Հայաստանը 2001 թվականից Եվրոպայի խորհրդի անդամ է՝ միջազգային կազմակերպության, որը զբաղվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմամբ ամբողջ Եվրոպայում[1][2]։
Եվրոպայի խորհրդի կանոնադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը բաց է ցանկացած եվրոպական երկրի համար, այն պայմանով, որ երկիրը համապատասխանում է կոնկրետ ժողովրդավարական և մարդու իրավունքների չափանիշներին[3]։ 2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը դարձել Է Եվրոպայի խորհրդի 42-րդ անդամ պետությունը[4]։ Հայաստանին 4 տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական թևում։
Հայաստանը նաև Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի, Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, Եվրիմաժի, Պոմպիդու խմբի և Վենետիկի հանձնաժողովի անդամ է[5][6]։
2021 թվականի հունվարի 25-ին Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը հայտարարել է. «Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը միացել է եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ ունի ընդհանուր պատմություն, արժեքներ և իդեալներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլական, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են բոլորի համար՝ առանց տարբերակման կամ խտրականության»[7]։
2005 թվականից Հայաստանն օգտվում է Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրերի շրջանակներում համագործակցության ծրագրերից[8]։ Եվրոպական միության կողմից աջակցվող նախկին և ընթացիկ ծրագրերն ուղղված են արդարադատության համակարգի անկախության և հաշվետվողականության բարձրացմանը, ազատ և արդար ընտրությունների ապահովմանը, փոքրամասնությունների և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարության և խոսքի ազատության խթանմանը, երեխաների բարեկեցության ամրապնդմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և 2017 թվականին ավարտված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված նպատակների իրականացմանը[9][10]։
Ինչպես նշված է Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022 թվականների գործողությունների ծրագրում․ «Եվրոպայի Խորհուրդը և Հայաստանը կշարունակեն համագործակցությունը առկա օրենսդրական շրջանակների կատարելագործման, դրանց արդյունավետ իրականացման և ազգային ինստիտուտների կարողությունների ամրապնդման ուղղությամբ՝ երկրի օրենսդրությունն ու պրակտիկաները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով՝ ամրապնդելով մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ապահովելով կառավարման ժողովրդավարական սկզբունքները»[9][11]։ 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի բյուջեն կազմել է 18,9 միլիոն եվրո[12]։
2022 թվականի հունվարի 27-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձեւ, որը գովաբանում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին։ Վեհաժողովը ողջունել է 2018 թվականի հայկական հեղափոխությունից հետո ընտրական, դատական և օրենսդրական բարեփոխումներում արձանագրված նկատելի բարելավումները[13][14]։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապահովում է մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի կատարումը[15]։ Հայաստանը կոնվենցիայի պայմանավորվող կողմ է։ Դատարանի իրավասությունը ճանաչվել է Եվրոպայի Խորհրդի բոլոր 47 անդամների, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Հայաստանի քաղաքացին, մի խումբ անձինք կամ պետությունն ինքը կարող են դիմել դատարան։ 2015 թվականին Արմեն Հարությունյանը դատավոր է ընտրվել ՄԻԵԴ-ում աշխատելու համար։
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդում որոշումներ կայացնող մարմին է։ Հայաստանն առաջին անգամ Նախարարների կոմիտեում նախագահել է 2013 թվականի մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հայաստանի նախագահության հիմնական նպատակներն էին Եվրոպայում ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը և ժողովրդավարական հասարակությունների ամրապնդումը[16]։
Եվրոպայի խորհրդի 2022 թվականի բյուջեն կազմում է 477 միլիոն եվրո։ Հայաստանի ներդրումը կազմում է 540,141 եվրո[4]։
Եվրոպայի խորհուրդը ներկայացուցչություն ունի Երևանում[17][18]։ Հայաստանն ունի մշտական ներկայացուցչություն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում[19]։ 2021 թվականի դեկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արման Խաչատրյանին նշանակել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[20][21]։ Իր երդմնակալությունից հետո Խաչատրյանը հայտարարել է, որ «Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրոպայի Խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը»։ Խաչատրյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության օրակարգը[22]։
2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունների վերսկսված էսկալացիան։ Եվրոպայի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում աջակցել է երկու կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ձգտման հարցում[23]։
2022 թվականի հունիսի 9-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Քլեր Բազի-Մալաուրին այցելել է Հայաստան և հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նախագահ Խաչատուրյանն ասել է. «Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ անկախությունից ի վեր Հայաստանը շատ սերտորեն համագործակցում է այդ կառույցի հետ, իսկ ԵԽ-ն Հայաստանի առանցքային գործընկերներից է»։ Իր հերթին Բազի-Մալաուրին հայտարարել է, որ «Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և հուսալի գործընկերն է»[24]։
2022 թվականի հունիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության 20-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բուրիչը հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ[25]։
2023 թվականի փետրվարի 16-ին Երևանում կայացած արարողության ժամանակ պաշտոնապես ներկայացվել է Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը Հայաստանի համար։ Գործողությունների ծրագիրը, ի թիվս այլ հարցերի, կենտրոնանալու է մարդու իրավունքների ամրապնդման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական բարեփոխումների, Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու վրա։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է․ «Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը»։ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք նախատեսված են ՀՀ կառավարության ծրագրում։ Գործողությունների ծրագրի իրականացման համար հատկացված բյուջեն կազմում է 19 միլիոն եվրո[26]։