Կոկցիդիոզ

Կոկցիդիոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՎարակ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
 Coccidiosis Վիքիպահեստում

Կոկցիդիոզ, էյմերիոզ, կաթնասունների, թռչունների, ձկների, նաև մարդու (հազվադեպ) ինվազիոն հիվանդություն։ Հարուցիչը կոկցիդիաներն են (միաբջիջ մակաբույծ կենդանիներ)։

Մարդկանց մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց կոկցիդիոզ առաջացնում են Isospora belli և Isospora hominis մակաբույծները։ Վարակը տեղի է ունենում, երբ սննդի և ջրի հետ օօցիստները ընկնում են մարսողական ուղիները։ Յուրաքանչյուր հասուն օօցիստ պարունակում է 8 սպորոգոիտ, որոնք մարդու աղիներում դուրս են զալիս օօցիստից, տեղադրվում էպիթելային բջիջներում, քայքայում այն, առաջացնում բորբոքումներ, հազվադեպ՝ խոցեր։ Նկատվում է տենդ (մինչև 39 °C), ախորժակի անկում, թուլություն, լուծ։

Բուժումը՝ սուլֆանիլամիդներ և հակապրոտոզոային միջոցներ։ Կանխարգելումը՝ հիգիենայի կանոնների պահպանում։

Կենդանիների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից կոկցիդիոզով հիվանդանում են խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ճագարները, շները, գյուղատնտեսական թռչունները (հավերը, հնդկահավերը, սագերը, բադերը), քաղցրահամ ջրերի և ծովերի ձկները, ինչպես նաև վայրի կաթնասունները և թռչունները։

Տարածված է գրեթե ամենուր, մեծ վնաս է պատճառում հատկապես թռչնաբուծությանը և ճագարաբուծությանը։ Սովորաբար կոկցիդիոզը բռնկվում է գարնանը և աշնանը։ Վարակի աղբյուրներն են՝ օօցիստներով աղտոտված խոտը, հողը, ցամաքարը, խմելու ջուրը ևն։ Բնորոշ նշաններն են՝ ընկճվածություն, ախորժակի անկում, հյուծում, լուծ, երբեմն՝ կաթված, մկանային ցնցում։ Հիվանդ կենդանիներին մեկուսացնում են։ Բուժական և կանխարգելիչ նպատակով օգտագործում են կոկցիդին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, բարելավում կերակրումը և խնամքը, պահպանում անասնաբուժա-սանիտարական և զոոհիգիենիկ կանոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 528
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։