Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Armenian Red Cross Society | |
---|---|
Տեսակ | national Red Cross and Red Crescent society? |
Ընկերության տեսակ | Մարդասիրական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն |
Հիմնադրված է | 1920 թվական |
Վայր | Երևան, Պարոնյան 21/1 |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Մխիթար Մնացականյան |
Արդյունաբերություն | emergency and relief? |
Մայր ընկերություն | Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում |
Կայք | redcross.am |
Մասնակից է | International Federation of Red Cross and Red Crescent Societies? |
Հայկական կարմիր խաչի ընկերություն, Հայաստանում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն։ Հայաստանի տարածքում Կարմիր խաչի միակ ազգային ընկերությունն է։ Ունի 11 մարզային, 1 տարածաշրջանային և 52 համայնքային մասնաճյուղեր[1]։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում[2]։
Հայաստանում ԿԽՄԿ գործունեության իրավապայմանագրային հիմքը հանդիսանում է 1993 թվականին կնքված «ՀՀ կառավարության և ԿԽՄԿ միջև Հայաստանի Հանրապետությունում ԿԽՄԿ կարգավիճակի մասին» համաձայնագիրը[3]։ 1993 թվականի մարտի 31-ին Հայաստանը պաշտոնապես միացավ Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ կոնվենցիային, իսկ Հայաստանի նախագահի հրամանագրով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց միակ կամավոր, անկախ և ինքնավար ազգային ընկերությունը, որը համագործակցում է մարդասիրական ոլորտում Հայաստանի կառավարության հետ ու իր գործունեությունն իրականացնում է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան։ 1995 թվականին Հայկական կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ու դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ[4]։
ՀԿԽԸ-ն Հայաստանում գործող խոշոր և հայտնի մարդասիրական կազմակերպություններից մեկն է ու իր գործունեության ընթացքում համատեղ ծրագրեր է իրականացրել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ[5]։
Հայկական կարմիր խաչի ընկերությունն ստեղծվել է 1920 թվականի մարտի 19-ին։ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանը վավերացրեց ՀԿԽԸ կանոնադրությունը, և ընկերությունը ստացավ «Հայաստանի կարմիր խաչի ընկերություն» անվանումը։ ՀԿԽԸ-ն իր գործունեությունն սկսեց ծավալել բավականին բարդ ժամանակներում, երբ հանրապետությունում տիրում էր սով, թշվառություն, համաճարակ, պատերազմական իրավիճակ և դրա հետևանքով բազմաթիվ փախստականների հոսք Արևմտյան Հայաստանից։ Անկախ այս հանգամանքից՝ մի խումբ բժիշկներ և գիտնականներ, հասարակական գործիչ Սպանդարատ Կամսարականի գլխավորությամբ, կարողացան հիմք դնել Հայաստանի Կարմիր խաչի ընկերությանը[6]։ Չնայած սահմանափակ միջոցներին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության շնորհիվ բացվեցին ժամանակավոր բուժկետեր, ծննդատներ, կանանց կոնսուլտացիայի սենյակներ, ներկայիս Եղեգնաձորում բացվեց հիվանդանոց, իսկ Նորաշենում՝ բուժական և մթերային կետ։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 15-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրամանագիր ստորագրեց՝ համաձայն որի որոշվեց վերսկսել ընկերության գործունեությունը և արդեն 1922 թվականի մայիսին վերահաստատվեց ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերության կանոնադրությունը։ Դրա գործունեությանն աջակցելու նպատակով որոշվեց ընկերությանը տրամադրել ընդհանուր հարկերի 5%-ը, արտասահմանյան անձնագրերի ձևակերպումներից ստացված գումարի 15%-ը, ժամանցային հիմնարկների եկամտի 2%-ը, ինչպես նաև արտասահմանից ստացված նվիրատվությունները[7]։
Գործունեության հենց սկզբից ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունն սկսում է առաջին հերթին օգնություն տրամադրել փախստականներին ու որբերին։ Կառույցն իր իսկ միջոցներով Երևանում և Էջմիածնում բացում է որբանոցներ, իրականացնում երեխաների բժշկական սպասարկում, բացում ծննդատներ ու հիվանդանոցներ։ ՀԿԽԸ-ն Երևանում նախաձեռնում է առաջին բուժքույրական դասընթացները, որի հիմքի վրա ավելի ուշ ստեղծվում է երկամյա քույրական դպրոց։
Հայաստանի Կարմիր խաչ ընկերությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին բուժօգնություն է ցուցաբերել հիվանդ ու վիրավոր զինվորներին, սատարել Խորհրդային Հայաստանի տարածք ներգաղթած ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին։ Իսկ արդեն հարյուրավոր կամավորներ էլ օգնել են վիրավորներին ու հոգացել որբերի առողջության ու դաստիարակության մասին։
Սպիտակի երկրաշարժը մեծ ազդեցություն է ունեցել ՀԿԽԸ վերակազմավորման ու զարգացման վրա։ Կառույցը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և միջազգային այլ կազմակերպությունների ու անհատների կողմից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության հայթայթման, համակարգման և տրամադրման աշխատանքներում։ Երկրաշարժից 10 օր անց որոշվեց Երևանում կառուցել Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն, որը պետք է սպասարկեր հենաշարժողական համակարգի վնասվածքներով տառապող հաշմանդամներին։ «Գրացիա» անունը կրող միջազգային վերականգնողական կենտրոնը հիմնադրվեց 1992 թվականին[8][9]։
1993 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց Կարմիր խաչի միակ ազգային, անկախ և ինքնավար ընկերությունը։ Արդեն 1995 թվականին ՀԿԽԸ-ն ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաև դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ։
2012 թվականին Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնություն է ցուցաբերել նաև սիրիահայերին, որոնք քաղաքացիական պատերազմի պատճառով արտագաղթել էին Հայաստան[10]։
Հայկական կարմիր խաչի ընկերությունն առաջնորդվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման սկզբունքներով, որոնց թվում են մարդասիրությունը,անկողմնակալությունը, չեզոքությունը, անկախությունը, կամավորությունը, եզակիությունը և համընդհանրությունը[11]։ Դրանք ամրագրված են նաև ԿԽՄԿ կանոնադրության մեջ։
Որպես իր գործունեության ռազմավարական գլխավոր ուղղություններ՝ ՀԿԽԸ-ն սահմանել է աղետների կառավարումը, բնակչության տեղաշարժը, առաջին օգնությունը, որոնողական ծառայությունները, սոցիալական ոլորտը, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանքն ու մարդասիրական արժեքների տարածումը[12]։
ՀԿԽԸ գործունեության առաջնահերթություններից է առաջին օգնության հմտությունների ուսուցումն ու տարածումը։ Ընկերության Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնն Առաջին օգնության դասընթացներ է իրականացնում Հայաստանի տարածքում։ Դրանք կազմակերպվում են համայնքների բնակիչների, տարբեր կազմակերպությունների շահառուների և կրթական հաստատությունների համար[13]։
1992 թվականի նոյեմբերի 3-ին հիմնադրվել է նաև ՀԿԽԸ շրջանակներում գործող Երիտասարդական Կարմիր խաչը։ Վերջինս իր գործունեությունը ծավալում է ՀԿԽԸ մարզային և տարածքային մասնաճյուղերում ու իրականացնում սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրեր, անցկացնում միջոցառումներ առողջապահության ոլորտում, ռեսուրսների հայթայթման համար կազմակերպում քարոզարշավներ, դրամահավաքներ, հանգանակություններ, բարեգործական երեկոներ[14]։