Կրծքով կերակրում և հոգեկան առողջություն

Կրծքով կերակրում և հոգեկան առողջություն
Թեմայով վերաբերում էԿրծքով կերակրում Խմբագրել Wikidata
Երիտասարդ մայրը կրծքով կերակրում է իր երեխային – 19-րդ դարի նկար Հորտենս Հոդեբուր-Լեսկոտի կողմից

Կրծքով կերակրում և հոգեկան առողջություն, կրծքով կերակրման կապ մոր և երեխայի հոգեկան առողջության միջև։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը կարող է դրական ազդեցություն ունենալ մոր և երեխայի հոգեկան առողջության վրա, թեև կան հակասական ուսումնասիրություններ, որոնք կասկածի տակ են դնում կրծքով կերակրման և մոր հոգեկան առողջության փոխկապակցվածությունն ու պատճառահետևանքը[1][2]։ Հնարավոր օգուտներ են մոր տրամադրության և սթրեսի մակարդակի բարելավումը, հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկի նվազեցում, երեխայի սոցիալ-հուզական զարգացման բարելավում, մոր և երեխայի միջև ավելի ամուր կապ և այլն։ Հաշվի առնելով կրծքով կերակրման առավելությունները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Հանրային առողջության եվրոպական հանձնաժողովը (ՀԱԵՀ) և Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան (ՄԱԱ) խորհուրդ են տալիս բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսներին[2]։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մայրերի 70%-ը երեխային կրծքով են կերակրում ծնվելուց հետո, իսկ Միացյալ Նահանգներում նորածինների 13,5%-ը բացառապես կրծքով է սնվում[3]։ Կրծքով կերակրման խթանումը և աջակցելը այն մայրերին, ովքեր դժվարանում են կրծքով կերակրել կամ վաղաժամ դադարեցնում են կրծքով կերակրումը, համարվում է հանրային առողջության առաջնահերթություն[2]։

Կրծքով կերակրման և հոգեկան առողջության որոշ ասպեկտների միջև կապի ճշգրիտ բնույթը դեռևս պարզ չէ գիտնականների համար[2][4][5]։ Պատճառահետեւանքային կապը անհասկանալի է՝ կապված ուսումնասիրությունների ընթացքում կրծքով կերակրման և դրա հետևանքների չափման տարբերությունների հետ[4][5]։ Բազմաթիվ հոգեբանական, սոցիոմշակութային և կենսաքիմիական գործոնների միջև առկա են բարդ փոխազդեցություններ, որոնք դեռ լիովին չեն հասկացվել[4]։

Կրծքով կերակրելը և մոր հոգեկան առողջությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը դրական ազդեցություն է ունենում մոր հոգեկան և հուզական բարեկեցության վրա[3][4][5][6]։ Այն բարելավում է տրամադրությունն ու սթրեսի մակարդակը և կոչվում է սթրեսի դիմադրիչ հետծննդաբերական շրջանում[3]։ Սակայն այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը կարող է բացասաբար ազդել մոր հոգեկան առողջության վրա, հատկապես երբ այն ներկայացվում է որպես երեխային կերակրելու լավագույն տարբերակ[1]։ Կրծքով կերակրելը նպաստում է հոգեբանական ավելի հանգիստ վիճակի և նվազեցնում անհանգստության, բացասական զգացմունքների և սթրեսի զգացումները[5][7]։ Սա արտացոլվում է նաև ֆիզիոլոգիական վիճակի վրա՝ մոր սրտի վագալ տոնուսը բարելավվում է, արյան ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունը նվազում է[2][5]։ Կրծքով կերակրման ժամանակ արտադրվում են օքսիտոցին և պրոլակտին հորմոնները[3]։ Կերակրող մայրերն ունեն ավելի որակյալ և երկար քուն։ Այն դրական ազդեցություն է ունենում սոցիալական իրավիճակներին մայրերի արձագանքի վրա, ինչը նպաստում է հարաբերությունների բարելավմանը[5][5]։ Մայրերն ունեն ավելի բարձր ինքնագնահատական, քանի որ վստահ են որ օգնում են իրենց երեխային նրանց կրծքով կերակրելով[4][5]։

Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիան հոգեկան վիճակ է, որը կարող է սկսվել կնոջ հղիության ընթացքում կամ առաջանալ երեխայի ծնվելուց հետո։ Վիճակագրությունը հայտնում է, որ կանանց մոտավորապես 13-ից 19 տոկոսը տառապում է դրանից։ Այդ շրջանում մայրերն ընկճված են և ունեն թերարժեքության զգացում։ Հետծննդաբերական դեպրեսիան կարող է լինել կարճատև, կարող է նաև տևել մինչև երկու տարի։ Հետծննդաբերական դեպրեսիան կարող է առաջացնել մտավոր խանգարումներ, ինչպիսիք են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կամ տագնապը։ Շատ կարևոր է զուգընյերոջ ուշադրությունը և հոգատարությունը այդ շրջանում[8]։

Հետծննդաբերական դեպրեսիայի ազդեցությունը կրծքով կերակրման վրա

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետծննդաբերական դեպրեսիա ունեցող մայրերը իրենց երեխաներին կրծքով կերակրում են ավելի ցածր հաճախականությամբ[3]։ Հետծննդաբերական դեպրեսիվ անհանգստությունը կարող է նվազեցնել մոր կաթի արտադրությունը[3]։ Մայրերին, ովքեր որոշակի հակադեպրեսանտներ են ընդունում իրենց դեպրեսիան բուժելու համար, խորհուրդ չի տրվում երեխային կրծքով կերակրել։ Դեղամիջոցի բաղադրիչները կարող են փոխանցվել երեխային կրծքի կաթի միջոցով, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ երեխայի զարգացման վրա[3]։ Հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշ ունեցող մայրերը սովորաբար ունեն կրծքով կերակրման ավելի շատ դժվարություններ և կրծքով կերակրման արդյունավետության ցածր մակարդակ և շատ հաճախ բացասաբար են ընկալում կրծքով կերակրելը[2][4][7]։

Կրծքով կերակրման ազդեցությունը հետծննդաբերական դեպրեսիայի վրա

Կրծքով կերակրումը կարող է պաշտպանել հետծննդաբերական դեպրեսիայից կամ նվազեցնել դրա որոշ ախտանիշները, և ենթադրվում է, որ կրծքով կերակրման առավելությունները կարող են գերազանցել հակադեպրեսանտների օգուտներին[2][3][4][5]։ Կրծքով կերակրելուց խուսափելը կամ կրծքով կերակրումը նվազեցնելը կարող է մեծացնել մոր այս հոգեկան խանգարման զարգացման հավանականությունը։ Կրծքով կերակրման ընթացքում արտազատվող օքսիտոցինը և պրոլակտինը կարող են բարելավել մոր տրամադրությունը և նվազեցնել դեպրեսիայի վտանգը[3]։ Կրծքով կերակրող կանանց մոտ հետծննդաբերական դեպրեսիայի ավելի ցածր ցուցանիշներ են նկատվում՝ համեմատած այն կանանց, ովքեր կերակրում են արհեստական ​​կերակրմամբ[3]։ Բարելավված քնի ռեժիմը, մայր-երեխա կապի բարելավումը և կրծքով կերակրման արդյունքում ինքնավստահության զգացումը նույնպես նվազեցնում են դեպրեսիայի վտանգը[2]։

Կրծքով կերակրման դժվարություններ և հետծննդաբերական դեպրեսիա

Կրծքով կերակրման հետ կապված դժվարությունները և ընդհատումները հանգեցնում են մոր տրամադրության վատթարացմանը և ավելացնում հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման ռիսկը[2][5]։ 2011 թվականին Նիլսոնի և նրա գործընկերների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր չեն կարողացել կրծքով կերակրել, 2-4 անգամ ավելի հաճախ են ունենում դեպրեսիայի ախտանիշներ երեխայի ծնվելուց 16 շաբաթ անց[4][5][9]։ Կրծքով կերակրել չկարողանալու պատճառներն են՝ խուլ ցավը, երեխայի խառնվածքի խնդիրները, կաթի պակասը, կրծքի վիրահատությունը և մաստիտը[2][5][10]։ Հետծննդաբերական շրջանում մասնագետների կողմից խրախուսումն ու ուղղորդումը նպաստում է ինքնագործունեության բարձրացմանը և օգնում մայրերին և թեթևացնում է սթրեսսը[2][11][12]։

Կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև կապի բնույթը

Կա հստակ կապ կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև[2][4][5]։ Այնուամենայնիվ, գիտնականների համար անհասկանալի է կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև կապի ճշգրիտ բնույթը։ Սա պայմանավորված է մի քանի պատճառներով՝

  • Բազմաթիվ ֆիզիոլոգիական, սոցիոմշակութային և հոգեբանական գործոնների բարդ փոխազդեցություններ, որոնք դեռևս լիովին չեն հասկացվել[4]։
  • Այս հարաբերություններն ուսումնասիրելու համար գիտնականների կողմից ընդունված տարբեր մեթոդները կարող են տարբեր արդյունքների բերել[2][4]։
  • Հակասական գիտական ​​հետազոտությունները ցույց են տվել, որ կա՛մ կապ չկա կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև, կա՛մ կրծքով կերակրումը հանգեցնում է դեպրեսիայի զարգացման ռիսկի բարձրացման[2][4][5]։

Վերջին զեկույցները ցույց են տալիս, որ փոխադարձ կամ երկկողմանի հարաբերություն կա կրծքով կերակրման և հետծննդյան դեպրեսիայի միջև։ Այսինքն՝ հետծննդաբերական դեպրեսիան հանգեցնում է կրծքով կերակրման ակտիվության նվազմանը և վաղաժամ դադարեցմանը, իսկ կրծքով կերակրելուց հրաժարվելը կամ դրա իրականացման անկանոնությունը մեծացնում է հետծննդյան դեպրեսիայի զարգացման ռիսկը։

Գործողության մեխանիզմներ

Կրծքով կերակրման և մոր հոգեկան առողջության միջև կապը կարող է պայմանավորված լինել այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝

  • Մեղքի զգացում, ամոթ կամ հիասթափություն։ Մայրերն, ովքեր դժվարություններ են ունենում կրծքով կերակրման ընթացքում կամ չեն կարողանում կրծքով կերակրել, կարծում են, որ չեն կարող երեխային ապահովել իրենց պահանջներով։ Սա կարող է հանգեցնել հետծննդյան դեպրեսիայի ախտանիշների[10][13]։
  • Բացասական պատկերացումներ կրծքով կերակրման վերաբերյալ։ Մոր ընկալումը կրծքով կերակրելու մասին կարող է ազդել նրա տրամադրության վրա։ Հետծննդյան դեպրեսիայի ախտանիշ ունեցող մայրերը համարում են, որ կրծքով կերակրումը սահմանափակող և մասնավոր է։ Դեպրեսիայի մեջ գտնվող մայրերը կրծքով կերակրելիս ունեն անբավարարվածության զգացում։ Մայրերը, ովքեր անհանգստանում են կրծքով կերակրելու համար, հավանական է, որ ունենան հետծննդյան դեպրեսիա[4]։
  • Բարելավված մայր-երեխա կապ։ Կրծքով կերակրումը կարող է նաև ուժեղացնել մոր և երեխայի միջև կապը։ Սա նպաստում է մտավոր առողջության բարելավմանը[4][5]։

Ֆիզիոլոգիական մեխանիզմներ

Մայրիկի հոգեկան առողջության վրա կրծքով կերակրման օգուտների հիմքում ընկած ֆիզիոլոգիական բացատրությունը վերագրվում է նեյրոէնդոկրին գործընթացներին[2][4][5]։ Կրծքի կաթը պարունակում է լակտոգեն հորմոններ՝ օքսիտոցին և պրոլակտին, որոնք ունեն հակադեպրեսանտ ազդեցություն և նվազեցնում են անհանգստությունը։ Պրոլակտինը կաթի արտադրության համար հիմնական պատասխանատու հորմոնն է և դրա մակարդակը համաչափ է կրծքով կերակրման հաճախականությանը և երեխայի կաթի պահանջներին։ Պրոլակտինը հեշտացնում է մոր վարքագիծը, գործում է որպես անալգետիկ և նվազեցնում սթրեսի արձագանքը։ Այս հորմոնի մակարդակն ավելի բարձր է կրծքով կերակրող կանանց մոտ, քան կրծքով չկերակրող կանանց մոտ։ Օքսիտոցինը նվազեցնում է սթրեսը[3][4][14]։ Կրծքով կերակրելուց առաջ օքսիտոցինը արտազատվում է արյան մեջ և նպաստում կաթի արտազատմանը։ Օքսիտոցինը և պրոլակտինը նույնպես արտազատվում են խուլերի խթանման ժամանակ, երբ երեխան ծծում է։ Ֆիզիկական կամ հոգեբանական սթրեսի ենթարկվելիս կրծքով կերակրող մայրերը կորտիզոլի արձագանքի նվազում են ունենում՝ սթրեսի հորմոնների արտադրության նվազման և քնի բարելավման պատճառով[2][5]։ Այս գործունեության ընթացքում ֆիզիկական շփումը թուլացնում է կորտիզոլի արձագանքը։ Հետծննդաբերական դեպրեսիան և կրծքով կերակրման ձախողումը նույնպես վերագրվում են նեյրոէնդոկրին մեխանիզմներին[4]։

Հետծննդաբերական դեպրեսիան սերտորեն կապված է նաև հետծննդաբերական ցավի կամ քնի պակասի հետևանքով առաջացած բորբոքման հետ։ Կրծքով կերակրումը նվազեցնում է այս բորբոքային արձագանքը, որն օգտակար է մոր հոգեկան առողջության համար[2][3][4][5]։

Կրծքով կերակրելը և երեխայի հոգեկան առողջությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական և հուզական առողջություն և զարգացում

Կրծքով կերակրումը սերտ կապ ունի երեխայի սոցիալական և հուզական առողջության և զարգացման բարելավման հետ[2]։ Կրծքով կերակրումը նորածնի համար հանդիսանում է հանգստացնող և ցավազրկող։ Այս գործունեության ընթացքում նրանց սրտի և նյութափոխանակության արագությունը նվազում է, իսկ ցավի նկատմամբ զգայունությունը նվազում է[14]։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի քան 3 կամ 4 ամիս կերակրվող նորածինների մոտ ավելի քիչ են նկատվում վարքի խանգարումներ[15]։ Կրծքով կերակրումը կարող է նաև նպաստել նորածինների ագրեսիայի և հակասոցիալական հակումների նվազմանը, ենթադրվում է նաև, որ այս ազդեցությունը շարունակվում է հասուն տարիքում[5]։ Մերջոնենի և գործընկերների կողմից անցկացված երկայնական հետազոտության մեջ (2011) պարզվել է, որ մեծահասակները, ովքեր մանկության տարիներին կրծքով չեն կերակրվել, ցուցաբերել են թշնամանքի և ագրեսիայի ավելի բարձր մակարդակ[16]։ Կրծքով սնվող նորածիններն ավելի եռանդուն են քան արհեստական կերակրվող երեխաները[5][10]։

Գործողության մեխանիզմներ

Հանգստացնող, անալգետիկ ազդեցությունը և ցավի նկատմամբ զգայունության նվազումը պայմանավորված են մի քանի գործոններով[14]՝

  • Պտուկը ծծելը խթանում է երեխայի օրոֆարինքսը։ Սա կենտրոնացնում է երեխայի ուշադրությունը այդ հատվածի վրա և նվազեցնում է ուշադրությունը այլ ազդեցությունների վրա։
  • Ճարպի ծծումը և աղիքային կլանումը բարձրացնում են խոլեցիստոկինին հորմոնի մակարդակը, որն ուժեղացնում է թուլացումը և ցավազրկումը։
  • Կրծքի կաթը քաղցր է, և դա խթանում է օփիոիդների արտազատումը, որոնք նվազեցնում են երեխայի զգայունությունը ցավի նկատմամբ[5]։
  • Ֆիզիկական շփումը կայունացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը և շնչառության հաճախականությունը, նպաստում է նյարդային վարքագծի ինքնակարգավորմանը և նվազեցնում սթրեսի հորմոնների և արյան ճնշման արտազատումը։
  • Սոցիալական փոխազդեցությունը և ֆիզիկական շփումը նպաստում են օքսիտոցինի արտազատմանը։

Հակասոցիալական վարքագծի և ագրեսիայի նվազումը վերագրվում է նորածնի մեջ օքսիտոցինի մակարդակի բարձրացմանը կրծքով կերակրման ժամանակ։ Կնոջ կրծքի կաթը պարունակում է օքսիտոցին, և այս հորմոնը նույնպես արտազատվում է երեխայի մոտ կրծքով կերակրման ժամանակ ֆիզիկական շփման և ջերմության պատճառով[5]։ Օքսիտոցինի մակարդակի բարձրացումը նպաստում է սոցիալական և հուզական զարգացմանը, որն օգնում է նվազեցնել ագրեսիան և այլ հակասոցիալական վարքագիծը[5]։

Աուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ)

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը կարող է պաշտպանել երեխաներին աուտիզմի սպեկտրի խանգարումից (ԱՍԽ),ովքեր ուշ են կերակրվում կամ կարճ ժամանակով են կերակրվում, ունեն ԱՍԽ-ի ախտորոշման ավելի բարձր ռիսկ[5][17]։ Այս կապի ճշգրիտ ֆիզիոլոգիական մեխանիզմը դեռևս պարզ չէ, բայց կարող է պայմանավորված լինել կոլոստրումի բացակայությամբ, որը պարունակում է կարևոր հակամարմիններ, սպիտակուցներ և իմունային բջիջներ, որոնք անհրաժեշտ են սոցիալական-հուզական նորմալ զարգացման և առողջության համար։

Այնուամենայնիվ, գիտնականները շեշտել են, որ պետք է խուսափել կրծքով կերակրմանը պատճառական դեր տալ ԱՍԽ-ի զարգացման մեջ։ Հնարավոր է, որ երեխաները, ովքեր հետագայում ախտորոշվում են ԱՍԽ-ով, արդեն ունեն վարքային հատկանիշներ, որոնք խանգարում են կրծքով կերակրման նորմալ ընթացքին։ ԱՍԽ-ով երեխաները ունեն ցածր վերահսկողություն, նվազված սոցիալական փոխհարաբերություններ կամ համագործակցության պակաս, և սա կարող է հանգեցնել անկանոն կրծքով կերակրման։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք ցույց չեն տալիս կապ կրծքով կերակրման և ԱՍԽ-ի զարգացման միջև[5][17]։ Օրինակ, Հասկը և Քեյմը (2015) անցկացրել են լայնածավալ հետազոտություն 2-ից 5 տարեկան երեխաների ծնողների շրջանում և չեն գտել զգալի կապ ԱՍԽ-ի զարգացման և կրծքով կերակրման առկայության/բացակայության կամ կրծքով կերակրման տևողության միջև[18]։ Ավելի շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ կրծքով կերակրման և ԱՍԽ-ի կապը և դրա հիմքում ընկած ֆիզիոլոգիական մեխանիզմները ավելի լավ հասկանալու համար[5][17]։

Կրծքով կերակրելը և մայր-երեխա կապը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոր և երեխայի կապն ուժեղանում է կրծքով կերակրման ժամանակ։

Կրծքով կերակրումը ամրապնդում է մոր և երեխայի միջև հուզական և սոցիալական կապը, այս կապը շատ կարևոր է նրանց հոգեկան առողջության համար[2][4][5][10][14]։ Այս կապը մեծացնում է մոր և երեխայի իրենց զգացմունքները կառավարելու ունակությունը, նվազեցնում է սթրեսի արձագանքը և խթանում է երեխայի առողջ սոցիալական զարգացումը[19]։ Կրծքով կերակրման ժամանակ ֆիզիկական շփումը բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը մոր և երեխայի մոտ, ինչը բարելավում է մայր-երեխա կապը[20]։ Կրծքով կերակրվող երեխաները ավելի կախված են իրենց մայրերից և զարգացնում են խոր սոցիալական և հուզական կապ։ Կրծքով կերակրումը նպաստում է մայրերի հուզական կապի ամրապնդմանը իրենց երեխայի հետ, և այդպիսով մայրերը սովորաբար ավելի ջերմություն և զգայունություն են դրսևորում[10]։

Կրծքով կերակրող մայր-երեխա զույգերում՝

  • Մայրերը ավելի արձագանքող և զգայուն են իրենց երեխայի կարիքներին[5]։
  • Մայրերը ավելի շատ ժամանակ և ուշադրություն են հատկացնում իրենց երեխային[4][14]։
  • Մայրերը սովորաբար ավելի շատ են շփվում և խոսում իրենց երեխայի հետ[10]։
  • Երեխաները ունենում են անվտանգության զգացում[5][10][14]։
  • Երեխաները ավելի երկար են ծծում իրենց մոր կուրծքը, քան շշով[4]։
  • Մայրերը և երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում միմյանց նայելով[5]։
  • Մայրերը ավելի դրական են և ավելի շատ են ժպտում իրենց երեխային[19]։

Ուղեղի պատկերի հետազոտությունը ցույց է տալիս, որ կրծքով կերակրող մայրերը, ովքեր լսում են իրենց երեխայի լացը, ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում ուղեղի լիմբիկ շրջաններում[5]։

Գոյություն ունեն ուսումնասիրություններ, որոնք ցույց չեն տալիս էական կապ կրծքով կերակրման և մայր-մանուկ կապի միջև[21]։ Օրինակ, Բրիթոնը և նրա գործընկերները (2006 թ.) չեն գտել էական կապ կրծքով կերակրման և մայր-մանուկ կապի միջև, սակայն պարզել են, որ զգայուն մայրերը ավելի հավանական է կերակրեն կրծքով, քան շշով։ Սա ենթադրում է, որ մոր զգայունությունը կարող է ավելի անմիջական ազդեցություն ունենալ մայր-երեխա կապի վրա[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Rivi, Veronica; և այլք: (2020 թ․ սեպտեմբերի 15). «Mind the Mother When Considering Breastfeeding». Frontiers in Global Women's Health. 1 (3): 3. doi:10.3389/fgwh.2020.00003. PMC 8593947. PMID 34816148.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Figueiredo, Bárbara; Dias, Cláudia C.; Brandão, Sónia; Canário, Catarina; Nunes-Costa, Rui (2013). «Breastfeeding and postpartum depression: state of the art review». Jornal de Pediatria. 89 (4): 332–338. doi:10.1016/j.jped.2012.12.002. hdl:10216/102955. ISSN 1678-4782. PMID 23791236.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Hahn-Holbrook, Jennifer; Schetter, Christine; Haselton, Michael (2013). «Breastfeeding and Maternal Mental and Physical Health». Women's Health Psychology. New Jersey: Wiley. էջեր 414–439. ISBN 978-0-470-89066-0.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Pope, Carley J.; Mazmanian, Dwight (2016). «Breastfeeding and Postpartum Depression: An Overview and Methodological Recommendations for Future Research». Depression Research and Treatment (անգլերեն). 2016: 4765310. doi:10.1155/2016/4765310. PMC 4842365. PMID 27148457.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 Krol, Kathleen M.; Grossmann, Tobias (2018). «Psychological effects of breastfeeding on children and mothers». Bundesgesundheitsblatt - Gesundheitsforschung - Gesundheitsschutz. 61 (8): 977–985. doi:10.1007/s00103-018-2769-0. ISSN 1437-1588. PMC 6096620. PMID 29934681.
  6. Heinrichs, Markus; Neumann, Inga; Ehlert, Ulrike (2002 թ․ հոկտեմբերի 1). «Lactation and Stress: Protective Effects of Breast-feeding in Humans». Stress. 5 (3): 195–203. doi:10.1080/1025389021000010530. PMID 12186682. S2CID 9898420.
  7. 7,0 7,1 Fallon, Victoria; Groves, Rachael; Halford, Jason Christian Grovenor; Bennett, Kate Mary; Harrold, Joanne Allison (2016). «Postpartum Anxiety and Infant-Feeding Outcomes». Journal of Human Lactation. 32 (4): 740–758. doi:10.1177/0890334416662241. ISSN 1552-5732. PMID 27565200. S2CID 29230249.
  8. Pope, Carley; Mazmanian, Dwight (2016). «Breastfeeding and Postpartum Depression: An Overview and Methodological Recommendations for Future Research». Depression Research and Treatment. PubMed Central. 2016: 1–9. doi:10.1155/2016/4765310. PMC 4842365. PMID 27148457.
  9. Nielsen Forman, D.; Videbech, P.; Hedegaard, M.; Dalby Salvig, J.; Secher, N. J. (2000). «Postpartum depression: identification of women at risk». BJOG: An International Journal of Obstetrics and Gynaecology. 107 (10): 1210–1217. doi:10.1111/j.1471-0528.2000.tb11609.x. ISSN 1470-0328. PMID 11028570. S2CID 23118990.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Peñacoba, Cecilia; Catala, Patricia (2019). «Associations Between Breastfeeding and Mother-Infant Relationships: A Systematic Review». Breastfeeding Medicine. 14 (9): 616–629. doi:10.1089/bfm.2019.0106. ISSN 1556-8342. PMID 31424264. S2CID 201064074.
  11. Hannula, Leena; Kaunonen, Marja; Tarkka, Marja-Terttu (2008). «A systematic review of professional support interventions for breastfeeding». Journal of Clinical Nursing. 17 (9): 1132–1143. doi:10.1111/j.1365-2702.2007.02239.x. ISSN 1365-2702. PMID 18416790.
  12. Kielbratowska, Bogumila; Kazmierczak, Maria; Michalek, Justyna; Preis, Krzysztof (2015). «Temperament and the Mother–Infant Dyad: Associations with Breastfeeding and Formula Feeding with a Bottle». Infant Mental Health Journal (իսպաներեն). 36 (3): 243–250. doi:10.1002/imhj.21508. ISSN 1097-0355. PMID 25973840.
  13. Labbok, Miriam (2008). «Exploration of guilt among mothers who do not breastfeed: the physician's role». Journal of Human Lactation. 24 (1): 80–84. doi:10.1177/0890334407312002. ISSN 0890-3344. PMID 18281360. S2CID 21948240.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Gribble, Karleen D. (2006 թ․ մարտի 9). «Mental health, attachment and breastfeeding: implications for adopted children and their mothers». International Breastfeeding Journal. 1 (1): 5. doi:10.1186/1746-4358-1-5. ISSN 1746-4358. PMC 1459116. PMID 16722597.
  15. Poton, Wanêssa Lacerda; Soares, Ana Luiza Gonçalves; de Oliveira, Elizabete Regina Araújo; Gonçalves, Helen (2018 թ․ հունվարի 29). «Breastfeeding and behavior disorders among children and adolescents: a systematic review». Revista de Saúde Pública. 52: 9. doi:10.11606/S1518-8787.2018052000439. ISSN 0034-8910. PMC 5802715. PMID 29412376.
  16. Merjonen, Päivi; Jokela, Markus; Pulkki-Råback, Laura; Hintsanen, Mirka; Raitakari, Olli T.; Viikari, Jorma; Keltikangas-Järvinen, Liisa (2011). «Breastfeeding and offspring hostility in adulthood». Psychotherapy and Psychosomatics. 80 (6): 371–373. doi:10.1159/000324748. ISSN 1423-0348. PMID 21968478. S2CID 27157944.
  17. 17,0 17,1 17,2 Tseng, Ping-Tao; Chen, Yen-Wen; Stubbs, Brendon; Carvalho, Andre F.; Whiteley, Paul; Tang, Chia-Hung; Yang, Wei-Cheng; Chen, Tien-Yu; Li, Dian-Jeng; Chu, Che-Sheng; Yang, Wei-Chieh (2019). «Maternal breastfeeding and autism spectrum disorder in children: A systematic review and meta-analysis». Nutritional Neuroscience. 22 (5): 354–362. doi:10.1080/1028415X.2017.1388598. ISSN 1476-8305. PMID 29046132. S2CID 38443329.
  18. Husk, J; Keim, S (2015). «Breastfeeding and autism spectrum disorder in the National Survey of Children's Health». Epidemiology. 26 (4): 451–457. doi:10.1097/EDE.0000000000000290. PMID 25872161. S2CID 45327682.
  19. 19,0 19,1 Olza Fernandez, Ibone; Gabriel, Miguel; Gil-Sanchez, Alfonso; Garcia-Segura, Luis; Arevalo, Maria (2014 թ․ ապրիլի 2). «Neuroendocrinology of childbirth and mother–child attachment: The basis of an etiopathogenic model of perinatal neurobiological disorders». Frontiers in Neuroendocrinology. 35 (4): 459–472. doi:10.1016/j.yfrne.2014.03.007. hdl:10261/150417. PMID 24704390. S2CID 33928174.
  20. Weaver, Jennifer (2017 թ․ հոկտեմբերի 30). «Bonding Benefits of Breastfeeding Extend Years Beyond Infancy». www.apa.org. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  21. Britton, John R.; Britton, Helen L.; Gronwaldt, Virginia (2006 թ․ նոյեմբերի 1). «Breastfeeding, Sensitivity, and Attachment». Pediatrics (անգլերեն). 118 (5): e1436–e1443. doi:10.1542/peds.2005-2916. ISSN 0031-4005. PMID 17079544. S2CID 10044918.