Տեսակ | կերակուր |
---|---|
Ենթատեսակ | օղաբլիթ |
Առաջացման երկիր | Լեհաստան |
Կրակովյան օղաբլիթ (լեհ.՝ obwarzanek krakowski կամ obarzanek krakowski), օղի տեսք ունեցող թխվածք, որ բնորոշ է լեհական խոհանոցին[1]։ Կրակովում ավանդական սնունդ է փողոցներում։
Լեհերեն obwarzanek բառը (հանդիպում է նաև obarzanek տարբերակը) առաջացել է լեհ.՝ obwarzać բայից, որ նշանակում է եփել, եռացնել[2][3]։
Կրակովյան օղաբլիթն ունի շրջանի կամ օվալի ձև՝ կենտրոնում բացվածքով, և բաղկացած է դրոժային հիմքով խմորի երկու կամ երեք շրջաններից, որոնք պտտված են պարույրաձև։ Գույները կարող են լինել բաց ոսկեգույնից մինչև բաց շագանակագույն։ Կրակովյան ավանդական օղաբլիթն ունենում է 12-17 սմ տրամագիծ, 2-4 սմ լայնություն և կշռում է 80-120 գ։ Օղաբլիթի մակերեսը կարող է լինել հարթ կամ թեթևակի խորդուբորդ։
Օղաբլիթների վրա կարող են լցնել տարբեր բաղադրիչներ՝ կանաչի, պղպեղ, պանիր, սոխ, կակաչի, քունջութի, քեմոնի սերմեր[4]։
Կրակովյան օղաբլիթները սովորաբար վաճառում են առանց փաթեթավորման, քանի որ եթե այն փաթեթավորեն առանց լրիվ սառչելու, ապա այն խրթխրթան չի լինի[4]։
Կրակովյան օղաբլիթների՝ մեզ հասած առաջին վկայությունը վերաբերում է Յագայլո արքայի կառավարման շրջանին և թագուհի Յադվիգային։ 1394 թվականի մարտի 2-ի թագավորական գրառումներում նշված է. «Թագուհու համար՝ օղաբլիթները 1 գրոշ»[5]։
«Dla królowej pani pro circulis obrzanky 1 grosz»
Ընդ որում, այստեղ օգտագործվել է ինչպես լեհերեն obrzanky' բառը', այնպես էլ լատիներեն circuli բառը։
1496 թվականին Յան I Օլբրախտ արքան Կրակովի հացթուխների գիլդիային տրամադրել է սպիտակ հաց և օղաբլիթ թխելու մենաշնորհ։ Այս մենաշնորհը գործել է մինչև Յան III Սոբեսկու կառավարման շրջան։ 1611 թվականին կարգավորվել է քաղաքում օղաբլիթներ վաճառելու եղանակը[4]։
1802 թվականի հունվարի 22-ին հրաման է արձակվել, որի համաձայն ցանկացած հացթուխի թույլատրվում էր օղաբլիթներ թխել, եթե թույլտվություն ձեռք բերեին։ Օղաբլիթ թխելու թույլտվություն ունենալու իրավունքը հացթուխները ստանում էին վիճակահանությամբ։ Հնարավոր է, որ վիճակահանության սովորույթն ընդհատվել է 1849 թվականին։
Օղաբլիթ վաճառող կրպակները բաց են եղել առավոտյան ժամը վեցից։ Մինչև 1950-ական թվականները օղաբլիթներ վաճառվել են հյուսկեն զամբյուղներով[4]։
Ներկայումս Կրակովում օրական վաճառվում է նոտ 150.000 օղաբլիթ[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրակովյան օղաբլիթ կատեգորիայում։ |