Կավանաբե Քյոսաի ճապ.՝ 河鍋暁斎 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1831[1][2][3] |
Ծննդավայր | Koga, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա[4] |
Մահացել է | ապրիլի 26, 1889[3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Գերեզման | Zuirin-ji |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և ukiyo-e artist |
Երեխաներ | Kawanabe Kyōun? և Kawanabe Kyōsui? |
Kawanabe Kyōsai Վիքիպահեստում |
Կավանաբե Քյոսաի (ճապ.՝ 河鍋 暁斎 մայիսի 18, 1831[1][2][3], Koga, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա[4] - ապրիլի 26, 1889[3], Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա), Կանո դպրոցի ճապոնացի նկարիչ, գրաֆիկ, նկարազարդող։ Հայտնի է նաև Գյոսաի Չիկամարո[5] անունով և Սեյսեյ Քյոսաի, Շուրանսայ, Բայգա Դուժին կեղծանուններով։
Ծնվել է 1831 թվականի մայիսի 18-ին Շիմոսա պրովինցիայում՝ սամուրայների ընտանիքում։ Մանուկ հասակում նրան տվել են Շուզաբուրո (ճապ.՝ 周三郎) անունը։ 1832 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Էդո (այժմ՝ Տոկիո), որտեղ նրա հայրը ծառայել է սյոգունում՝ որպես հրշեջ։
Վաղ տարիքից Քյոսային դրսևորել է գեղարվեստական ունակություններ։ 1837 թվականին, 6 տարեկանում, նա սկսել է սովորել նկարչություն հայտնի ուկիյո-է ոճի նկարիչ Ուտագավա Կունիյոշիի դպրոցում։ Երկու տարի անց՝ 1840 թվականին, նա մտել է Կանոյի դպրոցի նկարիչ Մաեմուրա Տովայի արվեստանոցը, որը նրան բառախաղային մականուն է տվել՝ Շուտու-գակի («Նկարչության դև»)։ Գակի բառը միջնադարյան բուդդայական դիցաբանության մեջ հավերժ քաղցած դևերի անունն է և այս բառը նաև նշանակում է «մանուկ», «չարաճճի»: Դեռ մանկուց Քյոսային առանձնացել է իր ինքնուրույն, կտրուկ ու քմահաճ բնավորությամբ։
1848 թվականին նա տեղափոխվել է Կանո Տոհակու Տանշին արվեստանոց՝ Կանոյի դպրոցի գլխավոր մասնաճյուղը, որտեղ նկարել է իր առաջին հայտնի գործը՝ Բիշամոնը։ 1849 թվականին նա ավարտել է իր պաշտոնական ուսուցումը և ստացել Կանո Տոյկու Նորիյուկի գեղարվեստական անունը[5]։
Դպրոցն ավարտելուց հետո Քյոսաին ընդունվել է նկարիչ Ցուբոյամա Տոզանի մոտ, սակայն 1852 թվականի վերջին նրանք բաժանվել են Քյոսաիի անառակ պահվածքի պատճառով։ 1854 թվականին, իր վաղ ուսուցիչների մահից հետո, նա խզել է կապը Կանոյի դպրոցի հետ և սկսել իր կարիերան։ Չնայած դրան, նա կանոնավոր կերպով հաճախել է Կանոյի դպրոցը մինչև 1859 թվականը, որտեղ շարունակել է սովորել։ Նա իր վաղ շրջանի աշխատանքները նկարել է այն ոճով, որը հայտնի է որպես Կյոգա (kyōga՝ խելագար պատկերներ), որտեղից էլ առաջացել է նրա սեփական անունը Քյոսաի։
1857 թվականին նա ամուսնացել է առաջին անգամ՝ Օկիյոյի հետ (ունեցել է չորս կին) և բացել իր սեփական խանութը։ 1860 թվականին ծնվել է նրա որդին՝ Շոզաբուրոն։
1863 թվականը նշանավորվել է որպես Քյոսաիի հիմնական աշխատանքի՝ տպագրություններ ստեղծելու շրջանի սկիզբ։ Այս ընթացքում նա ստեղծել է մոտ 60 գործ, այդ թվում՝ «Գյորետսու Տոկայդո» (ճապ.՝ 行列東海道) տպագրությունների շարքը, որը նվիրված է շոգունի՝ Կիոտո կատարած այցին, ինչպես նաև «Քյոսաիի հարյուր նկարները» կիոգայի շարքին (ճապ.՝ 狂斎百図): Կունիսադա Ուտագավայի և այլ նկարիչների հետ համագործակցելով՝ նա նկարազարդումներ է ստեղծել մի քանի պատմվածքների և վեպերի համար։ 1869-1872 թվականներին Քյոսաին մասնակցել է «Ճանապարհորդություն դժոխքի և դրախտի միջով» (ճապ.՝ 地獄極楽廻り図) ալբոմի ստեղծմանը, որը նվիրված է իր հովանավորին՝ ի հիշատակ վաղ հասակում մահացած դստեր։ Ստեղծագործությունները լցված են հումորի զգացումով և նպատակ ունեն ցույց տալ, որ հովանավորի մահացած դուստրը մասնակցում է հանդերձյալ աշխարհի տոնակատարությանը, որը բնակեցված է բացառապես գեղեցիկ և տաղանդավոր մարդկանցով[6]։
1870 թվականի հոկտեմբերին Քյոսաին մասնակցել է հոկուջին բանաստեղծ Կիկակուդո Ուջակուի գրքի հրատարակման տոնակատարություններին, որոնք տեղի են ունեցել ռեստորաններից մեկում։ Խնջույքի ժամանակ Քյոսաին բավականին հարբել է և մի քանի գծանկարներ է արել, որոնցում երգիծական տեսքով պատկերել է իշխանության ներկայացուցիչներին։ Շուտով նրան ձերբակալել են և բերման ենթարկել։ Նա այնտեղ պահվել է մի քանի ամիս, իսկ հետո՝ 1871 թվականի հունվարին, նախքան ազատ արձակվելը, դատապարտվել է մտրակի հիսուն հարվածի։ Բանտը բավականին ծանր վնաս է հասցրել նրա առողջությանը և մինչև 1871 թվականի վերջը նա չի նկարել։
XIX դարի վերջին Ճապոնիա են այցելել արևմտյան մշակութային հետազոտողներ և ազգագրագետներ, ովքեր հետաքրքրված են ճապոնական ավանդական գեղանկարչությամբ։ Քյոսաի Կանավաբեն ծանոթացել է նրանցից մի քանիսի հետ: Նրանց թվում է եղել ամերիկացի ազգագրագետ Էռնեստ Ֆենոլոսան և ֆրանսիացի արդյունաբերող և կոլեկցիոներ Էմիլ Գիմեն (տես․ Գիմեի թանգարան), որը այցելել է նրան 1876 թվականին և ավելի ուշ գրել իր հուշերը «Ճապոնական զբոսանքներ» (ֆր.՝ Promenades japonaises) էսսեում[7]: Քյոսաին ծանոթացել է նաև բրիտանացի ճարտարապետ Ջոսիա Կոնդերի հետ, որի հետ ընկերական հարաբերությունները պահպանվել են մինչև Քյոսաիի մահը՝ 1889 թվական։ 1911 թվականին վերադառնալով Անգլիա, Ջոսիա Կոնդերը գրել է «Կավանաբե Քյոսաիի նկարներ և ուսումնասիրություններ» գիրքը[8]:
Նկարչի գործերը արևմուտքում հայտնի են դարձել շոտլանդացի վիրաբույժ և ճապոնական արվեստի կոլեկցիոներ Ուիլյամ Անդերսոնի շնորհիվ, որը դրանք գնել է հեղինակից՝ ֆինանսապես օգնելով նրան։ Ներկայումս Անդերսոնի հավաքածուն կազմում է Բրիտանական թանգարանի ճապոնական նկարների առանցքը[9]:
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)