Հայցային վաղեմություն, իրավաբանական տերմին, քաղաքացիական իրավունքի ինստիտուտ, օրենքով սահմանված ժամանակահատված, որի ընթացքում անձն իր խախտված իրավունքի պաշտպանության համար իրավունք ունի դիմելու դատարան։ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում հայցային վաղեմությունն իր ամրագրումն է գտել 21-րդ գլխում՝ 331-344-րդ հոդվածներում։ Հայաստանի քաղաքացիական իրավունքում հայցային վաղեմությունը համարվում է իմպերատիվ ժամկետ, այսինքն՝ կողմերը պայմանագրով այս ժամկետը չեն կարող փոփոխել։
Հայցային վաղեմության ժամկետը (անգլերեն՝ laches) ծագում է ֆրանսերեն laschesse բառից, որ նշանակում է անփութություն և զգոնություն բառի հականիշն է[1][2]։ ԱՄՆ Գերագույն դատարարանի կողմից 1961 թվականին «Կոստելլոն ընդդեմ ԱՄՆ»-ի գործով կայացրած որոշումը հաճախ համարվում է հայցային վաղեմության առաջին պաշտոնական մեկնաբանումը[3]։ Հայցային վաղեմության ժամկետը պաշտպանության կողմի համար յուրահատուկ երաշխիք է։ Եթե հայցվորը հայց է հարուցում դատարան, բայց անցել է հայցային վաղեմության ժամկետը, պաշտպանության կողմը կարող է հանդես գալ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությամբ, և այս դեպքում դատարանը պարտավոր է մերժել հայցը՝ անկախ պահանջի հիմնավորվածությունից։
Հայցային վաղեմության ժամկետը կարևոր է այնքանով, որ ժամանակի ընթացքում ապացույցները կարող են կորչել կամ վնասվել, կամ վկաների հիշողությունը կարող է խամրել, հանգամանքները՝ փոխվել, ինչը էական վնաս կպատճառի գործի քննությանը։
Սովորաբար առանձնացնում են հայցային վաղեմության երկու տեսակ․
Հայցային վաղեմության ինստիտուտի կարևորությունը հաշվի առնելով՝ օրենսդիրը այս ինստիտուտին տվել է իմպերատիվ, այսինքն՝ հրամայական բնույթ։ Սա նշանակում է, որ կողմերի համաձայնությամբ չի թույլատրվում փոխել հայցային վաղեմության ժամկետը կամ դրա հաշվարկման կարգը։
Իրավունքում ժամկետների ընդհանուր հասկացության համաձայն՝ ժամկետ է համարվում այն որոշակի ժամանակահատվածը՝ տարի, ամիս, եռամսյակ, կամ ժամանակի պահը՝ օր, ժամ, որի անցնելու հետ օրենքը կապում է որոշակի իրավական հետևանքներ։ Հայցային վաղեմությունը ժամկետի տեսակ է, որը դրսևորվում է քաղաքացիական իրավունքում, և այդ ժամկետի անցման հետ օրենքը կապում է կողմի՝ դատարան դիմեկու հնարավորությունը։ Հայցային վաղեմությունը սկսում ենք հաշվել այն պահից, երբ անձը իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ իր իրավունքը խախտվել է։ Եթե սահմանված է ժամանակի կոնկրետ պահ, օրինակ՝ սեպտեմբերի 8, ապա հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել այդ օրվան հաջորդող օրվանից։ Կարող են լինել իրավիճակներ, երբ հայցային վաղեմության ժամկետը կասեցվի։ Կասեցման էությունն այն է, որ ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակահատվածը, երբ անձը զրկված է եղել իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հնարավորությունից։ Հայցային վաղեմության հիմքերը նախատեսվում են օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածում։ Հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է, եթե .
Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ սույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում։ Եթե հայցային վաղեմության հատուկ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա հայցային վաղեմության ժամկետը կասեցվում է, եթե վերոնշյալ հիմքերը ծագել են հայցային վաղեմության ժամկետի ընթացքում։ Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը։ Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից՝ մինչև վաղեմության ժամկետը։
Հայցային վաղեմության ժամկետը կարող է նաև ընդհատվել։ Իրավունքում ժամկետի ընդհատում ասելով հասկանում ենք այն իրավիճակը, երբ ժամկետի հաշվարկը դադարեցվում է, և այն սկսում են հաշվել նորից։ Հայցային վաղեմության ընդհատման դեպքում մինչև ընդհատման պահը անցած ժամանակահատվածը հաշվի չի առնվում, և հայցային վաղեմությունը սկսում է հոսել նորից։ Հայցային վաղեմության ընդհատման հիմքերը ևս սահմանված են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով։ Օրենսգրքի 340-րդ հոդվածը սահմանում է այդպիսի երկու հիմք․
Եթե դատարան հայց է հարուցվում, այն քննվում է, բավարարվում կամ մերժվում։ Սակայն կարող են լինել նաև այնպիսի դեպքեր, երբ դատարանը հայցը չքննի։ Այդպիսի դեպքերում դատարանը կասեցնում է գործի վարույթը, այսինքն՝ գործի դատաքննությունը, իսկ հայցային վաղեմության ժամկետը ընդհատվում է և սկսում է նորից հոսել սկզբից։ Սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ դատարանը ընդունել է հայցադիմումը։ Եթե դատարանը հայցադիմումը չի ընդունում, ապա հայցային վաղեմության ժամկետը չի ընդհատվում և շարունակում է հաշվարկվել ընդհանուր կարգով։ Պարտքի ընդունումը պարտապանի կողմից կարող է արտահայտվել տարբեր գործողություններով։ Այդպիսի գործողություն կարող է հանդիսանալ պարտքի մի մասի վճարումը, կամ օրինակ՝ պարտքը հավաստող նամակ, գրություն ուղարկելը, նման հայտարարությամբ հանդես գալը։ Անկախ նրանից, թե ինչ ձևով է պարտապանն ընդունում իր պարտքը, հայցային վաղեմության ժամկետը ընդհատվում է։ Քաղաքացիական իրավունքում հայցային վաղեմության ինստիտուտի առկայությունը թույլ է տալիս խուսափել դատարանին ուշացած ներկայացված դիմումներից, ինչն էլ իր հերթին ապահովում է քաղաքացիական իրավունքի շրջանառության կայունությունը։
Թեև հայցային վաղեմությունն անչափ կարևոր ինստիտուտ է, կան պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում։ Այսինքն՝ կան քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնց պաշտպանության համար անձը կարող է դատարան դիմել ցանկացած ժամանակ։ Այսպիսի բացառություններ սահմանելը կապված է այդ իրավունքների կարևորության ու բնույթի հետ։ Այս պահանջների ոչ լրիվ ցանկը սահմանում է ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը։ Մասնավորապես, այդպիսի պահանջներ են․