Կարևոր պատմություններ | |
---|---|
Важные истории | |
Երկիր | Ռուսաստան[1] և Լատվիա[2] |
Գլխավոր խմբագիր | Ռոման Անին[3] |
Հաստիքային լրագրողներ | 10 լրագրող |
Հիմնադրման թվական | ապրիլի 30, 2020[4][5] |
Հիմնադիր | Ռոման Անին[6] և Olesya Shmagun?[6] |
Լեզու | ռուսերեն[7] և անգլերեն[8] |
Գլխավոր գրասենյակ | Լատվիա |
Կարգախոս | Расследования – это модно |
Կայք | istories.media(ռուս.) և istories.media/en/(անգլ.) |
Կայքի հաճախելիություն | 2 988 000 մարդ (2020)[9] |
Կարևոր պատմություններ (ռուս.՝ Важные истории), ռուսական ինտերնետային պարբերական, որը զբաղվում է լրագրողական հետաքննություններով։
2020 թվականին հիմնադրել են «Նովայա գազետա» թերթի լրագրողներ Ռոման Անինը և Օլեսեյ Շմագունը[10]։
Մինչև 2020 թվականը Ռոման Անինը 10 տարի եղել է «Նովայա գազետա» թերթի հետաքննություններ բաժնի խմբագիրը[11]։ 2020 թվականին հիմնադրել է սեփական մեդիան, որը զբաղվում է հետաքննություններով[12]։
Սկզբնական շրջանում պարբերականը համատեղ աշխատում էր «Նովայա գազետա»-ի հետ, և նրանց նյութերը վերաբերվում էին ռուսական հիվանդանոցներ թոքերի արհեստական օդափոխության սարքավորումներ և COVID-19 արագ թեստեր անօրինական մատակարարելուն, 2020 թվականի գարնանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ կառավարության կողմից մեկանգամյա օգտագործման դիմակների արտադրության մենաշնորհին[13]։ Ավելի ուշ, լրագրողները հեղինակային հետաքննություններ հրապարակեցին ՌԴ-ում արտադրական թափոնների մշակման և օգտագործման, Վլադիմիր Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի և նրա նախկին փեսայի՝ Կիրիլ Շամալովի մասին[14], «Ո՞վ է կազմակերպել Նավալնու դեմ որսը» վերնագրով հետաքննությունը[15] և այլն։ 2021 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթեր» հետաքննությանը Ռուսաստանից մասնակցել են «Կարևոր պատմություններ»-ի լրագրողները[16]։
2021 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ արդարադատության նախարարությունը ԶԼՄ-ների «օտարերկրկա գործակալներ» գրանցամատյանում ներառեց Լատվիայում գրանցված Istories fonds իրավաբանական կազմակերպությանը, որը թողարկում է «Կարևոր պատմություններ»-ը, ինչպես նաև դրա գլխավոր խմբագիր Ռոման Անինին և պարբերականի լրագրողներ Ռոման Շլեյնովին, Ալեսյա Մարոխովսկայային, Իրինա Դոլինինային, Դմիտրի Վելիկովսկուն և Օլեսյա Շմագունին[17]։ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ելնելով օրենքի պահանջից, այդ գրանցամատյանում ներառվեց նաև «Կարևոր օտարերկրյա գործակալներ» կազմակերպությունը, որը ստեղծել էին «Կարևոր պատմություններ»-ի «օտարերկրյա գործակալներ» լրագրողները[18]։
«Կարևոր պատմություններ»-ը իրենց հետաքննությունները հրապարակում են փաստագրական ֆիլմերի և կարճ հոլովակների տեսքով Յություբ ալիքում, ինչպես նաև ռեպորտաժների, հարցազրույցների և տեքստային տարբերակով՝ իրենց կայքում[19]։ «Կարևոր պատմություններ»-ի կայքը հեղինակների կողմից ներկայացվում է նաև որպես հետաքննական լրագրության տեխնոլոգիաների վարպետաց դասերի հարթակ[20]։ Պարբերականն իր նյութերը հրապարակում է նաև Տելեգրամ, ՎԿ, Ինստագրամ, GitHub, Թվիթթեր և Ֆեյսբուք հարթակներում։
«Կարևոր պատմություններ»-ը գրանցված է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն և սեփականատեր չունի[10]։ Ըստ խմբագիրների՝ հետաքննությունների համար միջոցները պարբերականը ստանում է քրաուդֆանդինգից և նվիրատվություններից[21]։ Ըստ հեղինակների՝ պարբերականը շեշտը դնում է ապացուցելիության և առաջնային աղբյուրների տրամադրման վրա, որոնց հիման վրա ընթերցողը կարող է ստուգել նյութի իսկությունը, ինչպես նաև կարևորվում է այլ անկախ պարբերականների հետ համագործակցությունը[22]։ Որոշ հետաքննություններ հիմնված են անանուն աղբյուրներից ստացված գաղտնի տվյալների վրա[23]։
«Znak» պարբերականը նշում է, որ «Կարևոր պատմություններ»-ն իրենց գործունեության պատճառով ենթարկվում են ռուսական իշխանությունների ճնշմանը[24]։ Մասնավորապես, Վլադիմիր Պուտինի ընտանիքի մասին նյութի հրապարակումից հետո պարբերականի լրագրողների սոցիալական կայքերի հաշիվները հարձակման ենթարկվեցին[25]։ Անվտանգության նպատակներով պարբերականի գլխամասը տեղակայված է Ռիգայում, թեև բոլոր լրագրողներն աշխատում են Ռուսաստանից[26][27]՝ Մոսկվայից, Մագադանից, Յարոսլավլից և այլ քաղաքներից[28]։ 2021 թվականի ապրիլից գլխավոր խմբագրի տանը, ինչպես նաև պարբերականի խմբագրությունում՝ առանց խմբագիրներին տեղեկացնելու, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը խուզարկություններ է կատարել[29]։
2021 թվականի օգոստոսին պարբերականը 7 անգամ արժանացել է «Редколлегия» մրցանակի։