Կիևի Նիկոլայ Լիսենկոյի անվան երաժշտական դպրոց | |
---|---|
Տեսակ | երաժշտական դպրոց և միջնակարգ դպրոց |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Նիկոլայ Լիսենկո |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կիև |
Կայք | lysenko-school.org(ուկր.) |
Ուկրաինայի Պյոտր Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիային կից Կիևի Նիկոլա Վիտալևիչ Լիսենկոյի անվան պետական երաժշտական լիցեյ (ուկրաիներեն՝ Київський державний музичний ліцей імені М. В. Лисенка), միջնակարգ մասնագիտական երաժշտական ուսումնարան Կիևում[1][2][3]։ Ուկրաինայի այս ձևաչափի չորս դպրոցներից մեկն է։ Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել բարձր որակավորմամբ երաժիշտներ։ Դպրոցում աշակերտները հատուկ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են ընդհանուր միջնակարգ կրթություն։
1934 թվականին Կիևի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (այժմ՝ Ուկրաինայի Պյոտր Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա) շնորհալի երեխաների համար բացվել է տասնամյա երաժշտական միջնակարգ դպրոց՝ որպես մասնագիտական ուսումնական հաստատություն։ 1944 թվականին դպրոցն անվանակոչվել է ուկրաինական պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի հիմնադիր, կոմպոզիտոր Նիկոլայ Վիտալևիչ Լիսենկոյի անունով։
Իր գոյության ընթացքում դպրոցը պատրաստել է ավելի քան 3000 միջազգային և համաուկրաինական մրցույթների հաղթողներ։ Դպրոցում դասավանդել են երաժշտության այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք են Կոնստանտին Միխայլովը, Աբրամ Լյուֆերը, Արսենի Յանկելևիչը, Ի. Սլիվակը, Վիլհելմ Յաբլոնսկին։ Այս պահին դպրոցում աշխատում են Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամներ, Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիրներ, Ուկրաինայի ժողովրդական արտիստներ, Ուկրաինայի վաստակավոր արտիստներ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչներ, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչներ, պրոֆեսորներ, դոցենտներ, գիտության դոկտորներ, գիտության թեկնածուներ։ Ավելի քան 35 տարի դպրոցը ղեկավարել է Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, Ուկրաինայի Պյոտր Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Վալենտին Աֆանասևիչ Շերստյուկը։ 2019 թվականի հունիսից դպրոցի տնօրենն է Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, մշակութագիտության դոկտոր, պրոֆեսոր Ս. Մ. Վոլկովը։ Դպրոցին աջակցելու և ավանդույթները պահպանելու նպատակով, Ս. Մ. Վոլկովի նախաձեռնությամբ Նիկոլայ Լիսենկոյի անվան լիցեյի կրթական համակարգը ընդգրկվել է Ուկրաինայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի ազգային ցուցակում։