Կոմսուհի դը Մոնսորո

Կոմս Բյուսի դ'Ամբրուազ
La Dame de Monsoreau (1913)

«Կոմսուհի դը Մոնսորո», Ալեքսանդր Դյումա հոր վեպը՝ հրատարակված 1846 թվականին։ Սա երկրորդ վեպն է հուգենոտյան պատերազմների մասին։ Քաջարի կոմս դը Բյուսիի և գեղեցկուհի Դիանա դը Մերիդորի ողբերգական սիրո պատմությունն է՝ խճճված քաղաքական ինտրիգներով, որոնք տեղի էին ունենում Ֆրանսիայում Հենրի Երրորդի օրոք, որի գահը ցանկանում էին խլել նրա հարազատ եղբայր Անժուի դուքսը՝ Ֆրանսուա Անժուացին, ինչպես նաև դը Գիզերը։

16-րդ դարի կեսեր, Ֆրանսիա։ Փարիզում կառավարում է Հենրի III Վալուան։ Արքան թույլ է ու թուլակամ, քմահաճ ու կրոնական, հակված չէ ակտիվորեն զբաղվել պետական գործերով ու չի վայելում ժողովրդի սերը։ Նա իրեն շրջապատում է իր ֆավորիտներով, որոնցից առանձնանում է իր ամենամտերիմ անձնական ընկերների՝ մինյոնների հնգյակը, որը գլխավորում է կոմս Քելյուսը։ Թագավորի մինյոններին հակադարձում են «անժուացիները»՝ 4 ազնվականներ Անժուի դքսի շքախմբից, որոնց գլխավորում է փայլուն կոմս դը Բյուսին` հայտնի իր սկանդալներով, պոեզիայով, ինչպես նաև բազմաթիվ սիրային արկածներով։ Արքունիքում ոչ շատ գործունյա քաղաքական գործիչներից է թագավորի անձնական ծաղրածու Շիկոն։ Նա բարեհոգի է, խելացի, հեռատես և հրաշալի սուսերամարտիկ, մեծ ազդեցություն ունի Հենրիի վրա և մշտապես ծածուկ կերպով խաղում է իր «խաղերը» թագավորի օգտին։ Հենրի Երրորդն ատում և վախենում է Բյուսիից, իսկ Շիկոն, ընդհակառակը, կոմսին վերաբերվում է ակնհայտ համակրանքով և անընդհատ արքային ակնարկում է, որ վատ չէր լինի Բյուսիին գրավել իրենց կողմը։ Անժուի դուքսը անժառանգ Հենրիից հետո պետք է ժառանգեր գահը, բայց նա ցանկանում է արագացնել իրադարձությունները։ Շիկոն պարզում է, որ դը Գիզերի կուսակցությունը, որոնք ղեկավարում են Կաթոլիկական Լիգան և մեծ ժողովրդականություն են վայելում կաթոլիկ փարիզցիների շրջանում, պատրաստում է հեղափոխություն և ֆրանսիական գահի նվաճում Գիզի կողմից։ Սակայն սկզբնական շրջանում նրանք նպատակահարմար են համարում օգտվել Անժուի դքսի աջակցությունից։ Հանուն դրա նրանք կազմակերպում են նրա օծումը որպես թագավոր, որով հավատացնում են դուքսին, որ պատրաստվում են գահը հանձնել նրան, որպես օրինական ժառանգորդի։ Դուքսի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ կոմս դը Մոնսորոն, ակտիվորեն մասնակցում է Անժուացու և Գիզերի գաղտնի գործերին, ինչի համար արքայազնը նրա համար թագավորից կորզում է գլխավոր որսապետի պաշտոնը։

Բախտի բերմամբ Բյուսին ծանոթանում է մի հրաշալի տիկնոջ հետ, որը պարզվում է Դիանա դը Մոնսորոն է, նախկինում՝ դը Մերիդոր։ Նրանք միանգամից սիրահարվում են։ Դիանան պատմում է Բյուսիին, որ առևանգվել է Անժուի դուքսի կողմից, որը հմայվել էր Դիանայով և ուզում էր նրան իր սիրուհին դարձնել։ Կոմս դը մոնսորոն, ով նույնպես սիրահարված էր Դիանային կազմակերպում է նրա փախուստը։ Կոմսը զզվելի էր Դիանային, բայց պատվազրկումը ավելի անտանելի էր, ուստի Դիանան ընդունում է կոմսի օգնությունը։ Մոնսորոն օրիորդին տանում է Փարիզ, որտեղ տեղավորում է մի փոքրիկ տան մեջ և որոշ ժամանակ անց, վախեցնելով արքայազնի հնարավոր պատիժներով, համոզում է ամուսնանալ իր հետ։ Բյուսին ցանկանում է օգնել Դիանային ազատվել ատելի ամուսնությունից։ Նա Փարիզ է բերում բարոն դը Մերիդորին, ում Մոնսորոն մոլորության մեջ էր գցել, ասելով, որ Դիանան մահացել է։ Քանի որ ամուսնությունն արդեն կնքվել էր, դրանից ազատվելու միակ միջոցն էր խնդրել թագավորին ամուսնությունը անվավեր ճանաչել։ Բյուսին դիմում է իր տիրոջը՝ Անժուի դուքսին՝ լիովին տեղյակ չլինելով կոմս դը Մոնսորոյի և արքայազնի միջև Դիանայի առևանգման և Գիզերի պայմանավորվածության ինտրիգների խորությանը։ Արքայազնը անմիջապես դավաճանում է Բյուսիին, երբ Մոնսորոն ակնարկում է իրենց կապող կեղտոտ գործերի մասին. ամուսնությունը անվավեր ճանաչելու գործը սկսելու փոխարեն, թույլ է տալիս Մոնսորոյին իր կնոջը ներկայացնել արքունիքին, ինչը վերջնականապես կօրինականացներ նրանց ամուսնությունը։ Դիանային արքունիքին ներկայացնելուց հետո, խանդելով արքայազնին, Մոնսորոն ուղարկում է կնոջը Մերիդոր՝ հոր մոտ։

Գիզերի հեղափոխության առաջին փորձը ձախողվում է Հենրի թագավորի կողմից՝ շնորհիվ Շիկոյի օգնության. թագավորը Կաթոլիկական լիգայի ղեկավարումը վերցնում է իր ձեռքը, իսկ Անժուի դուքսին տնային կալանքի տակ է դնում Լուվրում։ Դուքսը փախչում է Հենրի Նավարացու օգնությամբ, թաքնվում Անժուում և սկսում է պատրաստվել Փարիզի հետ պատերազմին։ Հենրի III-ը հրամայում է ձերբակալել բոլոր անժուացիներին, բայց վերջիններից հաջողվում է փախչել։ Շիկոն զգուշացնում է Բյուսիին հեռանալ Փարիզից, որն էլ կանգ է առնում Անժերում, Մերիդորի ամրոցից մի քանի մղոն հեռավորության վրա, և սիրահարները սկսում են հաճախակի հանդիպել։ Վերադառնալով Փարիզից Մոնսորոն բռնացնում է նրանց միասին զբոսնելիս, բայց չի ճանաչում Բյուսիին. նա կարծում է, որ Դիանային սիրահետում է արքայազնը։ Մոնսորոն որոշում է Դիանային Փարիզ վերադարձնել։ Հենց նույն ժամանակ Անժեր է գալիս արքայամայր Եկատերինը Մեդիչին, որպեսզի համոզի Անժուի դուքսին հրաժարվել ռազմական պլաններից։ Բյուսիի պնդման ներքո, ով ձգտում էր գնալ Փարիզ, դուքսը համաձայնում է։

Թագավորի մոտ ընդունելության ժամանակ Բյուսին ենթարկվում է ակնհայտ վիրավորանքի չորս մինյոնների կողմից և նրանց բոլորին մենամարտի հրավիրում։ Որպեսզի պահպանվի կողմերի հավասարությունը, պայմանավորվում են, որ Բյուսիի հետ միասին պետք է մենամարտեն նրա երեք անժուացի ընկերները։ Մենամարտի օրը նշանակվում է, զույգերը որոշվում են վիճակահանությամբ։ Բյուսիին բաժին է ընկնում դ'Էպերնոնը։

Գիզերը պլանավորում են Սուրբ ընծաների օրը գերի վերցնել թագավորին, ուժով նրանից կորզել գահից հրաժարվելու մասին թղթի վրա ստորագրությունը և ֆրանսիական գահին նստեցնել իրենց արքային։ Շիկոն ժամանակին իմանում է այս պլանների մասին և թակարդ է պատրաստում դավադիրների դեմ՝ փոխարինելով արքային տոնական երթի ընթացքում և նրա փոխարեն գնալով եկեղեցի, որտեղ նրան սպասում էին Գիզերը։ Նրանց դավադրությունը ձախողվում է երկրորդ անգամ։

Անժուի դուքսը իմանում է Բյուսիի և Դիանայի հարաբերությունների մասին։ Մասամբ խանդից, մասամբ վախից Բյուսիի նկատմամբ, ով ազդեցություն ուներ արքայազնի վրա, պատմում է այդ ամենը կոմս դը Մոնսորոյին և օգնում է որոգայթ նախապատրաստել Բյուսիի դեմ։ Թակարդի նախապատրաստմանը մասնակցում է նաև դ'Էպերնոնը, ով անչափ վախենում էր Բյուսիի հետ մենամարտելու հեռանկարից։ Բյուսիին, ով հետ մղեց թակարդը և ծանր վիրավորվեց, սպանում են Անժուի դուքսի հրամանով։ Դիանան փրկվում է շնորհիվ Բյուսիի ընկերոջ և թագավորի նախկին մինյոն դը Սեն-Լյուկի, որն էլ թագավորին տեղեկացնում է ահավոր սպանության մասին, որի ականատեսը ինքը դարձել էր։ մնացած երեք անժուացիների և երեք մինյոնների միջև մենամարտը տեղի է ունենում Բյուսիի սպանության հաջորդ օրը. նրանցից չորսը սպանվում են, իսկ ծանր վիրավոր դը Քելյուսը մահանում է մի քանի օր անց։ Ողջ է մնում միայն անժուացի Անտրագեն։ Ահա այսպես ավարտվում է դը Բյուսիի և Դիանա դը Մոնսորոյի սիրո պատմությունը, որը զարգացել էր քաղաքական պայքարի ֆոնի վրա։

Գլխավոր հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • կոմս Բյուսի դ'Ամբուազ (Լուի դը Կլերմոն)
  • Դիանա դը Մերիդոր (կոմսուհի դը Մոնսորո)
  • Հենրի III Վալուա
  • դուքս Ֆրանսուա Անժուացի
  • Շիկո - թագավորի ծաղրածուն, իմաստուն քաղաքական գործիչ

Երկրորդական հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • կոմս դը Մոնսորո - գլխավոր որսապետ, Դիանա դը Մերիդորի ամուսինը
  • վանական Գորանֆլո
  • արքայամայր Եկատերինա Մեդիչի
  • դուքս Հենրի դը Գիզ
  • Ժաննա դը Սեն-Լյուկ - մինյոն Սեն-Լյուկի կինը
  • Ռենե Օդուեն - բժիշկ, Բյուսիի ընկերը
  • Գերտրուդ - Դիանա դը Մերիդորի ծառան
  • դը Քելյուս - թագավորի մինյոններից
  • դը Շոմբերգ - թագավորի մինյոններից
  • դը Մոժիրոն - թագավորի մինյոններից
  • դ'Էպերնոն - թագավորի մինյոններից
  • դը Սեն-Լյուկ - թագավորի մինյոններից
  • դ'Անտրագե - Բյուսիի մտերիմներից
  • դը Ռիբեյրակ - Բյուսիի մտերիմներից
  • դը Լիվարո - Բյուսիի մտերիմներից

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կոմսուհի դը Մոնսորո»- 1913 թ., Ֆրանսիա, ռեժիսոր Մորիս Թոուրներ
  • «Կոմսուհի դը Մոնսորո»- 1913 թ., Ֆրանսիա, ռեժիսոր Էմիլ Շոտար
  • «Կոմսուհի դը Մոնսորո»- 1925 թ., Ֆրանիսա, ռեժիսոր Ռենե լե Սոմպտյեր
  • «Կոմսուհի դը Մոնսորո»- 1971 թ., (հեռուստասերիալ) Ֆրանսիա, ռեժիսոր Յաննիկ Անդրեյ
  • «Կոմսուհի դը Մոնսորո»- 1997 թ., (հեռուստասերիալ) Ռուսաստան, ռեժիսոր Վլադիմիր Պոպկով
  • «Կոմսուհի դը Մոնսորո»- 2008 թ., Ֆրանսիա, ռեժիսոր Միշել Խասան

Հետաքրքիր է, որ վեպի գրեթե բոլոր էկրանավորումներում Մոնսորոյի դերը կատարում էր տարիքով մեծ դերասան, Բյուսիից նկատելիորեն մեծ, չնայած իրականում Բյուսին և Մոնսորոն տարեկիցներ են եղել, իսկ գրքում Դյուման նկարագրում է Մոնսորոյին որպես 35 տարեկան տղամարդ։