Կիմ Դոն Ին | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1900[1] |
Ծննդավայր | Փհենյան, Կորեական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1951[1] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ԿԺԴՀ |
Կիմ Դոն Ին (կորեերեն՝ 김동인, հոկտեմբերի 2, 1900[1], Փհենյան, Կորեական կայսրություն - հունվարի 5, 1951[1], Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի գրող։
Եղել է հարուստ հողատերերի որդի։ Որոշ ժամանակ հաճախել է քրիստոնեական դպրոց, 1914 թվականին սկսել է ուսանել Տոկիոյի ինստիտուտում, 1915 թվականին տեղափոխվել Մեյձի ակադեմիա (Տոկիո)։ Հոր մահվան պատճառով նա 1917 թվականին վերադարձել է Կորեա և ժառանգել նրա հարստությունը։ Հաջորդ տարի նա ամուսնանացել է և մեկնել Ճապոնիա՝ ուսումը շարունակելու քոլեջում, որտեղ սովորել է գեղագիտություն[2]։ Այն բանից հետո, երբ Տոկիոյում սովորող կորեացի ուսանողներն ստորագրել են «Անկախության հռչակագիրը», Ճապոնիայի իշխանությունները ձերբակալել են մի շարք ուսանողների, այդ թվում պատահականորեն հայտնվել է նաև Կիմ Դոն Ինը[3]։ Տարվելով «արվեստն արվեստի համար» գաղափարով՝ 1919 թվականին Կորեայում սկսել է հրատարակել «Չհանջո» («Արվեստ») ամսագիրը, որում տպագրել է իր առաջին պատմվածքը՝ «Թույլ մարդու վիշտը»։
Լինելով ժողովրդական խոսքի փայլուն ոճաբան և գիտակ՝ Կիմ Դոն Ինը նշանակալի դեր է խաղացել ժամանակակից պատմվածքի ժանրի զարգացման գործում։ Նրա առավել հայտնի գործերից են նատուրալիստական պատմվածքները՝ «Հրաժեշտի երաժշտություն» (1921), «Կատաղի սոնատ» (1930), «Հայրենիքը կորցրած մարդու նոթեր» (1946) պատմվածքների շարքը և «Կին» (1930-932), «Իլչի Մունդոկ» (1946) վեպերը (հիմնականում պատմական) և այլն։ 1920-1930-ական թվականներին սկտիվորեն դեմ է հանդես եկել Կորեայի պրոլետարական արվեստի ֆեդերացիային[4]։
1927 թվականին ավարտվել է Կիմ Դոն Ինի կարողությունն սպառվել է, և կինը հեռացել է նրանից։ Կրկին ամուսնացել է և աշխատել Չոսոն Իլբո թերթում։ 1938 թվականին բանտարկվել է Ճապոնիայի կայսերը վիրավորելու համար[2]։
Կիմ Դոն Ինը շատ առումներով իր արվեստը հակադրել է Լի Գվանսուի դիդակտիզմին։ Կորեերեն լեզվի նորարար է։ Նրա հայտնի պատմվածքներից են՝ «Ձկնորսի երգը», «Նամակ և լուսանկար»։ Քննադատի կողմից ամենաշատ քննարկված ստեղծագործություններից է «Կարտոֆիլ» նատուրալիստական պատմվածքը («Կամչա», 1925)[5]։
1955 թվականին Sasangye ամսագիրը սահմանել է Դոն Ինի գրական մրցանակ[6]։
|