Համբուրգյան կայարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարանի շենք |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բեռլին և Միտտե |
Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ և Բեռլինի ազգային պատկերասրահ |
Հասցե | 10557Invalidenstraße? (50-51) |
Հիմնադրվել է | 1996 |
Այցելուներ | 250 000 մարդ |
Տնօրեն | Յուջին Բլյում |
Կայք | smb.museum/museen-und-einrichtungen/hamburger-bahnhof/home.html |
Համբուրգյան կայարան (գերմ.՝ Hamburger Bahnhof), երկաթգծային կայարանի շինություն Բեռլինի Մաուբիտ շրջանում, այժմ Նոր ազգային պատկերասրահի մասնաճյուղն է` Ժամանակակից թանգարան անվանումով (գերմ.՝ Museum der Gegenwart)[1](գերմ.)։ 2007 թվականին թանգարան է այցելել 250.000 մարդ, այսպիսով` Համբուրգյան կայարանը համարվում է ժամանակակից արվեստի առավել հայտնի թանգարաններից մեկը[2](գերմ.)։ Բեռլին-Համբուրգ երկաթգծային ճանապարհի համար կլասիցիզմի ոճի շինությունը կառուցվել է 1846-1847 թվականներին դրա տնօրեն Ֆրիդրիխ Նոյհաուզի և ճարտարապետ Ֆերդինանդ Վիլհելմ Հոլցի նախագծով։ Սա Բեռլինում պահպանված միակ փակուղային կայարանն է և Գերմանիայի ամենահին կայարանային կառույցներից մեկը, սակայն որպես կայարան այն այլևս չի օգտագործվում։ Համբուրգյան կայարանը տեղակայված է Բեռլինի Կենտրոնական կայարանից դեպի հյուսիս-արևելք Մոաբիտ թաղամասի Ինվալիդենշտրասսե փողոցում (գերմ.՝ Invalidenstraße)։ Կայարանի շուրջը հայտնվում են մշակույթի այլ կառույցներ ևս։
Կայարանի բարձր դարպասները ծառայում էին լոկոմոտիվների մուտքի համար, որոնք շենքի դիմաց գտնվող շրջադարձում պտտվում էին։ 1851 թվականին սկսվեց Համբուրգյան և Շտետտինյան կայարանները միավորող, ինչպես նաև այլ փակուղային կայարանների` Պոտսդամի, Անհալտյան և Ֆրանկֆուրտյան ճյուղերի շահագործումը։ 1870 թվականին լոկոմոտիվների շրջադարձի համար կայարանում կառուցվեց տրանսբորդեր, և դարպասներն այլևս անհրաժեշտ չէին։ Այդ տարում հեռացվեց փողոցի երթևեկությանը խանգարող միավորող ճյուղը։
1911-1916 թվականներին շինությանն ավելացվեցին դեպի փողոց նայող երկու թևեր, որոնք շենքին ժամանակակից տեսք տվեցին։ Հաջորդ վերակառուցումը, որը կայարանի շենքը պետք է դարձներ Ժամանակակից թանգարան, տեղի ունեցավ 1990-1996 թվականներին գերմանացի ճարտարապետ Ժոզեֆ Պաուլ Կլայհյուսի կողմից։ Կլայհյուսը նոր` 80 մ երկարությամբ սրահի հեղինակն է։ Ցուցահանդեսների սրահների հետ մեկտեղ նախկին կայարանի շենքում են գտնվում գրախանութ և ռեստորան, որը ղեկավարում է Գերմանիայում խոհարարական հաղորդումների հայտնի վարող Սառա Վիները։
1980-ականների կեսերին բեռլինյան կառուցապատող մագնատ Էրիխ Մարքսն առաջարկեց քաղաքին իր մասնավոր գեղարվեստական հավաքածուն։ 1987 թվականին Արևմտյան Բեռլինի սենատը որոշում ընդունեց նախկին կայարանի շենքում ստեղծել ժամանակակից արվեստի թանգարան։ Պրուսական մշակութային ժառանգության ֆոնդն առաջարկեց ֆինանսական աջակցություն[3](գերմ.)։ Կայարանի վերակառուցման` 1989 թվականին սենատի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվեց Ժոզեֆ Պաուլ Կլայհյուսը։ 1996 թվականի նոյեմբերին Ժամանակակից թանգարանը հանդիսավոր կերպով բացվեց նկարիչ և լուսանկարիչ Զիգմար Պոլկի աշխատանքների ցուցահանդեսով։ Համբուրգյան կայարանում նաև տեղակայված է Ժոզեֆ Ֆոյսի արխիվը։ Թանգարանի ցուցադրությունում ներկայացված են Ժոզեֆ Բոյսի, Անսելմ Կիֆերի, Ռոյ Լիխտենշտեյնի, Ռիչարդ Լոնգի, Էնդի Ուորհոլի և Սայ Տվոմբլիի աշխատանքները Ազգային պատկերասրահի ֆոնդերից և Էրիխ Մարքսի հավաքածուներից։ 2004 թվականից ժամանակավոր օգտագործման իրավունքով թանգարանը ցուցադրում է Ֆրիդրիխ Քրիստիան Ֆլիքի գեղարվեստական հավաքածուն։ Ֆրիդրիխ Քրիստիան Ֆլիքը գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Ֆլիքի թոռն է. վերջինս կուտակել էր իր կարողությունը նացիստական ռեժիմի ժամանակ և Նյուրնբերգյան դատավարության շրջանակներում դատապարվել էր Միջազգային ռազմական տրիբունալի կողմից։ Հավաքածուի վրա ծախսված կասկածելի միջոցները ոչ միանշանակ արձագանք ապահովեցին ցուցահանդեսի հանդեպ։ Ժամանակավոր ցուցադրության վերաբերյալ պայմանագիր կնքվեց մինչև 2010 թվականը։ Մինչդեռ 2008 թվականին Ֆրիդրիխ Քրիստիան Ֆլիքը թանգարանին նվիրաբերեց 166 արվեստի գործեր իր հավաքածուից։ Պրուսական մշակութային ժառանգության ֆոնդը գնահատեց այս յուրահատուկ նվերը որպես ամենանշանակալի ձեռքբերումը ողջ հետպատերազմյան շրջանում։ Թանգարանում նաև ցուցադրվում են ժամանակակից նկարիչների փոփոխվող ցուցահանդեսներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգյան կայարան (Բեռլին)» հոդվածին։ |
|