Կասպիական նեղմատ գեկոն |
---|
Cyrtopodion caspius |
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Կենդանիներ
|
Տիպ
|
Քորդավորներ
|
Դաս
|
Սողուններ
|
Կարգ
|
Թեփուկավորներ
|
Ենթակարգ
|
Մողեսներ
|
Ընտանիք
|
Գեկոններ
|
|
Լատիներեն անվանում |
Cyrtopodion caspius
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
|
Կասպիական նեղմատ գեկոն (լատին․՝ Cyrtopodion caspius), գեկոնների ընտանիքի նեղմատ գեկոնների (լատին․՝ Cyrtopodion) ցեղի մողես։ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի (Մեղրի) մարզերում և Երևանում։ Հայաստանի ֆաունայի ներմուծված տեսակներից է։ Կասպիական գեկոն, որպես կանոն, հանդիպում է երկաթգծերի երկայնքով, շինությունների պատերին, քարե շինությունների փլատակներում։
Մարմնի երկարությունը 2,3-7,5 սմ է, պոչը գրեթե 1,2 անգամ երկար է, ինքնահատվող։ Մարմինն ու գլուխը լավ են տարանջատված միմյանցից, լայն են ու տափակած, դունչը՝ դուրս ցցված։ Աչքերը խոշոր են, բիբը՝ օվալաձև, ուղղահայաց, ուժեղ լուսավորվածության ժամանակ ունի ուղղահայաց ճեղքի տեսք։ Ծիածանաթաղանթը ոսկեգույն է, կոպերը, ձուլվելով, Կասպիական նեղմատ գեկոն առաջացրել են աչքը ծածկող թափանցիկ թաղանթ։ Ունեն լավ արտահայտված արտաքին ականջ։ Գլխի դիմային հատվածը պատված է բազմանկյուն, իսկ գանգայինը՝ տարբեր մեծության կլոր վահանիկներով։ Մարմնի մեջքային մակերեսը պատված է մանր, երկայնակի շարքեր կազմող, խոշոր բազմանկյուն, կատարավոր թեփուկներով։ Կոկորդային թեփուկները 2-3 անգամ փոքր են որովայնի բազմաթիվ թեփուկներից, որոնք ձևավորում են ցանցանման ծածկույթ։
Մեջքային մակերեսի ընդհանուր գորշավուն գունավորման վրա արտահայտված են 5-6 շագանակագույն կտրտված լայնակի զոլեր, լայնակի զոլավոր նախշ ունի նաև պոչը։ Բերանի եզրից դեպի աչքերն ու ճակատը ձգվում են 4-6 զուգահեռ զոլեր։ Պարանոցի և իրանի մակերեսը ներքևից սպիտակ են։ Էգերն ավելի թաց են գունավորված։ Ձմեռում է աշնան կեսերից գարնան կեսերը։ Ամռանն ակտիվ է մթնշաղին և գիշերը։
Սնվում է մանր անողնաշարավորներով։ Օգտակար է. ոչնչացնում է շինությունների թունավոր սարդակերպներին և խավարասերներին։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի կեսից մայիսի վերջ։ Հունիսի կեսից սեպտեմբերի կեսին քարերի արանքում, ճեղքերում դնում է մինչև 1,3 սմ երկարության 1-2 ձու։ Երիտասարդ առանձնյակները ծնվում են հուլիս-սեպտեմբերին։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|