![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | The Beatles |
տարի | հուլիս 1966 |
բարձրություն | 76 սանտիմետր |
լայնություն | 100 սանտիմետր |
ժանր | աբստրակցիոնիզմ |
գտնվում է | Նյու Յորք |
Ծանոթագրություններ |
«Կնոջ պատկերներ» (անգլ.՝ Images of a Woman), որը հայտնի է նաև որպես «Տոկիոյի նկար», 1960-ական թվականների «Բիթլզ» փոփ խմբի անդամների ստեղծած նկարը[1][2]։ Հավանաբար, սա միակ նկարն է, որը ստեղծվել է խմբի անդամների համագործակցությամբ։
«Կնոջ պատկերները» համատեղ նկարել են «Բիթլզ» փոփ խմբի չորս անդամները՝ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը 1966 թվականի հուլիսին, Հեռավոր Արևելքում իրենց շրջագայության շրջանակներում Տոկիոյի Հիլթոն հյուրանոցի համարում, երեք գիշերների ընթացքում։ Մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, Ճապոնիայի իշխանությունները նախազգուշական միջոցներ են կիրառել, և խմբի ազատ շարժը որոշ չափով արգելափակվել է։ Ճապոնական շրջագայության փրոմոութեր Թաթս Նագաշիման նկարչական նյութեր էր բերել խմբին, որ նրանք հյուրանոցում արգելափակված ժամանակ զբաղվեն նկարչությամբ։ Խմբի հյուրախաղերի լուսանկարիչ Ռոբերտ Ուիտակերը զարմացել է[2], թե «որքան հանգիստ էին խմբի անդամները նկարելիս. ավելի հանգիստ, ավելի գոհ, քան այս պահին...»։ Նրանք կանգ էին առնում, գնում ելույթ ունենալու, և այնուհետև՝ «Եկեք վերադառնանք նկարին»[3][4]։
Նկարը տրվել է բարեգործական աճուրդի։ Այն ի սկզբանե գնել է «Բիթլզի» ճապոնական երկրպագուների ակումբի նախագահ Տեցուսաբուրո Շիմոյաման[1][2]։ 1990-ականների կեսերին այն վաճառվել է Օսակայում արվեստի դիլերին մոտ 191․000 դոլարով, իսկ 2002 թվականին կրկին հայտնվել է eBay կայքում։ Այն վաճառքի է հանել Philip Weiss Auctions-ը 2012 թվականին[5]։ 2012 թվականի սեպտեմբերին այն կրկին վաճառքի է հանվել Նյու Յորքի Philip Weiss Auctions ըմկերության միջոցով։ Նկարի նախնական աճուրդը գնահատվել է 80,000-ից 120,000 դոլար, բայց վաճառվել է 155,250 դոլարով, ներառյալ գնորդի հավելավճարը[1][2][6]:։
Բիթլզներից յուրաքանչյուրը նկարել է 76 × 100 սմ չափերով կտավի[7] մեկ անկյունում[3]։ Չնայած նկարի վերնագրին, այն չի պարունակում կնոջ որևէ կերպարային պատկեր։ Այն բաղկացած է վառ գույներով ֆոնի վրա յուղաներկով և ջրաներկով նկարված աբստրակտ նմուշներից։ Նկարելուց կտավի մեջտեղում լամպ է դրված եղել, երբ այն հանվել է, մնացել է դատարկ շրջան․ խումբն այդ տարածքն օգտագործել է իրենց ստորագրությունների համար[1][2]։
Հայտնի չէ, թե արդյոք Բիթլզները համագործակցությամբ որևէ այլ երփնանկար ստեղծել են թե ոչ, սակայն գրիչով և մատիտով նկարը, որը հայտնի է որպես «Խաղաղություն Մոնտերեյին», ստեղծվել է 1967 թվականին խմբի կողմից։ Չկարողանալով ներկա գտնվել կամ ելույթ ունենալ Մոնտերեյի փառատոնին, նրանք իրենց բարեմաղթանքներն են հղել կազմակերպիչներին թղթի վրա՝նկարի տեսքով[6]։