Հաննա Մինա արաբ․՝ حنَّا مينه | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1924[1][2][3] |
Ծննդավայր | Լաթակիա, Սիրիա[1] |
Վախճանվել է | օգոստոսի 21, 2018[2][3] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Դամասկոս, Սիրիա |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Alawite State, Սիրիայի Երկրորդ Հանրապետություն, Արաբական Միացյալ Հանրապետություն և Սիրիա |
Գրական ուղղություններ | սոցիալական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Sail and Storm?, The End of a Brave Man? և al-mṣābīḥ al-zrq? |
Անդամակցություն | Արաբ գրողներիմիություն |
Զավակներ | Saad Mineh? |
Հաննա Մինա (արաբ․՝ حنا مينة, մարտի 9, 1924[1][2][3], Լաթակիա, Սիրիա[1] - օգոստոսի 21, 2018[2][3], Դամասկոս, Սիրիա), սիրիացի գրող, լրագրող, արաբ գրողների լիգայի անդամ։
Հաննա Մինան ծնվել է 1924 թվականին Լաթակիայում, մեծացել է Թուրքիային սահմանակից Ալեքսանդրետտա քաղաքում։ Մանկության տարիներին ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, աշխատել տարբեր վայրերում, եղել է վարսավիր, հեծանիվների վերանորոգման վարպետ, նավաստի։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դպրոց չի հաճախել։ Դեռահաս տարիքում դարձել է կոմունիստ։ Առաջին գրավոր աշխատանքը եղել է հարևանների համար նամակներ գրելը[4]։ 1945 թվականին հրատարակել է իր առաջին «Վաճառվում է երեխա» պատմվածքը[5]։ 1947 թվականին Մինան տեղափոխվել է Դամասկոս, որտեղ աշխատանքի է անցել «Ալ-Նիշա» օրաթերթում։ 1951 թվականին դարձել է հրատարակության գլխավոր խմբագիր, եղել Սիրիայի գրողների միության հիմնադիրը։ 1940-1960-ական թվականներին կոմունիստական հայացքների համար բազմիցս ենթարկվել է հալածանքների, մասնավորապես, մի քանի անգամ կալանավորվել է։ 2002 թվականին մշակույթի բնագավառում ցուցաբերած վաստակի համար Բաշշար ալ-Ասադի կողմից պարգևատրվել է Սիրիայի Հանրապետության Բարձրագույն պարգևով[6]։ Հաննա Մինան 5 երեխաների հայր է։
Հաննա Մինան ռեալիզմի հետևորդ է։ Շուրջ 30 վեպերի հեղինակ է, որոնց զգալի մասը նվիրված է ծովին, որով գրողը տարվել է դեռևս նավաստի աշխատելու տարիներին։ Մինայի ստեղծագործության հիմնական թեման հասարակ մարդու կյանքն է[7]։ Մինայի գրքերից մեկի նախաբանում Նաջահ Ատտարը գրում է, որ Մինայի ստեղծագործությունների գլխավոր միտումը «մարդկային հզոր ուժի դժվարություններն ու սահմանափակումները հաղթահարելն է»[8]։ Մինան նաև զբաղվում է թարգմանությամբ (մասնավորապես, արաբերեն է թարգմանել Մաքսիմ Գորկու ստեղծագործություններից)[9]։