Կետի Կոտի (the chains are cut, շղթաները կտրված են), Սուրինամում ստրկության վերացման օրվան նվիրված տոն։ Նշվում է հունիսի 30-հուլիսի 1-ը[1]։ Այդ օրն անց է կացվում Maspasi կամ Prisiri տոնական փառատոնը։ Վերջերս տոնն ստացել է պաշտոնական «Ազատների օր» անվանումը[2]։ «Հոլանդական թոփ-100 ավանդույթների» շարքում այս տոնը 58-րդ տեղում է[3]։
Ստրկությունը Սուրինամում և Նիդերլանդական Անտիլներում վերացել է 1863 թվականի հուլիսի 1-ին։ Սակայն ստրուկներն իրական ազատություն են ստացել միայն 1873 թվականին, այսպես կոչված տասնամյա անցումային շրջանից հետո, որի ընթացքում ստրուկներն ստիպված էին աշխատել նույն պլանտացիաներում, չնայած չէին ենթարկվում կտտանքների[4]։ Անցումային շրջանի ավարտից հետո, 1873 թվականին, նախկին շատ ստրուկներ թողել են պլանտացիաներն ու տեղափոխվել Պարամարիբո քաղաք։
Կետի Կոտի տոնը Սուրինամում անց է կացվում ստրկության վերացումից հետո ամեն տարի։ Այն կոչվում է Ազատների օր և վեր է ածվել ոչ թե միայն ստրուկների ժառանգների, այլ` համընդհանուր տոնի։ Մայրաքաղաքում անց է կացվում գունագեղ փառատոն` շքերթով, որի մասնակիցները կրում են ավանդական հագուստ։
Նիդերլանդների Կրեոլները, աֆրո-սուրինամցիներն ու աֆրո-անտիլցիները ևս հուլիսի 1-ին նշում են այս տոնը։ Ամստերդամի Օստերպարկերսում 2002 թվականի հուլիսի 1-ին տեղադրվել է Ազգային հուշարձան` նվիրված ստրկության վերացմանը։ 2013 թվականին ստրկության վերացման առթիվ հուշարձան է տեղադրվել նաև Ռոտերդամում։ Նիդերլանդներում Կետի Կոտի տոնը պաշտոնապես նշվում է 2009 թվականից[1]։