Կոորդինացում (լատիներեն՝ coordinatio —կարգավորում, կանոնավորում), օրգանիզմի մասերի և օրգանների հարաբերական զարգացումը ֆիլոգենեզում։ Տերմինն առաջարկել է Ա. Սևերցովը։ Տարբերում են տեղագրական կոորդինացում, որն արտահայտվում է օրգանների կայուն փոխհարաբերությամբ, չնայած նրանց միջև անմիջական ֆունկցիոնալ կապ չկա։ Դինամիկ կամ կոնստրուկտիվ կոորդինացումը որոշվում է տարբեր օրգանների միջև եղած ֆունկցիոնալ կախման հաստատունությամբ (օրինակ՝ զգայական օրգանների և համապատասխան նյարդային կենտրոնների կամ թռչունների թռչող մկանների ու կրծոսկրի միջև)։ Կենսաբանական կոորդինացում կամ կոադապտացիա, որին պատկանում են Ժ. Կյուվիեի հաստատած կոռելյացիաների մեծամասնությունը։ Կոորդինացումը ֆիզիոլոգիայում, օրգանիզմի տարբեր օրգանների և համակարգերի համաձայնեցված գործունեություն, որը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգում դրդման և արգելակման պրոցեսների զուգորդմամբ։ Կոորդինացման օրինակ է որոշակի նյարդային կենտրոնների գործունեության ռեցիպրոկ (զուգորդված) հարաբերությունը, երբ մեկ կենտրոնի դրդումը առաջացնում է մյուսի արգելակում և ընդհակառակը։ Կոորդինացումն ապահովում է մկանային գործունեության ճշգրիտ կատարումը, ստեղծում արտաքին տարբեր իրադրություններին հարմարված ռեֆլեկտոր գործողություններ (շարժական, անոթային և այլն)։ Կոորդինացումը կատարվում է նյարդային կենտրոններում, կենտրոնական նյարդային համակարգի բոլոր բաժիններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 594)։ |