Կոզարա (սերբական կիրիլիցա՝ Козара), լեռնաշղթաԲոսնիա և Հերցեգովինայի արևմտյան մասում՝ Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Սահմանագծված է Սավա, Վրբաս, Սանա և Ունա գետերով։ 15 կիլոմետր մոտավոր լայնությամբ ձգվում է շուրջ 40 կիլոմետր։ Լեռնաշղթայի մեծ մասը պատկանում է Սերբական Հանրապետությանը և գտնվում է Պրիեդոր համայնքի տարածքում։ Ամենաբարձր գագաթը Լիսինան է, որի բարձրությունը ծովի մակերևույթից 978 մետր է[1]։
Լեռնաշղթայի մի ընդարձակ հատված ներառված է Կոզարայի ազգային պարկի տարածքում, որն զբաղեցնում է 3.520 հեկտար։ Ազգային այդ պարկը Եվրոպայի ազգային պարկերի ընկերակցության (ասոցիացիայի) անդամ է[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականի ամռանը հարավսլավականպարտիզանական մի ջոկատ, որին Կոզարայի լեռներում շրջափակել էին տասնապատիկ գերազանցող ֆաշիստական զորագնդերը, համառ ու անձնուրաց մարտեր է մղել այստեղ, մարտեր, որոնք հարավսլավական Դիմադրության շարժման և ազգային-ազատագրական պայքարի անքակտելի մասն են դարձել[3][4]։ 1972 թվականին Մռակովիցա սարի գագաթին գտնվող սարահարթում բացվել է Դուշան Ջամոնիի քանդակած հուշարձանը՝ նվիրված Կոզարայի պաշտպանական մարտերին մասնակցած պարտիզաններին և նրանց մոտ ապաստանած ու նույնպես զոհված շրջակա գյուղերի բնակիչներին։