Տեսակ | շենք և վարչական կենտրոն |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Վայր | Սան Մարկո |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հարկեր | 4 |
Անվանված է | Լորեդան |
Սեփականատեր | Վենետիկ |
Հիմնադրված է | 13-րդ դար |
Իրադարձություններ | վերանորոգում |
Կա’ Լորեդան (իտալ.՝ Ca' Loredan) կամ Պալացցո Լորեդան (իտալ.՝ Palazzo Loredan), պալացցո (պալատ) Վենետիկի Սան Մարկո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա։ Գտնվում է Ռիալտո կամրջի մոտ։
Կառուցվել է 1200 թվականին և համարվում է քաղաքի ամենահին շինություններից մեկը[1]։ 1868 թվականից սկսած այստեղ և հարևանությամբ գտնվող Կա’ Ֆարսետտի պալացցոյի շենքում է գտնվում Վենետիկի քաղաքապետի նստավայրը։
Վենետիկում կա այս անունը կրող ևս մեկ կառույց (իտալ.՝ Palazzo Loredan in Campo Santo Stefano), որը գտնվում է Սանտո Ստեֆանո հրապարակի հարավային մասում։
Շենքը կառուցվել է 13-րդ դարում՝ որպես Բոկկասի ընտանիքի ապրանքների պահեստ։ Ըստ որոշ պատմաբանների՝ այն դարձել է Դոժ (դուքս) Յակոպո Կոնտարինիի նստավայրը 1280 թվականին։ Հետագա դարերում պալատն ընդարձակվել և մեծապես փոփոխվել է։ 1646 թվականին այս պալատում է ծնվել Ելենա Լուկրեցիա Կոռնարո Պիսկոպիան, որը պատմության մեջ է մտել որպես դոկտորի աստիճան ստացած առաջին կին (1678 թվականի հունիսի 25)։ Իրադարձությունը, որը միջազգային լայն հնչեղություն է ստացել, նշանավորվել է մարմարե հուշատախտակով։
1703 թվականին պալատը դարձել է Լորեդանի ընտանիքի սեփականությունը՝ Ջիրոլամո Կորների դստեր և Ջովանի Բատտիստա Լորեդանի ամուսնության միջոցով։ 1806 թվականին շենքն անցել է Կամպանյա Պեկկանայի կոմսուհու սեփականության տակ և վերածվել հյուրանոցի։ 1867 թվականից այստեղ և հարևանությամբ գտնվող Կա’ Ֆարսետտի շենքում է գտնվում Վենետիկի քաղաքապետարանը[2]։ Վերակառուցումը փոքր-ինչ փոխել է շենքի ներքին հատակագիծը[3]։
Պալացցո Լորեդանն ի սկզբանե բյուզանդա-վենետիկյան ոճով (bizanto-veneto) կառուցված շինություն էր։ Այն Մեծ ջրանցքի այն շենքերից է, որոնք, չնայած վերակառուցումների, պահպանել են իրենց սկզբնական տեսքն ավելի շատ, քան մյուսները։ Պալատի առաջին հարկում գտնվում է Խորհրդի դահլիճը, որտեղ պահվում են Բենեդետտո Կալիարիի, Գրեգորիո Լազցարինիի, Բոնիֆացիո Վերոնեզեի գեղանկարչական աշխատանքները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ Լորեդան» հոդվածին։ |