Համբուրգերագիտության համալսարան | |
---|---|
Տեսակ | կրթօջախ, մարզման կազմակերպություն և corporate university? |
Հիմնադրված է | 1961 |
Հիմնադրիր | Ռեյ Կրոկ և Ֆրեդ Լ․ Թըռներ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Չիկագո |
Հասցե | 1045 W Randolph St, Chicago, IL 60607 |
Կայք | corporate.mcdonalds.com/corpmcd/our-purpose-and-impact/jobs-inclusion-and-empowerment/skills-and-education.html(անգլ.) |
Hamburger University Վիքիպահեստում |
Համբուրգերագիտության համալսարան (անգլ.՝ Hamburger University), կրթական հաստատություն, որը սննդի ոլորտի առաջին կորպորատիվ համալսարանն է աշխարհում։ Այն 1961 թվականին Օուք Բրուքում բացել է ՄաքԴոնալդս ընկերությունը։ 2018 թվականից Համբուրգերագիտության համալսարանը գտնվում է Չիկագոյում (Իլինոյ), ԱՄՆ)։ Աշխարհում կա համբուրգերագիտության 8 համալսարան՝ Չիկագոյում (ԱՄՆ), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Սան Պաուլոյում (Բրազիլիա), Շանհայում (Չինաստան), Տոկիոյում (Ճապոնիա), Մյունխենում (Գերմանիա), Սիդնեյում (Ավստրալիա), Մոսկվայում (Ռուսաստան)։
1961 թվականից Համբուրգերագիտության համալսարանում վերապատրաստվել են սննդի և ռեստորանային բիզնեսի ավելի քան 360000 տնօրեններ և կառավարիչներ, ինչպես նաև միջին օղակի մենեջերներ։ Համբուրգերագիտության համալսարանի ծրագրերն ունիվերսալ են և ճանաչվում են աշխարհի ցանկացած երկրի ՄաքԴոնալդսում։ Բացի այդ, Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում Համբուրգերագիտության համալսարանի կրթական ծրագրերը ճանաչվում են որպես բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ, որոնց հիման վրա կարելի է ստանալ գիտական աստիճան[1]։
2016 թվականին ՄաքԴոնալդս ընկերությունը հայտարարեց, որ իր գլխավոր գրասենյակը, ներառյալ՝ Համբուրգերագիտության համալսարանը, Օուք Բրուքի իր վաղեմի տնից տեղափոխում է Չիկագոյում գտնվող նորակառույց համալիր, որի տարածքում նախկինում գտնվել է Օփրա Ուինֆրիի Harpo Productions ստուդիան[2][3][4]։ Մինչև 2018 թվականը Համբուրգերագիտության համալսարանը գտնվում էր Օուք Բրուքում (Իլինոյս նահանգ)՝ 32 հեկտար տարածքով համալսարանական քաղաքում։
Համբուրգերագիտության առաջին համալսարանն Արևելյան Եվրոպայում և 8-րդն աշխարհում բացվել է 2019 թվականի մայիսի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում ՄաքԴոնալդսի ուսուցման և զարգացման կենտրոնի հիման վրա[5][6][7]։
Համբուրգերագիտության համալսարանի նմանակումը տեղի է ունեցել 1986 թվականին նկարահանված Hamburger: The Motion Picture կատակերգական ֆիլմում[8]։ Նույնն արվել է նաև հենց ՄաքԴոնալդսի հետ՝ Ռոնալդ Մաքդոնալդի մասնակցությամբ գովազդային հոլովակում, որտեղ ցուցադրվել են մի քանի անիմացիոն համբուրգերներ դպրոցն ավարտելուց հետո։