Հայկական Պար | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Թուրքիա |
Տեղադրություն | Հայկական հրաբխային բարձրավանդակ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3455 մետր |
Երկարություն | 400 կմ |
Հայկական Պար[1] լեռնաշղթան գտնվում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում՝ Բյուրակն ու Մասիս լեռնազանգվածների միջև։ Ունի աղեղնաձև կառուցվածք, ուռուցիկ մասով՝ դեպի հյուսիս։ Երկարությունը մոտ 250 կմ է, լայնությունը՝ 30-35 կմ։ Առավելագույն բարձրությանը հասնում է Սուկավետ գագաթում՝ 3445 մ։ Ջրբաժան է Սև, Կասպից ծովերի ու Պարսից ծոցի ավազանների միջև։
Կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածքային ծալքավորված ապարներից ու գերհիմնային ներժայթուքներից՝ ծածկված անդեզիտային ու բազալտային լավաներով։ Նեոգեն-անթրոպոգենի լեռնակազմական շարժընթացների հետևանքով ճեղքատվել ու ենթարկվել է տեկտոնական բարձրացումների։
Լանջերը ժայռոտ ու զառիթափ են՝ կտրտված բազմաթիվ կիրճերով։ Արևմուտքից արևելք լեռնաշղթան ցածրանում է։ Մասիսից բաժանվում է Խարաբաբազարի լեռնանցքով։
Հայկական Պարի Արևմտյան մասում Սարիկամ բարձրադիր լեռնավահանն է, կենտրոնում ծալքաբեկորավոր լեռնազանգված, որի վրա է Սուկավետ լեռը։ Արևելյան մասը միջին մասնատվածության հրաբխային կոներով լեռնային շրջան է, որի հարավային ճյուղավորությունների մեջ է Գայլատու լիճը։ Լանջերից սկիզբ են առնում Արաքսի և Արածանիի մի շարք վտակներ։ Կան հրաբխային շինանյութերի, քարաղի խոշոր պաշարներ։
Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Տեղ-տեղ կան կաղնու և գիհու նոսր անտառներ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 189)։ |