Ղրիմահայեր | |||
---|---|---|---|
![]() | |||
Ընդհանուր քանակ | |||
10, 000 (8, 700 Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և 1, 300՝ Սևաստոպոլում)[1] - 20, 000[2] | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Հայերեն, Ռուսերեն, Ուկրաիներեն | |||
Հավատք(ներ) | |||
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթողիկե և հայ ավետարանական) |
Հայերը Ղրիմում բնակություն են հաստատել դեռևս 11-12-րդ դարերից սկսած՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության (885-1045) անկման հետ։ Այդ շրջանում Ղրիմի թերակղզում հայ համայնքները ձևավորվել էին Հայաստանից արտագաղթած և Բյուզանդական կայսրության տարբեր հատվածներում ապաստան գտած հայերից։ Նրանք Բյուզանդիայի, ապա սելջուկ-թուրքերի և մոնղոլների արշավանքների հետևանքով անցել էին Ղրիմ Կոստանդնուպոլսից և Տրապիզոնից[3]։
Զարգացած միջնադարում Ղրիմը հայերին ձգում էր հատկապես առևտրին հարմար իր դիրքով։ Ղրիմի շատ ծովափնյա կետեր մինչև 13-րդ դարը ներառյալ Բյուզանդիային ենթակա տարածքներ էին։ Այն սևծովյան ավազանի երկրների հետ կատարվող առևտրի ամենակարևոր օղակն էր։ Առևտրական նպատակներով անցնելով Ղրիմ՝ հայ վաճառականները աստիճանաբար հաստատվում էին ծովափնյա շրջաններում։ Նրանց էին հետևում նաև հայ հողագործներն ու արհեստավորները։11-14-րդ դարերում Ղրիմի հարավարևելյան և արևմտյան ծովափնյա վայրերում՝ Կաֆայում, Խերսոնեսում և Սուդակում, հայերը մշտական բնակություն էին հաստատել։ Միջնադարում նրանց ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր։ 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Դրան կից գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը[4]։ Վերջինս 1845 թվականին կառուցել էր նաև իր արվեստանոցը, որը հետագայում վերածվել է պատկերասրահի[5]։
Ղրիմի հետ հայերի առաջին կապերը վերաբերում են Տիգրան Բ Մեծի (Ք.ա 95-55) և Պոնտոսի արքա Միհրդատ VI Եվպատորի (Ք.ա 111-63) ժամանակներին։ Վերջինիս որդին Բոսպորի (Ղրիմի) թագավորն էր։ Ղրիմի մասին առաջին տեղեկություններից մեկը հաղորդում է Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցը» (7-րդ դար)։ 8-րդ դարի սկզբին Խերսոնեսում էր հաստատվել իշխան Վարդանը, որը տեղի ապստամբների օգնությամբ 711 թվականին տապալեց Հուստինիանոս II-ին և հռչակվեց Բյուզանդիայի կայսր՝ Ֆիլիպիկոս Բարդանես անունով (711-713)։ 10-րդ դարում Խերսոնեսի իշխանավորներից էր հայազգի Կալոկիրը, որի օգնությամբ Բյուզանդիան փորձ էր անում դիվանագիտական կապերի մեջ մտնել Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի հետ (945-972)։
Ղրիմում հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում։ Միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան» («Armenia Maritima») կամ «Մեծ Հայաստան»[6]։ 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Հայերի թիվը ստվարանում է 16-17-րդ դարերում, հատկապես ջալալիների շարժման ժամանակ ծայր առած արտագաղթի պատճառով։ Միջին դարերում հայերը տեղաբաշխված էին թերակղզու Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա), Սուդակ, Սուրխաթ (այժմ՝ Հին Ղրիմ), Կեոզլե (այժմ՝ Եվպատորիա), Կազարաթ, Ղարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ), Ակմեչիթ (այժմ՝ Սիմֆերոպոլ), Բախչիսարայ, Չեմբալո (այժմ՝ Բալակլավա), Օրաբազար (այժմ՝ Արմյանսկ), Ինկերման քաղաքներում, ինչպես նաև զուտ հայկական Խայալ, Բախչելի, Հորդալանկ, Թոփտի, Խամշլի, Ղշլավ, Շահինշահ, Նախիջևան և այլ գյուղերում։ 15-րդ դարի կեսին միայն Կաֆայի հայերի թիվը հասնում էր 50 000-ի[7]։ Ղրիմում ստեղծվել է հայկական երկու առաջնորդություն, որոնցից մեկը ընդգրկում էր Կաֆայից մինչև Չերքեզիա, մյուսը՝ Բախչիսարայից մինչև Կաուշան սփռված հայկական համայնքները։ Գտնվելով հանդերձ թուրք-թաթարական և ջենովական գերիշխանության տակ՝ ղրիմահայերն օգտվում էին ներքին ինքնավարությունից, ունեին իրենց զինված ուժերը։ 1783 թվականին Ղրիմը Ռուսական կայսրությանը միացվելուց հետո տեղի հայկական գաղթավայրերը հայ բնակչության նոր ներհոսքի շնորհիվ աստիճանաբար սկսում են վերակենդանանալ և աշխույժ կյանքով ապրել։
Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, ով այդ նպատակով 1787 թվականին ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ 1779 և 1799 թվականների ցարական հրովարտակներով Հին Ղրիմի և Ղարասուբազարի հայ համայնքներն ունեին ինքնավարական մարմիններ։
Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808 թվականներին, իսկ երկու տարի անց քաղաքն ուներ արդեն 1640 բնակիչ, որոնք կառուցել էին 165 նոր տուն, 4 քարվանսարա, 93 կրպակ, 6 սրճարան և այլն։ Հետագայում այստեղ տեղափոխվեցին մեծ թվով նորնախիջևանցիներ և գրիգորոպոլցիներ։ Ղրիմահայության գերակշիռ մասը կազմում էին արևմտահայերը։ Հին Ղրիմում 1808-1870 թվականներին գործում էր հայկական քաղաքային ռատուշան, իսկ Ղարասուբազարում 1790-1871 թվականներին՝ կաթոլիկների դատարանը։ Դրանք ինքնավարական մարմիններ էին, վարում էին նշված համայնքների վարչատնտեսական և դատական գործերը։ Նոր շրջանում ևս ղրիմահայերի հիմնական զբաղմունքներն էին առևտուրը, արհեստագործությունը, երկրագործությունը։ 18-րդ դարի վերջերից սկսած ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը հայերը պարբերաբար Թուրքիայից գալիս և հաստատվում էին Ղրիմում։
20-րդ դարի սկզբին հայերի թվաքանակը Ղրիմում ավելացավ։ 1913-1914 թվականին այն հասնում էր 14-15 հազարի։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։ Ղրիմահայ կյանքում եկեղեցին, կրոնական հարցերից բացի, միջամտում էր համայնքի աշխարհիկ խնդիրներին։ Մինչև 1803 թվականին ղիմահայության եկեղեցական գործերը վարում էր Նոր Նախիջևանի հոգևոր վարչությունը։ 1842 թվականին Ղրիմում նշանակվում է Ղրիմի հայ եկեղեցիների և Սուրբ Խաչ վանքի գլխավոր հոգաբարձու։
Ղրիմահայերի տնտեսական կյանքում մեծ դեր էին խաղում առևտուրը, արհեստներն ու երկրագործությունը։ Համայնքը բաժանված էր սոցիալական տարբեր խմբերի։ Ունևոր դասը ներկայացնում էին հարուստ վաճառականները, հողատերերը, վաշխառուները (Կաֆայում՝ Պահլավունիք, Մուղալենք, Դարիջանենք, Աղամալենք գերդաստաները), ուռճացած արհեստավորները, որոնք կրում էին իշխան, խոջա, էմիր, բեյ տիտղոսները։ Դասակարգային սանդուղքի ստորին ծայրում գտնվում էին քայքայված առևտրականներն ու արհեստավորները, աշխատավոր գյուղացիները՝ «ռամիկ ժողովուրդը»։ Կաֆայում և Սուդակում 14-15-րդ դարերում կային նաև վարձու հայ բանվորներ։ Հայ աշխատավորությունը ենթակա էր կրկնակի՝ սոցիալական և ազգային ճնշման, հարկեր ու տուրքեր էր վճարում մի կողմից «սեփական» վերնախավին և եկեղեցուն, մյուս կողմից՝ ջենովական և թուրք-թաթարական իշխանություններին։ Ջենովացիներին հայերը վճարում էին հողային, աղի, պարենային, շինարարության հարկ, տարատեսակ առևտրական մաքսեր, բարձր գլխահարկ (հույների 179 և հրեաների 75 սոմոյի դիմաց՝ 749 սոմո), իսկ Ղրիմի խանության գանձարանին՝ ուշուր (բերքի տասնորդական մասը), զիքեաթ (անասուններից և թռչուններից ստացված եկամտի 1/5-ը), հոգևոր հարկ։ Հայերին կաթոլիկացնելու նպատակով, Կաֆայում Հռոմի ստեղծած (1318) եպիսկոպոսության և հայ դոմինիկյան միաբանության (1333) գործ դրած ջանքերով, ջենովական գաղութային իշխանությունների աջակցությամբ 14-15-րդ դարերում որոշ հաջողություն ձեռք էր բերվել միայն հայ առևտրա-վաշխառուական վերնախավի շրջանում, իսկ հայ աշխատավորական զանգվածը համառ դիմադրություն էր ցույց տալիս։
13-14-րդ դարերում հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն էր, որը հետագա դարերում գնալով ծավալվեց։ Հենվելով հզորացած առևտրա-վաշխառուական կապիտալի վրա՝ հայ ունևոր դասը 14-15-րդ դարերում Ղրիմում գրավում էր առաջատար տնտեսական դիրք։ 13-րդ դարից սկսած մինչև 1475 թվականը Ղրիմի ինչպես ներքին, այնպես էլ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրում առաջատար տեղը պատկանում էր հայ և ջենովացի, իսկ 14-18-րդ դարերում՝ հայ և ռուս վաճառականներին։ Հայերի առևտրական գործունեությունը 13-18-րդ դարերում կենտրոնացած էր Կաֆա, Սուդակ, Սուրխաթ, Ղարասուբազար և Արմյանսկի բազար վաճառաշահ քաղաքներում։ Ղրիմահայերը առևտրական գործուն կապեր էին հաստատել Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների հետ (Լեհաստան, Գերմանիա, Վենետիկի և Ջենովայի հանրապետություններ, Ռուսաստան, Ռումինիա, Թուրքիա, Պարսկաստան, մոնղոլական տիրույթներ)։ Հայ առևտրական առավել ունևոր դասից առաջացել էին վաճառական-բանկիրներ, որոնք վարկավորում էին առևտրական մեծ գործարքները։ 15-րդ դարում Կաֆայում կային 10 հայ խոշոր բանկիրներ։ 19-րդ դարի վերջին Ղրիմում հաստատված առևտրական գիլդիաների 10 տոկոսից ավելին, որը կազմում էր թվով 523 վաճառականներ, հայեր էին։ Ղրիմահայերի մեջ հատկապես առանձնացել են խոշոր հողատերերը. այդպիսիք էին օրինակ Սերեբրյակովները, որոնք ունեցել են շուրջ 7000 դեսյատին, Սպենդիարովները՝ ավելի քան 6000 դեսյատին, Ստեփանյանները 2000 դեսյատին, նրանց փոքր-ինչ զիջում էին Օբերովները, Թոփալովները, Բենկլիևները և ուրիշներ։ Հայ առևտրականները Ղրիմ էին բերում մետաքսյա և բրդյա գործվածքներ, պատրաստի հագուստեղեն, բրինձ, գինի, ձեթ, սուրճ, պղինձ, ձյութ, շինանյութ և այլն, արտահանում՝ կաշվեղեն, ալյուր, ցորեն, վարսակ, բուրդ և այլն։ Ղրիմահայ վաճառականները մասնակցում էին Ռուսական կայսրության քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-56) հայ վաճառականությունը իր վրա էր վերցրել Սևաաոոպոլի ռազմական կարիքների մատակարարման զգալի բաժինը, իսկ 1860-70-ական թվականներին նկատելի ներդրում կատարեց նահանգում ծավալված երկաթուղային շինարարության մեջ։ Դարավերջին Ղրիմում միայն գիլդիաների մեջ ընդգրկված 4936 վաճառականներից 523-ը (10, 6%-ը) հայեր էին, առևտրի մեջ նրանց ներդրած կապիտալը հավասար էր 5 մլն ռուբլի։ Սակայն ղրիմահայ առևտրական կապիտալի զգալի բաժինը կազմում էր գիլդիաներից և հաշվառումից դուրս տարատեսակ արտոնագրերով մանրածախ առևտուր անող հայ ընտանիքների դրամագլուխը։
Ղրիմահայերի շրջանում նշանակալից տեղ ունեին արհեստները։ Կիսաքոչվոր թաթարները մեծ մասամբ անասնապահներ էին, հետևաբար արհեստները հիմնականում հայ և հույն համայնքների մենաշնորհն էին։ Հայ արհեստավորների մի մասը միավորված էր համքարություններում, որոնց անդամները հաճախ հանդես էին գալիս նաև որպես առևտրականներ։ Համքարությունների կազմը միատարր չէր, առկա էր դասային շերտավորում։ Հայերը ճանաչված արհեստավորներ էին Հին Ղրիմում, Ղարասուբազարում, Թեոդոսիայում, Սիմֆերոպոլում և Արմյանսկում։ Տեղի հայերի ձեռնարկատիրական ոլորտները նույնպես ավանդական հայկական էին. ոսկերչություն, դերձակություն, կոշկակարություն, ներկարարություն, գինեգործություն, կաշեգործություն, հյուսնություն, դարբնություն, որմնադրություն, ջուլհակություն, բրուտագործություն և այլն։ Ղրիմի տնտեսության մեջ 19-րդ դարում շարունակում էր կարևոր դեր խաղալ արհեստագործությունը։ Հայերը ճանաչված ոսկերիչներ էին, հյուսներ, դարբիններ, որմնադիրներ, քարտաշներ, դերձակներ, հացթուխներ, գինեգործներ։ Մեծ թիվ էին կազմում արևմտահայ արհեստավորները։ Որոշ ունևոր հայեր 19-րդ դարի երկրորդ կեսից իրենց կապիտալը ներդրել էին գործարանային արտադրության մեջ․ ունեին կաշեմշակման և կոշիկի, պահածոների, կղմինդրի և աղյուսի, օճառի ու մոմի, սննդի և այլ ձեռնարկություններ (Մոմջյաններ, Ռաֆայելյաններ, Կևորկովներ, Սրապիոնյաններ)։
Մեծ թվով հայեր զբաղվում էին այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ՝ արտահանելով իրենց արտադրանքի մի մասը։ Ղրիմի հայերը շարունակում էին հայկական գինեգործական ավանդույթները. հայ գինեգործներին վկայակոչելով՝ 18-րդ դարում գերմանացի ճանապարհորդ է․ Կլեմանի վկայությամբ, նրանք գինին օգտագործում էին «ջրի նման»։ 19-20-րդ դարերում հողագործության մեջ առևտրական կապիտալի ներթափանցման հետևանքով Ղրիմում առաջացել էր հայ խոշոր հողատերերի բավականին բազմանդամ մի խավ (Ստեփանյաններ, Օբերովներ, Սպենդիարովներ, Թոփալովներ, Բենկլիևներ և այլն)։ Ընդարձակ հողատարածություննհրի տեր էր հայ եկեղեցին։
1768-74 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական կառավարությունը, Ղրիմը Ռուսաստանին միացնելու խնդրին համապատասխան, իրականացնում է քրիստոնյա ազգաբնակչության տեղահանումը թերակղզուց։ 1778 թվականին Ղրիմից Ազովի նահանգ վերաբնակեցվեցին 12․598 հայեր, և միջնադարյան ղրիմահայ գաղութը վերացավ։ Նոր Նախիջևանից, Թուրքիայից և այլ վայրերից հայերի Ղրիմ տեղափոխվելու հետևանքով, 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ղրիմահայ գաղթավայրը վերականգնվել է։ 1860-ական թվականներին նրանց թիվը հասնում էր 7000-ի, դարավերջին՝ 9000-ի, 1913-14 թվականներին՝ 14-15 հազարի, չհաշված հարյուրավոր այն ընտանիքները, որոնք ռուսահպատակություն չէին ընդունել։
Ղրիմի հայերից շատերը իրականացրել են բարեգործական ծրագրեր. նկարիչ Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887 թվականին Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ «Էլեկտրիչեստովո» ընկերության ինժեներ Ն. Շահվերդյանի նախագծով 1901 թվականին Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ 19-20-րդ դարերում Ղրիմ անցած հայ գաղթականության մեծ մասը, սակայն, զրկված էր որևէ լուրջ ունեցվածքից։ Ղրիմահայերը հիմնականում գրանցված էին մեշչանների (քաղաքաբնակների) դասում։ Ժամանակի ընթացքում այդ դասի մեջ տեղի ունեցած շերտավորման հետևանքով առաջացավ առևտրա-արհեստագործական հարուստ մի խավ, որը վաճառականների, խոշոր հողատերերի և գործարանատերերի հետ միասին ներկայացնում էր գաղութի ունևոր վերնաշերտը։
19-րդ դարի երկրորդ կեսին, կապիտալիզմի զարգացման պայմաններում, ղրիմահայերը հաղորդակից են դառնում համառուսական անցուդարձերին, ընդլայնվում են նրանց հասարակական կյանքի շրջանակները։ 20-րդ դարի սկզբին ղրիմահայերի առանձին ներկայացուցիչներ սոցիալ-դեմոկրատական շարժման կազմակերպիչներ էին․ հայտնի է Արմեն Բահաթրյանը, որը 1905-07 թվականների հեղափոխական լայն գործունեություն էր ծավալել և, Տավրիկիայի նահանգական ժանդարմական վարչության պետի տվյալներով հանդիսանում էր Ղրիմում «սոցիալ-դեմոկրատական կազմակերպության պարագլուխը»։ 1907 թվականին նա փորձել է թերակղզում վերականգնել կուսակցական աշխատանքը, որի համար հետապնդվել է ոստիկանության կողմից։ 1912-13 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ Ղրիմում աշխուժացել է հնչակյանների գործունեությունը, ստեղծվել է կուսակցության Ղրիմի բաժանմունք։
Ղրիմի հայկական դպրոցները գործել են 11-րդ դարից սկսած, զարգացում են ապրել 14-15-րդ դարերում։ Նշանավոր էին Կաֆայից (Թեոդոսիա) ոչ հեռու գտնվող Սուրբ Անտոն անապատի դպրոցը (1425-1450) և Սուրբ Խաչ վանքի ճեմարանը (14-17-րդ դարեր)։ Հայտնի էին իմաստասեր Սարգիսը, րաբունապետ Ստեփանոս Թոխաթեցին, Հակոբ Կաֆայեցին։
Միջնադարյան հայ գրականության մեջ հայտնի են ղրիմահայ տաղասացները՝ Սիմեոն, Խասպեկ, Վարդան, Վրթանես Կաֆացիները, Մարտիրոս Ղրիմեցին։ Որոշակի զարգացման են հասել գիտության մի շարք բնագավառները։ Բժշկության ասպարեզում հայերն այնքան էին առաջադիմել, որ թաթար խաների բժիշկները հիմնականում նրանք էին։
14-18-րդ դարերում հայերը ծավալել են շինարարական լայն գործունեություն՝ պահպանելով հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները։ Նշանավոր հուշարձաններ են Սուրբ Խաչ վանքը (Սուրխաթ, 1358), Սուրբ Սարգսի (Թեոդոսիա, 12-13-րդ դարեր), Հովհաննես Մկրտչի (Թեոդոսիա, 1348), Հրեշտակապետաց (Թեոդոսիա, 1408), Սուրբ Գևորգի (Թեոդոսիա, 14-15-րդ դարեր), Սուրբ Նիկողայոսի (Թեոդոսիա, 12-13-րդ դարերի) եկեղեցիները, Բախչելի գյուղի Սուրբ Փրկիչ վանքը (14-րդ դար) և այլն։ Թաթարական հարձակումներին դիմագրավելու նպատակով հայ համայնքը 14-15-րդ դարերում Կաֆան շրջապատել էր աշտարակակիր երկրորդ պարսպով (կոչվում էր «Հայոց բերդ»)։ 1316 թվականին Կաֆայում հայերն անցկացրեցին ջրմուղ։ Հայ շինարարները նման ջրմուղներ էին կառուցել Դվույակորնի ծովախորշում, Սուրբ Խաչ վանքում, Թոփլի հայկական գյուղում։
Ղրիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ), 1816 թվականին։ 1820 թվականին դպրոցում սովորում էին 80 երեխա։ Հայկական դպոցներ են բացվում նաև Հին Ղրիմում, Թեոդոսիայում, Եվպատորիայում, Կերչում, Օրաբազարում (այժմ՝ Արմյանսկ), Սուդակում և այն վայրերում։ 1905 թվականին Տավրիայի նահանգի 9 հայկական դպրոցներում սովորում էր 250 աշակերտ։ Ղրիմահայ ծխական դպրոցները որակյալ մասնագետներով ապահովելու համար նշված դպրոցներից Լազարյան ճեմարան, ինչպես նաև՝ Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ էին ուղարկվում ընդունակ ուսանողներ, ովքեր ուսումը ավարտելուց հետո վերադառնում էին Ղրիմ՝ մանկավարժական աշխատանքի անցնելու համար։
Ղրիմահայ ուսումնական հաստատությունների շարքում խիստ առանձնանում է Խալիբյան ուսումնարանը։ 1858 թվականի հունիսի 4-ին Գաբրիել Այվազովսկու ներկայացրած նախագիծը հաստատվում է կայսր Ալեքսանդր II-ի (1855-1881) կողմից՝ «Կանոններ Հայկազյան ուսումնարանի» անվան տակ, որը հնարավորություն է տալիս օգտագործելով Խալիբյանների նյութական աջակցությունը, 1858 թվականի հոկտեմբերի 14-ին բացել ուսումնարանը։ Սկզբում այստեղ սովորում էին 89 աշակերտ, որոնց թիվը այնուհետև հասավ 140-ի։ Ուսումնարանն ուներ տպարան, ուր տպագրվում էին հայերեն և ռուսերեն լեզուներով դասագրքեր, թարգմանչական գրականություն, տարեգրքեր և այլն։ Այստեղ տպագրվում էին երկու հայկական պարբերականներ՝ «Մասյաց աղավնին» և «Դաստիարակը»։
19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին ղրիմահայերից հայտնի էին նկարիչ Հովհաննես Այվազովսկին, նրա տաղանդավոր աշակերտ Մահտեսյանը, հայ դասական և ազգային երաժշտության խոշոր ներկայացուցիչներ Ալեքսանդր Սպենդիարյանն ու Քրիստափոր Կարա-Մուրզան։
Ղրիմահայ մշակույթի նկատելի դրսևորումներից մեկը ճարտարապետությունն էր, հայերի շինարարական գործունեությունը թերակղզում։ Հայկական դասական ճարտարապետության հիանալի կոթող է Յալթայում 1905-1909 թվականներին կառուցված Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցին։ Ճարտարապետական հուշարձան է Հովհհաննես Այվազովսկու պատկերասրահը, որը կառուցվել է իր իսկ նախաձեռնությամբ և միջոցներով։ Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը չեն պահպանվել։ Առավել հայտնի կրոնական կառույցներ էին Սուրբ Խաչ վանքը, Թեոդոսիայի Սուրբ Գեորգի և Սուրբ Ստեփանոս եկեղեցիները և այլն։
Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով։
Ղրիմի վերջին՝ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ 2 024 056 բնակչության ընդամենը 0.4 տոկոսն են հայեր եղել (պաշտոնապես՝ մոտ 9000 մարդ)։ Սա 18-րդ դարի առաջին քառորդից մինչ օրս ամենափոքր թիվն է. այն ժամանակ Ղրիմի 467 000 բնակչության 2, 1 տոկոսն էին հայեր[9]։
2009 թվականի սեպտեմբերին Ղրիմի վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվել էր «Հայերը Ուկրաինայում երեկ, այսօր, վաղը» խոորագիրը կրող միջազգային գիտաժողով, որի մասնակիցները ոչ միայն Ուկրաինայից էին, այլև Բելառուսից, Լեհաստանից, Ռուսաստանից ու Հայաստանից։ Դա «ուկրաինական» Ղրիմի տարածքում կազմակերպված թվով երկրորդ գիտաժողովն էր[10][11]։
2012 թվականին Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ (մայիսի 10-ին), Թեոդոսիայի հնագիտական թանգարանում բացվել է «Գաբրիել Այվազովսկին և Խալիբյան ուսումնարանը. թանգարանի ֆոնդերի նյութերը» ցուցադրությունը[12]։
2013-14 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի ընթացքում հայերը պաշտոնապես հայտարարում են իրենց չեզոքության մասին։
![]() |
Ղրիմահայոց ընկերությունը բոլոր հայերի անունից որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս, պահպանում է նեյտրալիտետ՝ ինչպես և բոլոր հայերը ամբողջ Ղրիմում, որևէ կոնֆլիկտի չենք գնում ո՛չ ռուսների, ո՛չ Ղրիմի թաթարների, ո՛չ ուկրաինացիների հետ։ Այնպես որ, մեր քաղաքական դիրքորոշումը՝ այսպես կոչված, եթե դա կարելի է քաղաքական դիրքորոշում անվանել, դա բարիդրացիական հարաբերություններն են, որպեսզի Ղրիմում խաղաղություն տիրի - Ղրիմահայոց ընկերության փոխնախագահ Վերմիշյան[13]
|
![]() |
2014 թվականի գարնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել հայտարարությամբ, որ մտադիր է Ղրիմի թաթարների և այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր ստորագրել՝ ընդգծելով, որ ստալինյան ռեպրեսիաներից տուժել են հայերը, գերմանացիները, հույները[14]։Նույն թվականի աշնանը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորրվելուց հետո, հայերը որոշել են տարածաշրջանային մշակութային ինքնավարություն ձևավորել։ Նախատեսվում է դրա կազմում ընդգրկել տեղական 17 հայկական կազմակերպություններ։ Համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի հայտարարության համաձայն, տարածաշրջանային ազգային մշակութային ինքնավարությունը գրանցելու են 2014 թվականի դեկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարությունում[15]։
2014 թվականի դեկտեմբերին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Դմիտրի Շչեպետկովը այցելել է երկու եկեղեցի՝ Սուրբ Գևորգ և Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց։ Ըստ նրա՝ նախնական հաշվարկներով հարկավոր են լուրջ պետական ներդրումներ՝ մոտ 1, 5 մլն դոլար[16]։ Հայ համայնքի միջոցներով 2016 թվականին սկսվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքները[17]։
2015 թվականի նոյեմբերին Ղրիմում կայացել է «Ծովային Հայաստան» խորագիրը կրող փառատոն։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին հայկական տաղավարներ՝ ղրիմահայերի ձեռագործ աշխատանքներով և ուտեստներով։ Ելույթ են ունեցել ղրիմահայ անհատ կատարողներ ու համույթներ, այդ թվում՝ «Արարատ» պարի խումբն ու «Անի» երգչախումբը։ Միևնույն ժամանակ Յալթայի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացումը։ Այդտեղ յուրաքանչյուր ուրբաթ հաճախում է շուրջ 30 աշակերտ։ Մինչ այդ՝ հետխորհրդային շրջանում՝ սկսած 1991 թվականից, Յալթայի հայերը հաճախել են հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոց[18]։
2017 թվականին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի առթիվ նախատեսվում էր կարգի բերել հայկական ճարտարապետական հուշարձանները[19]։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ներառված Ղրիմի հայկական եկեղեցիներն են.
Ղրիմի տարածքում կորուսյալ հայկական եկեղեցիներն են.
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |