Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կլոդ Էստեբան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1935[1] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 10, 2006[3] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Պարգևներ |
Կլոդ Էստեբան (հուլիսի 26, 1935[1], Փարիզ, Ֆրանսիա[2] - ապրիլի 10, 2006[3], Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ։
Ծնվել է 1935 թ. հուլիսի 26-ին՝ Փարիզում ապաստանած իսպանացի հանրապետական ծնողներից։ Հեղինակ է բանաստեղծությունների, էսսեների և թարգմանությունների բազմաթիվ ժողովածուների։ Զբաղվել է հրատարակչությամբ՝ զուգահեռ դասավանդելով Սորբոնի Իսպանական գրականության բաժնում։ 1974-81 թթ. գլխավորել է Maeght հրատարակչության «Կավ» շքեղ ամսագիրը, իսկ 1984-93 թթ. հիմնադրել և գլխավորել է Flammarion հրատարակչության Պոեզիայի բաժինը։ Նմանապես 1998-2004 թթ. ղեկավարել է Գրողների տունը։ 2001 թ. արժանացել է Պոեզիայի Գոնկուր մրցանակին՝ իր «Մի պատառ երկինք, գրեթե ոչինչ» բանաստեղծությունների ժողովածուի համար։ Արժանացել է և մի շարք այլ մրցանակների՝ Մալլարմեի ակադեմիայի մրցանակին (1984), Ֆրանսիական Մշակույթի մրցանակին (1991), Գրականագետների միության Պոեզիայի մեծ մրցանակին ( 1997)։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ավարառության եղանակը» լույս է տեսել 1968 թ., որին հաջորդում են նրա բանաստեղծությունների մյուս ժողովածուները՝ «Երկրներ, սրտի աշխատանքներ» (1979), «Մարմնի և պարտեզի իրադրություն» (1983), «Անուն և կացարան» (1985), «Բիրտ մահվան էլեգիա» (1989), «Ինչ-որ մեկը սկսում է խոսել» (1995), «Օտարականը դռան առջև» (2001), «Վերջին հողակտորի վրա» (2001) և այլն։
Նրա արձակն ու էսսեները մեծիմասամբ նվիրված են լեզվին, պոեզիային կամ նկարչությանը. «Ամենայն տեղից դուրս մի տեղ» (1979), «Հետքեր, պատկերներ, ճանապարհորդություններ» (1985), «Բանաստեղծական բանականության քննադատություն» (1987), «Ընթերցված իրեր» (1988), «Բառերի մասնատումը» (1990), «Արև` դատարկ սենյակում» (1991), «Այն, ինչը վերադառնում է ի լռություն» (2004) և այլն։
Կատարել է և բազմաթիվ թարգմանություններ՝ դասականներից կամ իսպանալեզու ժամանակակիցներից (Խորխե Լուիս Բորխես, Ֆրանցիսկո Քևեդո, Լուիս դը Գոնգորա, Անտոնիո Մաչադո, Օկտավիո Պաս և այլն)։
Իր վերջին ժողովածուն՝ «Ճիգով գրված մի օր, 1967-1992» (2006), բաղկացած է 1967-1992 թթ. միջև հրատարակված չորս հիմնական ժողովածուների ընտրանուց։
Մահացել է 2006 թ. ապրիլի 10-ին։
|