Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Հասցե | Kreuzensteiner Straße 3[1] |
Վարչական միավոր | Leobendorf?[1][2] |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն |
Կայք | kreuzenstein.com |
Burg Kreuzenstein Վիքիպահեստում |
Կրոյցենշտայն դղյակ (գերմ.՝ Burg Kreuzenstein), վաղ միջնադարյան դղյակ Ստորին Ավստրիայում, Վիեննայից 20 կմ հեռավորության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 265 մ բարձրության վրա[3][4]։ Կառուցվել է վաղ միջնադարում՝ XII դարում, վաղ միջնադարյան մի դղյակի փլատակների վրա։
Սկզբնական շրջանում պատկանել է Ֆորմբախների (ներկայումս՝ Վորնբախ, Բավարիա) կոմսությանը[5], որից հետո անցել է Վասերբուրգների կոմսությանը։ 1278 թվականին Ավստրիայի հերցոգ Օթակար II-ի օրոք դարձել է Հաբսբուրգների արքայատոհմի սեփականությունը։
1527 թվականի հուլիսին անաբապտիզմի հետևորդ և քարոզող Բալտասար Հուբմայերը Միկուլովում անկարգություններ հրահրելու համար ձերբակալվում ու աքսորվում է Կրոյցեյնշտայն դղյակ։ Այնտեղ վերջինիս հարցաքննության են ենթարկում, բայց նա հրաժարվում է ուրանալ իր դավանանքը, ինչի հետևանքով էլ այրվում է խարույկի վրա, Վիեննայում։
Մինչև Երեսնամյա պատերազմը դղյակը երբևէ չի գրավվել որևէ մեկի կողմից, սակայն պատերազմի ընթացքում այն անցնում է շվեդ մարշալ Լենարդ Թորթսենսոնին, որը 1645 թվականին դղյակից հեռանալու ժամանակ պայթեցնում է դրա երեք հատվածները։
1874 թվականին, կոմս Նեպոմուկ ֆոն Վիլցզեկը ցանկություն է հայտնում սկսել Կրոյցենշտայնի վերականգնողական աշխատանքները։ Նա ցանկանում է ընտանեկան կալվածք հիմնադրել՝ միջնադարյան մթնոլորտով և ձևավորմամբ[6]։
Վիլցզեկների ընտանիքը վերակառուցել է դղյակը Եվրոպայի տարբեր վայրերի միջնադարյան կառույցներից բերված հատվածներով՝ ապահովելով դղյակի արտաքին տեսքը[7]։ Այդ իսկ պատճառով դղյակը կարելի է համարել ինչպես նեո, այնպես էլ բուն միջնադարյան։ Վերակառուցման ընթացքում դղյակի մեջ ներառվում են նաև դրա նախկին փլատակները, մասնավորապես՝ արևմտյան աշտարակն ու մատուռը, սակայն վերակառուցումից հետո այն կորցնում է իր բնօրինակ՝ ռոմանական-գոթական ոճը։
Վերակառուցման աշխատանքները սկզբնական շրջանում կատարվել են ճարտարապետ Կառլ Հենգորֆի վերահսկողության ներքո, որի մահվանից հետո (1895 թվական) նրան փոխարինել է Ռիտտեր Հումբերտը։
Դղյակի տակ կառուցվում է ընտանեկան դամբարան, որտեղ թաղված է նաև Յոհան Վիլցզեկը։
Վերականգնողական աշխատանքները տևում են 30 տարի և Վիլհելմ II կայսերը մասնակցում է դղյակի վերաբացմանը, որը տեղի է ունենում 1906 թվականի հունիսի 6-ին։
Դղյակը որոշակի չափով տուժել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ավերվածութունների են ենթարկվում դղյակի որոշ հատվածներ, այդ թվում՝ հարուստ գրադարանը, որտեղ պահվում էին նաև թանկարժեք ձեռագրեր։
Այժմ դղյակը համարվում է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։
2013 թվականին Կրոյցենշտայն դղյակը դարձավ Լազարիուսների անվանական տունը[8][9]։
Դղյակի այժմյան սեփականատերն է Հանս-Քրիստիան Քաունթ Վիլզզեկը[8][10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոյցենշտայն դղյակ» հոդվածին։ |
|