Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կառույց և բնակելի տուն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կյուսնախտ[1] |
Մասն է | Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի Կյուսնախտ քաղաքի մշակութային արժեքների ցանկ |
Հասցե | Seestrasse 228, 8700 Küsnacht ZH[1] |
Հիմնադրվել է | 1908 |
![]() | |
![]() |
Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան (գերմ.՝ Museum Haus C. G. Jung[2]), պատմական տուն-թանգարան, շվեյցարացի հոգեբույժ, հոգեբան և էսսեիստ Կարլ Յունգի և նրա կնոջ՝ հոգեբան Էմմա Յունգ-Ռաուշենբախի բնակավայրը։ Գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ կանտոնի Կյուսնախտ քաղաքում՝ Սիշտրասե 228 հասցեում, Ցյուրիխ լճի ափին[3]։
1908 թվականին կառուցված տունը մեկ դար անց վերականգնվել է Կ․ Գ․ Յունգ Կյուսնախտ հիմնադրամի շնորհիվ։ 2017 թվականին այն վերածվել է թանգարանի և բացվել հանրության համար 2018 թվականի մայիսին[4][5][6]։
Շենքի կառուցման նախագիծը սկսվել է 1906 թվականին Յունգի, իր զարմիկին՝ ճարտարապետ և Մյունխենի տեխնիկական համալսարանի ճարտարապետության պատմության պրոֆեսոր Էռնստ Ռոբերտ Ֆիչթերին (1875–1948) գրված նամակով․ «Մենք մտադիր ենք մի օր տուն կառուցել Ցյուրիխ քաղաքի շրջակայքում՝ լճի մոտ»[7]։
Այդ ժամանակ Յունգը Ցյուրիխի Բուրգհոյցլի հոգեբուժական կլինիկայում բժիշկ-տնօրենի օգնականն էր՝ սահմանափակ ֆինանսական միջոցներով։ Յունգը կարողացել է իրեն թույլ տալ շքեղ տուն կառուցել միայն այն բանից հետո, երբ նրա կինը ժառանգել է հոր հարստությունը[7]։
1907 թվականին Ցյուրիխ լճի ափին՝ Կյուսնախտ քաղաքում Յունգը գտել է այն գույքը, որը համապատասխանում էր իր նախասիրություններին[8]։ 1908 թվականին նա գնել է հողատարածքը և իր զարմիկ Էռնստ Ռոբերտ Ֆիչթերին և այգեգործ-ճարտարապետներ Վալտեր և Օսկար Մերթենսներին է վստահել եռահարկ տան շինարարությունը[9]։ Յունգը որոշիչ դեր է խաղացել տան և պարտեզի պլանավորման և ձևավորման գործում[8]։
1909 թվականին Յունգը հրաժարվել է Բուրգհոյցլիում իր պաշտոնից և տեղափոխվել Կյուսնախտի իր նոր տունը, որտեղ ընտանիքի հետ ապրել է ողջ կյանքի ընթացքում։ Եկամուտը ստացվել է մասնավոր պրակտիկայից։ Տանը անցկացրած առաջին տարիները՝ 1909-1910 թվականները, Սաբինա Շպիլրայնի հետ նրա հարաբերությունների ամենաինտենսիվ ժամանակներն են եղել[10]։
1960 թվականին Յունգն արժանացել է Կյուսնախտի պատվավոր քաղաքացու կոչման իր 85-ամյակի օրը։ Նա մահացել է իր տանը՝ 1961 թվականի հունիսի 6-ին, կարճատև հիվանդությունից հետո[11]։
Կ․ Գ․ Յունգ Կյուսնախտ հիմնադրամը 2017 թվականին վերականգնել է տունը և այն վերածել տուն-թանգարանի[12]։ Այգիների և տան ներքին տարածքների վերականգնումը պահպանվել է ըստ բնօրինակ ձևավորման։ Թանգարանը, որն իր դռները բացել է 2018 թվականի ապրիլին, իրեն բնորոշում է որպես գիտնականի տուն և թանգարան, ուր կարելի է այցելել և շրջել էքսկուրսավարների ուղեկցությամբ։ Այցելուների համար կենտրոնական կարգախոսն է. «Կալր Գուստավ Յունգի և Էմմա Յունգ-Ռաուշենբախի հյուր»[13]։
Հյուրասենյակում, ճաշասենյակում և պատշգամբում տեղ գտած մշտական ցուցադրությունը նվիրված է Յունգի ընտանեկան կյանքին և ազատ ժամանակի գործունեությանը։ Աշխատասենյակ կամ խորհրդակցական սենյակը, սպասասրահը և գրադարանը ներկայացնում են Յունգի աշխատաոճի և հետազոտական հետաքրքրությունների տեսլականը։ Մեկ այլ սենյակ վերապահված է ժամանակավոր ցուցադրությունների համար՝ հյուրընկալելով ընդլայնված նմուշներ, որոնք ներկայացնում են թանգարանի ընդհանուր թեմաները[14]։
BBC-ի հարցազրույցը Կ․ Գ․ Յունգի հետ «Դեմ առ դեմ» հեռուստաշոուի համար Ջոն Ֆրիմանի հետ Կ․ Գ․ Յունգի տանը Կյուսնախտում 1959 թվականին[15]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կ․ Գ․ Յունգի տուն-թանգարան» հոդվածին։ |