Հայաստանում կոռուպցիան լայն տարածված է և աճող խնդիր է ներկայացնում հայ հասարակության մեջ։ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն իր գնահատման չորրորդ փուլում նշել է, որ կոռուպցիան կարևոր խնդիր է մնում հայ հասարակության համար[1]։
|
---|
2017 թվականին 634 քրեական գործ է արձանագրվել՝ կապված կոռուպցիայի հետ (2016 թվականի 428-ի համեմատ), ինչը հանգեցրել է 376 անձանց քրեական հետապնդման[2]։
2017 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսով հավաքել է 35 միավոր և զբաղեցրել է 107-րդ հորիզոնականը 180 երկրներից[3][4]։ Հետևյալ աղյուսակը ներկայացնում է Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման ինդեքսում (CPI) Հայաստանի գնահատականը (որքան այն բարձր է, այնքան ավելի լավ է)[5]։
Թրանսփարենսի Ինթերնեյշնլի 2014 թվականի հաշվետվության համաձայն՝ արմատացած կոռուպցիան, ուժեղ հովանավորչական ցանցերը, մասնավոր ձեռնարկատիրության և պետական գրասենյակի միջև հստակ տարանջատման բացակայությունը, ինչպես նաև Հայաստանում քաղաքական և գործարար էլիտաների համընկնումը հակակոռուպցիոն ջանքերի իրականացումը դարձնում են համեմատաբար անարդյունավետ և սնում են այն քաղաքացիների կողմից համատարած քաղաքական անտարբերությունը և ցինիզմը, որոնք իրենց դերը գործուն չեն համարում կոռուպցիայի դեմ պայքարում[6]։
2006 թվականին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը երկրում կոռուպցիան դիտարկել է որպես «լուրջ մարտահրավեր դրա զարգացմանը»[7]։ Հարկային, մաքսային և կարգավորիչ նորմերի ընտրովի և ոչ թափանցիկ կիրառումը, ինչպես նաև դատական որոշումների թույլ կատարումը նպաստում են կոռուպցիայի հնարավորություններին։ Գնումների հայկական համակարգը բնութագրվում է անբարեխիղճ մրցութային ընթացակարգերի և արտոնությունների դեպքերով։ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և ձևավորվող մասնավոր ձեռնարկատիրական հատվածի միջև հարաբերությունները նպաստում են «ազդեցության առևտրին»։ Կառավարությունն, ինչպես հաղորդվում է, չի ֆինանսավորել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը և գրեթե ոչ մի միջոց և պարտավորություն չի հատկացրել կաշառակերության դեմ պայքարի համար[փա՞ստ]:
Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն հիմնական ինստիտուտներն են՝ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն խորհուրդը և Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովը, որը ստեղծվել է 2004 թվականի հունիսին՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն ուժեղացնելու նպատակով։ Սակայն 2006-2007 թվականներին այդ հաստատությունները գործնականում չէին գործում[8]։ Բացի այդ, հայկական հակակոռուպցիոն խորհուրդը մեղադրվել է շռայլ ծախսերի մեջ և զգալի չափով չի հետաքննել և հետապնդել բարձրաստիճան պաշտոնյաներին[9][10]։
2019 թվականի հունիսի 24-ին ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ[11], որի առաջին նիստը տեղի է ունեցել նույն թվականի հուլիսի 12-ին[12]։ Խորհրդի կազմի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ), փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պետական վերահսկողական ծառայության պետը, արդարադատության նախարարը և նրա տեղակալը։ Խորհրդի կազմում համաձայնությամբ կարող են ընգրկվել նաև բարձրագույն դատական խորհրդի նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչները[13]։
Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանում սկսել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջին հետխորհրդային արշավը 2003 թվականին։ Սակայն այդ նախաձեռնությունը լայնորեն մերժվել է այն պատճառով, որ արդյունքները չէին բավարարում[14]։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ կաշառակերությունը «թիվ մեկ խնդիրն է Հայաստանում, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումներին»[14]։
Կառավարությունը վերջերս սկսել է կաշառակերության դեմ պայքարի արշավը, որն ուղեկցվել է մաքսային կարգավորման փոփոխություններով, իշխանամետ գործարարներին պատկանող ընկերությունների հարկային ոստիկանության ստուգումների մասին հաղորդումներով ևհարկային դեպարտամենտում, մաքսային ծառայությունում և ոստիկանությունում մարդկանց բազմաթիվ աղմկոտ պաշտոնանկություններով։ Կոռուպցիայի վերջին ճնշումը երկիմաստ արձագանք է առաջացրել[14]։
Հայաստանյան դատարաններում կաշառակերություն շատ տարածված է խնդիր է[15]։ Այդ պատճառով էլ հայ հասարակության շրջանում գոյություն ունի վստահության ճգնաժամ դատարանի նկատմամբ[16]։
Հայաստանի հանքային արդյունաբերության կարգավորումն իր մեջ կրում է բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, ինչպես դա ընդգծվել է միջազգային հետազոտություններով[17]։
Չնայած քաղաքացիների և կառավարության փոխգործակցության որոշ ոլորտներում մանր կոռուպցիայի/կաշառակերության մակարդակի նվազեցման ուղղությամբ իշխանությունների հաջողություններին, հակակոռուպցիոն վերահսկողական մարմինները տեղեկացնում են, որ արմատավորված կոռուպցիան, հովանավորչական ուժեղ ցանցերը, մասնավոր ձեռնարկատիրության և պետական պաշտոնների միջև հստակ տարանջատման բացակայությունը, ինչպես նաև քաղաքական և գործարար էլիտաների համընկնումը սահմանափակում են հակակոռուպցիոն ջանքերի արդյունավետ իրականացումը։ Այդ խնդիրներն առնչվում են նաև կրթական համակարգի հետ։ Այն ընկալվում է որպես կոռուպցիայից առավել տուժած ոլորտներից մեկը։ Այս խնդրի դեմ պայքարելու փորձերը ոչ միանշանակ արդյունքներ են տվել և հաճախ նոր հնարավորություններ են բացել անբարեխիղճ աշխատանքի համար՝ գոյություն ունեցողները փակելու փոխարեն[18][19]։
2007 թվականին Համաշխարհային բանկի տնտեսագետները մատնանշել են երկրի օրենքի գերակայության հետ կապված լուրջ խնդիրները և Հայաստանի հարկային և մաքսային մարմիններում համատարած կոռուպցիան[20]։
2004 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում է Համաշխարհային բանկի կողմից 30 միլիոն դոլարի չափով վարկի օգտագործումը, հանգել է այն եզրակացության, որ Երևանի ավերված ջրային ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի ձախողման պատճառը պետական պաշտոնյաների և մասնավոր ընկերությունների շրջանում չարաշահումները և կոռուպցիան էին[21]։ Համաշխարհային բանկն այդ վարկը տրամադրել է 1999 թվականին՝ Երևանի բնակիչների խմելու ջրի հասանելիությունը բարելավելու նպատակով։ Կառավարությունը խոստացել է 2004 թվականին ապահովել տնային տնտեսությունների ճնշող մեծամասնության շուրջօրյա ջրամատակարարումը, սակայն 2008 թվականի դրությամբ քաղաքի բնակիչների մեծ մասը նախկինի պես օրական ընդամենը մի քանի ժամով ջրագիծ ունեին[21]:
Ֆրանսիական Veolia Environnement ընկերությունը, որը 2006 թվականին ստանձնել է Երևանի վնասաբեր ջրատար և կոյուղու ցանցի կառավարումը, հայտարարել է, որ ջրի նորմավորմանը վերջ դնելու համար կպահանջվի մոտ մեկ տասնամյակ[21]։ 2007 թվականի օգոստոսին բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը, որը մասնակցում էր խորհրդարանական հետաքննությանը որպես փորձագետ, հրապարակավ մեղադրել է ոչ միայն հայ պաշտոնյաներին և գործարարներին, այլև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Երևանում վարկի ենթադրյալ չարաշահման մեջ։ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Համաշխարհային բանկը լիովին բացահայտել է խորհրդարանական հանձնաժողովին նախագծի մասին առկա ողջ տեղեկատվությունը և որ այդ տեղեկատվության հիման վրա նախագծում խարդախության կամ անտտնտեսության ոչ մի ապացույց չի եղել[21]։
Սեփականազրկման մասին օրենքներն[22] օգտագործվել են ռեզիդենտներին, բիզնեսի սեփականատերերին և հողատերերին իրենց սեփականությունից բռնի հեռացնելու համար[23]։
|
|
|