Կլոդ Ռենուար ֆր.՝ Claude Renoir | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1913[1] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1993[2][3][1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Տրուա[3][1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ և պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Պիեր Ռենուար[3], մայր՝ Véra Sergine?[3] |
Երեխաներ | Jacques Renoir? և Sophie Renoir? |
Կլոդ Ռենուար (ֆր.՝ Claude Renoir. դեկտեմբերի 4, 1913[1], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] - սեպտեմբերի 5, 1993[2][3][1], Տրուա[3][1]), ֆրանսիացի կինոօպերատոր։ Նկարիչ Օգյուստ Ռենուարի թոռն էր, կինոռեժիսոր Ժան Ռենուարի եղբորորդին։
Ծնվել է դերասաններ Պիեռ Ռենուարի և Վերա Սերժինի ընտանիքում։ 19 տարեկանում որպես օպերատորի օգնական մասնակցել է հորեղբոր՝ Ժան Ռենուարի Գիշերը խաչմերուկում» ֆիլմի նկարահանումներին, որից հետո երկու տարի հատկացրել է ուսումնառությանը։ Սովորել է Ժան Բաշլեից, Մորիս Լյուսիենից, Բորիս Կաուֆմանից, Քրիստիան Մատրայից։ Այնուհետև կինոռեժիսոր հորեղբոր հետ համագործակցելով՝ օպերատորական լավագույն աշխատանքով աչքի է ընկել նրա հետ նկարահանած «Տոնի», «Զբոսանք քաղաքից դուրս», «Գետը», «Ոսկե կառքը» ֆիլմերում։
Հետագայում աշխատել է նաև այլ կինոռեժիսորների՝ Ռոժե Վադիմի («Հաճույքից մեռնել», «Որս», «Բարբարելլա», «Հավատարիմ կինը»), Մարսել Կառնեի («Խաբեբաները», «Ամայուտը»), Պիեռ Գրանիե-Դեֆերի («Փարիզն օգոստոսին», «Զինվորական բժիշկը»), Ժան-Պոլ Ռապնոյի («Կրկնված ամուսնություն»), Կլոդ Զիդիի («Թևիկ կամ տոտիկ», «Հրեշը», «Պառակտում») հետ։
1977 թվականին Կլոդ Ռենուարը առաջադրվել է ֆրանսիական ազգային «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն օպերատոր» անվանակարգում՝ «Դոկտոր Ֆրանսուազա Գայանա» և «Հավատարիմ կինը» ֆիլմերի նկարահանման ընթացքում իրականացրած օպերատորական աշխատանքի համար։
Կյանքի վերջին տարիներին կինոօպերատորը գրեթե լրիվ կուրացել էր։ Երբ մահացավ, լոնդոնյան «Թայմս» թերթը նրա մասին գրեց. «Գետը» ֆիլմում հնդկական տեսարանների նրա նրբաճաշակ արտացոլումը նպաստեց կինոյում բացելու մի նոր դարաշրջան, և գույնը ընդունվեց որպես մեծ կինեմատոգրաֆիստների աշխատանքին համապատասխանող միջավայր»[4]։
Ֆիլմի վերնագիրը | Թողարկման տարին |
---|---|
Տոնի | 1935 |
Փարիզի լույսերը | 1938 |
Սերենադ | 1940 |
Ժերիկո | 1946 |
Իդեալական զույգը | 1946 |
Երկու հրեշտակների դիլեման | 1948 |
Դոկտոր Լաենեկ | 1949 |
Մադամ Բատերֆլայ | 1954 |
Առաքելություն | 1955 |
Մի կյանք | 1958 |
Արյուն և վարդեր | 1960 |
Տերուելցի սիրահարները | 1962 |
Բարբարելլա | 1968 |
Տիկինն ավտոմեքենայում՝ ակնոցով ու հրացանով | 1970 |
Հավատարիմ կինը | 1976 |
Լրտեսը, որ սիրում էր ինձ | 1977 |
|