Կոսուցիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Հին Հռոմ |
Մահացել է | մ. թ. ա. 84 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
![]() |
Կոսուցիա (լատին․՝ Cossutia), հռոմեացի համեստ ընտանիքից սերած կին, որը նշանվել է Հուլիոս Կեսարի հետ մինչև վերջինիս չափահաս դառնալը։ Պատմաբանների միջև բանավեճ է ծավալվել այն մասին, թե արդյոք իրականում ամուսնությունը տեղի է ունեցել։
Ծնվել է Պիզա քաղաքի Հեծյալների արտոնյալ դասին պատկանող շատ հարուստ ընտանիքում[1]։
Կոսուցիան հրապուրել էր Կեսարին[2], թեև նրա տոհմը նույնիսկ novi homines չէր (անհայտ կամ ոչ ազնվական տոհմի պատկանող անձ, որն ընտրվել է մագիստրատ)[3]։ Կեսարի հայրն է որդուն խորհուրդ տվել ամուսնանալ Կոսուցիայի հետ, և կարծիք կա, որ Հռոմի ապագա դիկտատորն ամուսնացել է նրա հետ, երբ սկսել է տղամարդու տոգա կրել (լատին․՝ toga virilis, սպիտակ թիկնոցանման վերնահագուստ, որը կրում էին չափահաս տղամարդիկ պաշտոնական արարողությունների ժամանակ)[4]։ Երկու ընտանիքն էլ մետաղադրամներ են հատել Կոսուցիայի պատկերով, Uxor Caesaris (Կեսարի կինը) փորագրությամբ[5], սակայն այդ միությունից երեխաներ չեն ծնվել։ Մ․թ․ա․ 84 թվականին, իր հայրիկի մահից հետո, Կեսարը թողել է Կոսուցիային ու ամուսնացել Կոռնելիայի հետ, որն ավելի գործնական բնույթ է ունեցել, քան նախորդ ամուսնությունը[2]։ Հնարավոր է, որ Կեսարը նախընտրած լիներ ամուսնանալ Կոռնելիայի հետ, որովհետև առաջադրվել էր որպես Յուպիտերի ավագ ֆլամին․ քրմի պաշտոն, որը պահանջում էր ամուսնացած լինել պատրիկի հետ կոնֆարեատո կոչվող արարողությամբ (ավանդական պատրիկյան ամուսնություն, որտեղ հարսն ու փեսան կիում էին մաքրած ցորենից պատրաստված թխվածք, ու որտեղ ներկա էին լինում ֆլամիններ, ավագ քահանա ու տասը վկա)[6]։
Մահացել է հավանաբար մ․թ․ա․ 84 թվականին Պիզայում[7]։
Անցյալում ընդունված էր, որ Կեսարն ու Կոսուցիան ամուսնացել են, սակայն ժամանակակից կարծիքները տարբերվում են։ Այն մարդկանց թվում, որոնք կարծում էին, թե Կեսարը երբեք չի ամուսնացել Կոսուցիայի հետ, դասվում են գերմանացի բողոքական աստվածաբան Լյուդվիգ Ֆրիդրիխ Օտտո Բաումգարտեն-Կրուսիուսը, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը, անգլիացի պատմաբան Ջեյմս Էնթոնի Ֆրոուդը, ամերիկացի գիտնական Ջոն Քերյու Ռոլֆը[4] և այլք։ Ֆրանսիացի հեղինակ Մարի-Նիկոլյա Բույլեն որպես Կեսարի կանանց թվարկել է սկզբից Կոսուցիային, ապա Կոռնելիային, Պոմպեային ու Կալպուրնիային։ Հին հույն պատմիչ Պլուտարքոսն անտեսել է Կոսուցիային[7], սակայն նշել նրա անունը որպես Կեսարի կանանցից մեկը[8]։ Հռոմեացի պատմագիր Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը նույնպես օգտագործել է «պաշտոնական ամուսնալուծություն» բառերը նրանց բաժանման մասին խոսելիս[9] [10]։
Ամերիկացի երգահան Լու Հարիսոնի «Երիտասարդ Կեսարը» օպերայում Կոսուցիան գլխավոր հերոսներից է։ Հանդիպում է նաև մի քանի վեպերում, որպես երկրորդական կերպար[11]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոսուցիա կատեգորիայում։ |
|