՆ-ի Արևելքում[11]։ 1864 թվականին Ուոթկինսին վարձել են Կալիֆոռնիայի նահանգային երկրաբանական ծառայությունում Յոսեմիթը լուսանկարնելու համար[6]։
1867 թվականին Ուոթկինսը բացել է իր առաջին հանրային պատկերասրահը, որը դարձել է Յոսեմիթիի գեղարվեստի շքեղ պատկերասրահը, ինչպես նաև իր լուսանկարներն ուղարկել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդես, որտեղ մեդալ է շահել[6]։ Նա ցույց է տվել Խաղաղ օվկիանոսյան առափնյա հարյուրից ավելի մեծ տեսարաններ և ավելի քան հազար պատկեր, որոնք հասանելի էին ստերեոսկոպիայի միջոցով[6]։ Չնայած որպես նկարիչ ճանաչմանը՝ Ուոթկինսը հաջողություն չի ունեցել որպես գործարար և, ի վերջո, կորցրել պատկերասրահը՝ հօգուտ իր վարկատու Ջեյ Ջեյ Կուկի[8]։
Կուկի պատճառով Ուոթկինսը կորցրել է ոչ միայն իր ստուդիան, այլ նաև այնտեղ եղած ամեն ինչ[12]։ Երբ Կուկը և լուսանկարիչ Իսայա Թաբերը ստանձնել են Յոսեմիթի արվեստի պատկերասրահի շահագործումը, սկսել են վերարտադրել Ուոթկինսի աշխատանքները՝ նրան ոչինչ չվճարելով[8]։ 19-րդ դարում լուսանկարչությունում հեղինակային իրավունքի մասին օրենքներ չեն եղել, և Ուոթկինսը ոչինչ չի կարողացել անել գրագողության դեմ պայքարելու համար։ Դրանից հետո նա սկսել է վերստեղծել կորցրած պատկերները՝ այն անվանելով «Նոր սերիա»[9]։
1890-ական թվականներին Ուոթկինսը սկսել է կորցնել տեսողությունը։ Նրա վերջին պատվերը Ֆիբի Հերսթից է եղել՝ լուսանկարել նրա Hacienda del Pozo de Verona-ն։ Ուոթկինսը չի կարողացել ավարտել այս աշխատանքը վատ տեսողության և ինքնազգացողության վատթարացման պատճառով։ 1895-1896 թվականներին աշխատանքի բացակայության պատճառով նա այլևս չի կարողացել վճարել բնակարանի վարձը։ Ընտանիքի հետ միասին 18 ամիս ապրել է լքված երկաթուղային վագոնում[6]։
Ուոթկինսն իր աշխատանքի մեծ մասը պահել է Մարկետ սթրիթ փողոցում գտնվող ստուդիայում։ Այս ստուդիան ավերվել է 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժից և հրդեհից։ Անթիվ լուսանկարներ, նեգատիվներ և նրա ստերեոսկոպիկ պատկերների մեծ մասն անվերադարձ կորել են։ Այս անդառնալի կորստից հետո նա տեղափոխվել է Կապայի ագարակ[9]։
Ագարակ տեղափոխվելուց երեք տարի անց Ուոթկինսը ճանաչվել է անգործունակ և հանձնվել դստեր՝ Ջուլիայի խնամքին։ Ջուլիան մեկ տարի կերակրել է հորը, իսկ հետո, 1910 թվականին, նրան ուղարկել Նապայի հոգեկան հիվանդների պետական հիվանդանոց, որից հետո Ուոթկինսի կինը՝ Ֆրենսիսը, ինքն իրեն այրի է կոչել։ Ուոթկինսը մահացել է 1916 թվականին և թաղվել հիվանդանոցի տարածքում գտնվող աննշան գերեզմանոցում[6]։
Ուոթկինսը Ֆրենսիս Սնիդի հետ ծանոթացել է Նևադա նահանգի Վիրջինիա քաղաքում լուսանկարելիս[9]։ 1878 թվականին նրանց միջև սկսվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Մեկ տարի անց՝ Ուոթկինսի հիսնամյակի օրը, նրանք ամուսնացել են։ Ամուսիններն ունեցել են երկու երեխա՝ 1881 թվականին ծնվել է դուստրը՝ Ջուլիան և 1883 թվականին որդին՝ Քոլինզը[6]։
Ուոթկինսը հաճախ է լուսանկարել Յոսեմիթեն և հսկայական ազդեցություն ունեցել քաղաքագետների վրա, երբ քննարկել է այս բնական վայրի՝ որպես ազգային պարկի պահպանությունը։ Ուոթկինսի լուսանկարների շնորհիվ Յոսեմիթե հովիտը դարձել է խորհրդանշական բնական հուշարձան, շատերը ցանկություն են ունեցել այցելել այնտեղ։ Բացի այդ, այս պատկերները նպաստել են Յոսեմիթե ազգային պարկ վերածվելուն։ Սենատոր Ջոն Քոննեսը Ուոթկինսի նկարները ներկայացրե է Կոնգրեսում[13]։ Նկարները շահագրգռել են նախագահ Աբրահամ Լինքոլնին, և նա 1864 թվականին ստորագրել է Յոսեմիթյան դրամաշնորհ, օրինագիծ, որով Յոսեմիթե հովիտը ճանաչվել է անձեռնմխելի։ Օրինագիծը ճանապարհ է բացել 1872 թվականին Ելոուսթոուն ազգային պարկի և ԱՄՆ ազգային պարկերի ամբողջ համակարգի ստեղծման համար[9]։ Յոսեմիթեի բազմաթիվ լեռներից մեկը կոչվել է Ուոթկինս՝ ի պատիվՅոսեմիթյան հովտի պահպանության գործում Ուոթկինսի մասնակցության[6]։
1864 թվականին Լինքոլնի ընդունած օրենքը հաճախ դիտվել է որպես շրջակա միջավայրի պաշտպանության սկիզբ ամերիկյան քաղաքականության մեջ, և Ուոթկինսի աշխատանքն այս գործընթացի կարևոր մասն է, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Յոսեմիթեի պահպանման և ազգային պարկերի համակարգի ստեղծման սկզբի վրա։ Ուոթկինսի լուսանկարները բնությունը պատկերել են այնպես, որ գրավել են ամերիկացիների ուշադրությունը։ Նա ստեղծել է վայրի բնության վսեմ պատկերներ, մարդու կողմից անձեռնմխելի լանդշաֆտներ։ Այս պատկերները դարձել են սրբապատկերներ, որոնք օգնել են առաջ տանել շրջակա միջավայրի պահպանության իդեալները[13]։
Ուոթկինսը լուսանկարել է Կալիֆոռնիայի հսկայական սեքվոյա ծառերից մեկը, որը կոչվում է Giant Grizzly: Այս լուսանկարն արվել է նրա մամոնտ-թիթեղներից մեկի օգտագործմամբ՝ թույլ տալով լուսանկարչին որսալ ամբողջ ծառն այնպես, ինչպես նախկինում հնարավոր չէր։ Ուոթկինսը, բացի աննախադեպ պատկերներ ստեղծելուց, արդեն շատ հայտնի էր, և լուսանկարչությունն արագորեն հանրաճանաչություն է ձեռք բերել։ Մինչ Ուոթկինսը պաշտպանում էր ծառերի պահպանումը, նրա լուսանկարներն ամերիկյան հասարակության մեջ նպաստել են տուրիզմի զարգացմանը, ինչը, իր հերթին, հանգեցրել է ավելի լայն առևտրայնացման և, որպես արդյունք, հսկա սեքվոյաների պակասելուն[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլթոն Ուոթկինս» հոդվածին։ |
|