Կոռնել Ուեյսկի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1823[1][2] |
Ծննդավայր | Բերեմյանի, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1897[1][2] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պավլով, Powiat kamionecki, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Ռադեխովի շրջան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Անդամակցություն | Polish Democratic Party? |
Կուսակցություն | Լեհական ակումբ |
Պարգևներ | |
Kornel Ujejski Վիքիպահեստում |
Կոռնել Ուեյսկի (լեհ.՝ Kornel Ujejski, սեպտեմբերի 12, 1823[1][2], Բերեմյանի, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 1897[1][2], Պավլով, Powiat kamionecki, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ բանաստեղծ, դրամատուրգ և հրապարակախոս։
Ծնվել է 1823 թվականին Բերեմյանի գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Բուչաչսկի շրջան), հարուստ ընտանիքում։ 1839 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լվովի մոտ գտնվող Դավիդով գյուղ։ Սկզբում կրթություն է ստացել տանը, այնուհետև՝ Բուչաչի վասլյան դպրոցում, հետագայում՝ Լվովում։ Այդ ժամանակահատվածում գրել է իր առաջին բանաստեղծությունները։ Լվովում ծանոթացել է լեհական մշակույթի ներկայացուցիչների հետ (Վինցենտի Պոլ, Լ. Դունին-Բորկովսկի և ուրիշներ)։ 1844 թվականին մեկնել է Վարշավա, որտեղ գրող Ավգուստ Բելյովսկու օգնությամբ մասնակցել է մայրաքաղաքի գրական կյանքին։ Լեհաստանի նշանավոր գրողների և բանաստեղծների հետ ծանոթությունը զգալի ազդեցություն է ունեցել Կ. Ուեյսկու ստեղծագործության և ազգային հայրենասիրական տրամադրության վրա։ Լվովում մասնակցել է ընդհատակյա գործունեությանը։ Նրա կողմից վաղ շրջանում՝ 1840-1845 թվականներին գրված ստեղծագործությունները ժողովվել են «Ծաղիկներ առանց հոտի» (լեհ.՝ Kwiaty bez woni) և «Թոշնած տերևներ» (լեհ.՝ Zwiędłe liście) պոեզիայի ընտրանիներում և հրատարակվել են 1848 և 1849 թվականներին[3][4]։
1847 թվականին Ուեյսկին Բելգիայով մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Յոախիմ Լելևելի, Յուզեֆ Զալեսկու, Ֆրեդերիկ Շոպենի և Յուլիուշ Սլովացկու հետ։ Մասնակցել է Ֆրանսիայի 1848 թվականի հեղափոխական իրադարձություններին։ Վերադառնալով հայրենիք՝ 1848 թվականի նոյեմբերի սկզբներին մասնակցել է Լվովի ապստամբությանը։ Այդ շրջանի պոեզիայում արտացոլվել են Ուեյսկու հեղափոխական տրամադրությունները։ 1851 թվականին ամուսնացել է՝ բնակություն հաստատելով Պավլով գյուղում, որտեղ իր միջոցներով կառուցել է հուշարձան կախյալ աշխատանքների վերացման պատվին, որը գոյություն ունի մինչ օրս։ 1862 թվականին Պավլով գյուղում վերականգնել է այրված եկեղեցին։
1858 թվականից Ուեյսկին Լվովի քաղաքապետարանից վարձակալել է կալվածք Զուբրա գյուղում։ 1860 թվականին ճամփորդել է Յաշում, որտեղ էլ գրել է «Լեհական քայլերգը» (լեհ.՝ Marsz polski): 1868 թվականին անկախության հաստատման գործում լեհերին օժանդակած ռուս սպաներին նվիրված «Ռուսներին» (լեհ.՝ Do Moskali) բանաստեղծությունների շարքի համար ցարական իշխանությունները նրան դատի են տվել։ Դատավճռի համաձայն՝ նրան կարճ ժամկետով կալանավորել են և ենթարկել դրամական տուգանքի՝ բռնագրավելով հրատարակությունների մի մասը։
Ուվեյսկին Լվովի թատրոնների համար գրվել են «Շոպենի արդարացումը» և «Նախերգանք» պիեսները։ 1860 թվականին գրել է «Նամակներ Լվովից» արձակ ստեղծագործությունը։ 1877-1878 թվականներին ընտրվել է Վիեննայի Պետական խորհրդի պատգամավոր։
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Ռադեխովի մոտակայքում գտնվող Պավլով գյուղում (այժմ՝ Լվովի մարզ), որտեղ էլ մահացել և թաղվել է։
Կ. Ուեյսկին հանդիսանում է ռոմանտիզմի ներկայացուցիչը լեհական գրականության մեջ։ Ուվեյսկու ամենահայտնի աշխատանքը «Հրդեհների ծխի հետ» (լեհ.՝ Z dymem pożarów) ստեղծագործությունն է, որտեղ լուսաբանվում են Եվրոպայի ժողովուրդների գարնան իրադարձությունները, իսկ Ավստրիական կայսրության լեհական մասում բանաստեղծությունը դարձել է 1863 թվականի հունվարյան ապստամբության ոչ պաշտոնական օրհներգը։
Պարգևատրվել է Virtuti Militari շքանշանի արծաթե խաչով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնել Ուեյսկի» հոդվածին։ |
|