2012-2022 թվականներին Չինարեն Վիքիպեդիայի Ճըմաո (չինարեն՝ 折毛) մասնակցային անունով օգտատերը, հիմնականում չինարեն, բայց նաև Անգլերեն Վիքիպեդիաներում ստեղծել է ավելի քան երկու հարյուր փոխկապակցված հոդվածներ միջնադարյան Ռուսաստանի պատմության մտացածին իրադարձությունների մասին, ինչպիսիք են ռուսական իշխանների պայքարը Կաշին քաղաքի մտացածին արծաթի հանքավայրի տիրապետման համար և թաթարական խոշոր ապստամբությունները[1][2]։
Ճըմաոն օգտագործել է մեքենայական թարգմանություն՝ հասկանալու համար, թե ինչ է գրված ռուսալեզու աղբյուրներում և լրացրել է տեղեկատվության բացերը իր գեղարվեստական երևակայությամբ։ Նա խուսափել է մերկացումից՝ իրեն անվանելով պատմաբան՝ պատմական գիտության թեկնածու։ Աջակցություն ստանալու նպատակով ստեղծել է լրացուցիչ մասնակցային հաշիվներ և նրանց միջոցով հավատացրել է այլ մասնակիցների, որ այս հոդվածներում գրվածը հղվում է դժվարամատչելի աղբյուրների։
Հոդվածները, որտեղ միախառնված են եղել պատմական տվյալները ֆանտազիայի հետ, գրվել են մանրամասն և հղվել են աղբյուրների, սակայն այդ հղումներից մի քանիսը կեղծ են եղել։ Օրինակ, Ճըմաոն վկայակոչել է նախահեղափոխական պատմաբան Սերգեյ Սոլովյովի «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից» 29 հատորանոց չինարեն թարգմանությունը, որն իբրև հրատարակվել է 1983 թվականին[2]։ Կաշին քաղաքի մտացածին արծաթի հանքի շուրջ կառուցվել է կեղծ հոդվածների ցանց, որտեղ իբրև թե աշխատել են 30,000 ստրուկներ և 10,000 խաղաղ բնակիչներ, և երկար պատերազմ է մղվել Մոսկվայի և Տվերի միջև այս հանքին տիրանալու համար։ Ամենաերկար հոդվածը, որը մոտենում է վեպի երկարության, նկարագրում է 17-րդ դարի թաթարական երեք ապստամբությունները, դրանց ազդեցության մասին Ռուսաստանի վրա։ Հոդվածը լրացվել է Ժեմաոյի գծած քարտեզով։ Այս հոդվածները պարունակել են մանրամասն տեղեկություններ պատմական մետաղադրամների և սպասք մասին, որոնք իբր լուսանկարել են ռուս հնագետներ[3][4]։ Ճըմաոյի Խորհրդային միությունում 1920-1930-ական թվականներին չինացիների (փաստացի) արտաքսման մասին հոդվածը չինարեն Վիքիպեդիայում ճանաչվել է որպես «ընտրված հոդված» և թարգմանվել անգլերեն, ռուսերեն և արաբերեն Վիքիպեդիաներում (կեղծիքների բացահայտումից հետո այս հոդվածները ջնջվել կամ վերաշարադրվել են զրոյից)։
Ճըմաոն սկսել է պատմական կեղծիքներ հրապարակել 2010 թվականին, առաջին հոդվածը Ցին դինաստիայի կոռումպացված պաշտոնյա Հեշենի երևակայությամբ զարդարված կենսագրությունն է եղել։ Երկու տարի անց նա անցել է Ռուսաստանի պատմությանը՝ սկզբում Ալեքսանդր I-ի կենսագրությանը, այնուհետև՝ միջնադարյան սլավոնական պետությունների պատմությանը։ Ավելի ուշ Ճըմաոն բացատրել է, որ ինքը հորինել է պատմական իրադարձություններ՝ լրացնելու նախկին կեղծիքների բացերը[1]։
Ճըմաոն շահել է մյուս խմբագիրների վստահությունը, ներկայացել է, որ պատմական գիտությունների թեկնածու է, որն ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, որ Ռուսաստանում չինացի դիվանագետի հետնորդ է և որ ամուսինը ռուս է։ Չինարեն Վիքիպեդիայում նա ստացել է Վիքիպեդիայի մրցանակ իր աշխատանքի համար։ Լրացուցիչ հաշիվներ է ստեղծել և աջակցության պատրանք ստանալու համար շփվել նրանց հետ Վիքիպեդիայի էջերում։ Կեղծ հաշվետերերից մեկը ներկայացել է որպես Պեկինի համալսարանի Ռուսաստանի պատմության ասպիրանտ, որը պնդել է, որ ճանաչում է Ճըմաոյին Վիքիպեդիայից դուրս։ Այս հաշիվներով նա նաև Ցին դինաստիայի և Պուտինի շրջանի Ռուսաստանի մասին կեղծ տվյալներ է ավելացրել հոդվածներում[1]։
2022 թվականին չինացի առցանց վիպասան, վիքիպեդիստ Յիֆանը (չինարեն՝ 伊凡) իր գրքի համար նյութեր հավաքելիս պատահաբար հանդիպել է հոդվածների այս ցանցին և հետաքրքրվել «Կաշինի արծաթի հանքավայրի» պատմությամբ, որտեղ նկարագրված են եղել ընդերքի կազմության, հանքի կառուցվածքի և տեխնոլոգիական գործընթացների մանրամասները։ Նա պարզել է, որ Ռուսերեն Վիքիպեդիայի զուգահեռ հոդվածները շատ ավելի կարճ են կամ բացակայում են, որ չինարեն հոդվածներում միջնադարյան հանքարդյունաբերության մեթոդի մասին տեքստը «հաստատող» հղումը տանում է հանքավայրերի մոդելավորման ժամանակակից համակարգչային ծրագրի, որ Կաշին քաղաքը գոյություն ունի, իսկ արծաթի հանք չի եղել։ Յիֆանը խնդրել է ռուսալեզու ծանոթներին ստուգել մանրամասները՝ որոշ հղումներ չեն համապատասխանել գրվածին, իսկ գրքերի էջերն ու հրատարակությունները գոյություն չեն ունեցել։ Սլավոնական ժողովուրդների ճակատամարտերի մասին Ճըմաոյի ծավալուն հոդվածների հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք բացակայում են ռուսական պատմագրությունից։ 2022 թվականի հունիսին Յիֆանը հրապարակել է իր հետաքննությունը չինական Ժիհու՝ հարցուպատասխանի ֆորումում[2][5]։
Նույն ամսին Ճըմաոն ներողություն է խնդրել Անգլերեն Վիքիպեդիայում և բացատրել, որ իր գործողությունները, ի սկզբանե չարամիտ չեն եղել և դուրս են եկել վերահսկողությունից։ Նա ասել է, որ տնային տնտեսուհի է, պատմության կրթություն չունի, ռուսերեն և անգլերեն վարժ չի կարդում։ Չկարողանալով կարդալ սկզբնաղբյուրները՝ նա իր երևակայության օգնությամբ «բարելավել է» մեքենայական թարգմանչի աշխատանքը, որը վերաճել է ընդարձակ գրական տեքստեր գրելուն։ Ճըմաոն ենթահաշիվների օգտագործումը, երևակայական ընկերներ ձեռք բերելը վերագրում էր ամուսնու աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով իր միայնակությանը և իրական կյանքում հաղորդակցության բացակայությանը։ Նա ներողություն է խնդրել ռուս պատմաբաններից, որոնց հետ ընկերացել էր և որոնց պահվածքը կրկնօրինակել էր, և խոստացել է հոդվածներ գրելը շարունակելու փոխարեն զբաղվել ձեռքի աշխատանքով[2]։
Վիքիպեդիստներն ուսումնասիրել են Ճըմաոյի ներդրումները ավելի քան 300 հոդվածներում՝ երբեմն դիմելով փորձագետներին՝ փաստերը գեղարվեստականից տարանջատելու համար։ Նրա հոդվածների մեծ մասը ջնջվել է, և լրացուցիչ հաշիվներ արգելափակվել են, հիմնական հաշիվն արգելափակվել է Չինարեն Վիքիպեդիայում[1][2][6]։ Ճըմաոյի կեղծիքները ճանաչվել են որպես Վիքիպեդիայի պատմության մեջ ամենախոշորներից մեկը։ Դրանք հնարավոր են դարձել շնորհիվ այն բանի, որ Վիքիպեդիայի փորձառու խմբագիրները սովորաբար ստուգում են հոդվածում հեղինակավոր աղբյուրներին հղումների առկայությունը և ակնհայտ կեղծ տեղեկատվության բացակայությունը, բայց չեն ստուգում Վիքիպեդիայի տեքստի համապատասխանությունը դժվար գտնվող սկզբնաղբյուրների տեքստի հետ։ Չինարեն Վիքիպեդիայի անդամները դժգոհել են, որ նրա խաբեությունը վնասել է Վիքիպեդիային հեղինակությանը Engadget տեխնոլոգիական հրատարակչությունը Ճըմաոյի պատմությունը համեմատել է 2007 թվականի Վիքիպեդիայում մեկ այլ սկանդալի հետ, երբ Essjay մասնակիցը, որ ուսանող էր՝ ներկայանացել էր որպես պրոֆեսոր[4]։
Որոշ մեկնաբաններ Ճըմաոյին անվանել են «չինական Բորխես»` նկատի ունենալով, որ արգենտինացի գրողը հայտնի է իր գրական կեղծիքներով[1][3][7]։ Շատ մեկնաբաններ նշել են, որ դատելով Ճըմաոյի տեքստերի որակից` նա կարող էր միջնադարյան Ռուսաստանի դեպքերի մասին կարող էր վեպ կամ ֆիլմի սցենար գրել[3][4]։