Հաշմանդամության սոցիալական մոդելը բացահայտում է համակարգային խոչընդոտները, նսեմացուցիչ վերաբերմունքը և սոցիալական բացառումը (դիտավորյալ կամ ոչ միտումնավոր), որոնք դժվար կամ անհնարին են դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց իրագործել իրենց համար արժեքավոր գործառույթներ։ Հաշմանդամության սոցիալական մոդելը տարբերվում է հաշմանդամության բժշկական գերակա մոդելից, որը, ըստ մարմնի ֆունկցիոնալ վերլուծության, այն համարում է նորոգման ենթակա մեքենա, որը պետք է համապատասխանի նորմատիվային արժեքներին[1]:Թեև ֆիզիկական, զգայական, մտավոր և հոգեբանական շեղումները կարող են հանգեցնել անհատական ֆունկցիոնալ տարբերությունների, դրանք պարտադիր չէ, որ հանգեցնեն հաշմանդամության, քանի դեռ հասարակությունը հաշվի չի առնում և մտածված կերպով ներառում նրանց՝ հարգելով անհատական կարիքները։ Մոտեցման ծագումը սկիզբ է առնում 1960-ականներից, իսկ կոնկրետ եզրույթն առաջացել է Միացյալ Թագավորությունում 1980-ականներին։
Հաշմանդամության սոցիալական մոդելը հիմնվում է սահմանափակում և հաշմանդամություն եզրույթների տարբերակման վրա։ Այս մոդելում սահմանափակում բառը կիրառվում է նկարագրելու այն հատկանիշները (կամ դրանց բացակայությունը), որոնք խոչընդոտում են անձին, ինչպիսիք են քայլելու կամ ինքնուրույն շնչելու անկարողությունը։ Կարիք է առաջանում վերասահմանել հաշմանդամությունը՝ նկարագրելու այն սահմանափակումները, որոնք առաջացնում է հասարակությունը, երբ չի ապահովում սոցիալական և կառուցվածքային արդարացի աջակցություն՝ ըստ հաշմանդամ անձանց կառուցվածքային կարիքների[2]։ Որպես պարզ օրինակ, եթե անձն անկարող է աստիճաններով բարձրանալ, բժշկական մոդելը կենտրոնանում է անձին աստիճաններով բարձրանալուն ֆիզիկապես ունակ դարձնելու վրա։ Սոցիալական մոդելը փորձում է աստիճանով բարձրանալը դարձնել ոչ անհրաժեշտ՝ օրինակ հասարակությանը ադապտացնելով նրանց կարիքներին և աջակցելով նրանց՝ աստիճանները փոխարինելով անվասայլակի համար նախատեսված թեքահարթակով[3]։ Համաձայն սոցիալական մոդելի՝ անձը հաշմանդամ է աստիճաններ բարձրանալու տեսանկյունից, բայց հաշմանդամությունն այս դեպքում աննշան է և այլևս չսահմանափակող, որովհետև անձը կարող է նույն տեղը հասնել առանց որևէ աստիճանի[4]։
Դեռ 1970-ականներից առաջ հաշմանդամության և հասարակության միջև երկխոսության եզրեր էին ի հայտ գալիս։ 1969-ին Բրիտանացի քաղաքական գործիչ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ Ալֆ Մորրիսը գրել է (շեշտադրումն՝ ավելացված).[5]
Հաշմանդամության սոցիալական մոդելի պատմությունը սկիզբ է առնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարժմանը զուգընթաց։ Մոտ 1970-ին Հյուսիսային Ամերիկայում զանազան խմբեր, այդ թվում՝ սոցիոլոգներ, հաշմանդամություն ունեցողներ և հաշմանդամակենտրոն քաղաքական խմբեր սկսեցին հեռանալ հաշմանդամությունը դիտարկելու ընդունված բժշկական հայեցակարգից։ Փոխարենը սկսեցին քննարկել երևույթներ, ինչպիսիք են ճնշում, քաղաքացիական իրավունքներ և հասանելիություն։ Խոսույթում այս փոփոխությունը հանգեցրեց հասարակության կառուցվածքում արմատացած հաշմանդամության վերաբեյալ նոր գաղափարների ձևավորման[6]։
1975-ին Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց՝ խտրականության դեմ միավորում (ՍՖՀԱԽԴՄ)[7] բրիտանական կազմակերպությունը պնդում էր. «Մեր կարծիքով հասարակությունն է, որ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց հաշմանդամ է դարձնում։ Հաշմանդամությունը մեր սահմանափակումների հետ պարտադրվում է հասարակական կյանքին լիարժեք մասնակցությունից մեր անհարկի մեկուսացման և բացառման միջոցով»[8][9]։ Սա հայտնի դարձավ՝ որպես հաշմանդամության սոցիալական մեկնաբանում կամ սահմանում[10]։
Հետևելով միավորման «հաշմանդամության սոցիալական սահմանմանը»՝ 1983 թվականին հաշմանդամ ակադեմիկոս Մայք Օլիվերն առաջին անգամ կիրառեց հաշմանդամության սոցիալական մոդել արտահայտությունը՝ հղում կատարելով գաղափարական այս զարգացումներին[11]։ Օլիվերը կենտրոնացավ անհատական մոդելը (որի մասն էր կազմում բժշկականը) ընդդեմ սոցիալականի գաղափարի վրա, որը ծագել էր սկզբնապես միավորման դրած սահմանափակման և հաշմանդամության միջև տարբերակումից[11]։ Օլիվերը կենտրոնացավ անհատական մոդելն ընդդեմ սոցիալականի գաղափարի վրա[12]։ 1990-ին լույս տեսած նրա նորարական «Հաշմանդամության քաղաքականությունը» գիրքը[13] լայնորեն մեջբերվում է որպես այս մոդելի ընդունման բեկումնային պահ։ Գրքում հաշմանդամության սոցիալական մոդելի մասին խոսվում է ընդամենը երեք էջ[6]։
«Սոցիալական մոդելը» ընդլայնվել և զարգացվել է ակադեմիկոսների և ակտիվիստների կողմից Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում և շատ այլ երկրներում՝ ներառելու հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ սովորելու դժվարություն, մտավոր հետամնացություն, զգացմունքային, հոգեկան առողջության կամ վարքային խնդիրներ ունեցողներին[14][15]։
Սոցիալական մոդելը դարձել է հաշմանդամության մշակութային ներկայացման վերլուծության առանցքային գործիք՝ գրականությունից մինչև ռադիո և բարեգործության պատկերումից մինչև կինոթատրոն։ Սոցիալական մոդելը, բացահայտելով, թե ինչպես է սովորութային պատկերումը ամրապնդում հաշմանդամություն ունեցողների դեմ ճնշումը, դարձել է, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և արխետիպերի դեմ պայքարի հասկացութային վերլուծության հիմնական գործիք։ Առանցքային տեսաբաններից են Փոլ Դրեյքը (կինոթատրոն), Լուիս Քիթը[16] (գրականություն), Լեոնարդ Դեյվիսը (խուլերի մշակույթ), Ջեննի Սիլին[17] (թատրոն) և Մերի-Փեթ Օ’Մալլին[18] (ռադիո)։
Սոցիալական մոդելի հիմնարար հատկանիշ է հավասարությունը։ Հավասարության համար մղվող պայքարը հաճախ համեմատվում է սոցիալապես մարգինալացված այլ խմբերի պայքարների հետ։ Ըստ ընդունված կարծիքի՝ հավասար իրավունքները մարդկանց ուժ են հաղորդում որոշումներ կայացնելու «կարողությամբ» և լիարժեք կյանք վարելու հնարավորությամբ։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստները, ինչպես այլ ակտիվիստներ, հաճախ են օգտագործում թեմատիկ «Մեր մասին, ուրեմն՝ մեզ հետ» արտահայտությունը[19]։
Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է հասարակության մեջ պահանջվող փոփոխությունների վրա։ Դրանք կարող են վերաբերել.
Օլիվերը մտադիր չէր, որ հաշմանդամության սոցիալական մոդելը լինի հաշմանդամության համապարփակ տեսություն, այլ ավելի շուտ դառնա հասարակության աչքում հաշմանդամությունը վերաձևակերպելու մեկնարկային կետ[6]։ Այս մոդելը պատկերվում էր որպես մի գործիք, որ կարող էր կիրառվել՝ բարելավելու հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը, ոչ թե ավարտուն բացատրություն ամեն փորձառության ու հանգամանքի համար[6]։
Սոցիալական մոդելի առաջնային քննադատություններից է դրա կենտրոնացումը ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց փորձառության վրա, ինչի արդյունքում անտեսվում են հաշմանդամության մյուս ձևերը, ինչպիսիք են հոգեկան առողջության խանգարումները[21]։
Երկրորդային քննադատությունը կապված է նրա հետ, թե ինչպես է սոցիալական մոդելը նսեմացնում սահմանափակումների ազդեցությունները[6][21]:Այսինքն՝ կենտրոնացումը, թե ինչպես սոցիալական միջավայրը կարող է պատճառ հանդիսանալ հաշմանդամության, միգուցե անտեսի սահմանափակումների «պարփակող, ցավալի և տհաճ լինելու» փաստը[21]։
Մյուս կողմից շատերը վիճում են ընդդեմ սահմանափակման վերաբերյալ խոսելիս կիրառված բառապաշարի՝ նշելով, որ հաշմանդամության որոշ տեսակներ բացառապես սոցիալական են, և որ ոչ մի սահմանափակում գոյություն չունի, ինչպիսին խուլերի համայնքում է[21]։ Սա առնչվում է տեսակի նորմ համոզմունքի վերաբերյալ քննադատությանը, ըստ որի՝ կա մարդկային «նորմալ» մարմին, որից ցանկացած շեղում կարող է «սահմանափակում» համարվել[22]։ Որոշ ակտիվիստներ և ակադեմիկոսներ պնդում են, որ տեսակի նորմին այս ապավինումը, միևնույն է, ենթադրում է, որ սահմանափակումները թերություններ են, ինչը նշանակում է, որ այս մոդելը, այնուամենայնիվ, խիստ կապված է հաշմանդամության բժշկական մոդելի հետ[21][22]։ Այսինքն՝ որպեսզի անձը համարվի հաշմանդամ, նա պետք է հայտնի, որ ունի սահմանափակում, որն ինչ-որ առումով նշանակում է, որ նա խանգարում ունի[21][22]։ Ավելի նոր հարացույցերը, ինչպիսիք են հոգեկան հիվանդությունների այլընտրանքային գիտությունը և նյարդաբազմազանությունն ուսումնասիրող գիտությունը, ճանաչում են մարդկային փորձառության լայն սպեկտր՝ առանց կենտրոնանալու տեսակի նորմի, և հետևաբար այդ նորմից սահմանափակում կամ թերություն համարվող շեղումների վրա[22]։
Սոցիալական մոդելը քննադատվել է նաև այն պատճառով, որ չի խթանում սովորական տարբերությունները հաշմանդամություն ունեցող անձանց միջև, որոնք կարող են լինել ցանկացած տարիքի, սեռի, ռասսայի և սեռական կողմնորոշման, և փոխարենը նրանց ներկայացնում է որպես միակերպ, թերինդիվիդուացված մարդկանց խումբ[6]։
Չնայած այս քննադատություներին, այն ակադեմիկոսները, ում ուսումնասիրության շրջանակներում է հաշմանդամությունը, նշում են, որ սոցիալական մոդելը, այնուամենայնիվ, հաջողությամբ օգնում է մարդկանց հաշմանդամության մասին մտածել ոչ որպես թերություն[21]։ Ինչպես Ֆինկելշթեյնն է նշում. «Լավ մոդելը կարող է հնարավորություն տալ մեզ տեսնել այն, ինչ մենք չենք հասկանում, որովհետև այդ մոդելում այն կարող է դիտարկվել տարբեր անկյուններից…, որոնք կարող են արթնացնել այնպիսի գաղափարներ, որ հակառակ դեպքում չէին հղանա»[23]::
20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին հաշմանդամության սոցիալական մոդելը Մեծ Բրիտանիայում դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց համար իշխող ինքնություն[24]։ Հաշմանդամության սոցիալական մոդելի ներքո հաշմանդամություն ունեցողի ինքնությունը ստեղծվում է «սահմանափակման առկայությամբ, հաշմանդամության հիմքով խտրականության ենթարկված լինելով և որպես հաշմանդամ ինքնաճանաչմամբ»[21]։
Ըստ հաշմանդամության սոցիալական մոդելի՝ անձին փոխել, «շտկել» կամ «բուժել» փորձելը, հատկապես նրա կամքին հակառակ, կարող է խտրական և նախապաշարմունքով լի լինել։ Այս վերաբերմունքը, որը, ըստ երևույթին, գալիս է բժշկական մոդելից և անձնական արժեհամակարգից, կարող է հարվածել ինքնասիրությանն ու խանգարել սոցիալական ներառմանը նրանց, ովքեր շարունակ ենթարկվում են դրան (օր.՝ նրանց ասվում է, որ այնքան լավը կամ պիտանի չեն առհասարակ և ամբողջությամբ, որքան ուրիշները)։ Որոշ համայնքներ ակտիվորեն պայքարել են «բուժումների» դեմ՝ միաժամանակ պաշտպանելով ուրույն մշակույթ կամ կարողությունների ամբողջություն։ Խուլերի համայնքում կարևորվում է նշանների լեզուն, թեև շատերը չեն տիրապետում դրան, և որոշ ծնողներ խոսում են ընդդեմ խուլ նորածինների համար նախատեսված կոխլեար իմպլանտների, որոնց նրանք չեն կարող համաձայնություն տալ[25]։ Աուտիզմ ունեցող մարդիկ կարող են ասել, որ նրանց «արտասովոր» վարքը, որը, ըստ նրանց, կարող է կարևոր նպատակի ծառայել իրենց համար, չպետք է ճնշվի՝ այլոց գոհացնելու համար։ Փոխարենը նրանք պայքարում են հանուն նյարդաբազմազանության ընդունման և տարբեր կարիքների և նպատակների հարմարեցման[26]։ Հոգեկան խանգարման ախտորոշում ունեցող որոշ մարդիկ պնդում են, որ իրենք պարզապես տարբեր են և պարտադիր չէ, որ հավասարվեն։ Մասնագետների համար հիվանդության/հաշմանդամության կենսահոգեսոցիալական մոդելը սրան անդրադառնալու փորձ է[27]։
Նյարդաբազմազանություն պիտակը կիրառել են հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների տարբեր պաշտպաններ՝ հաշմանդամության սոցիալական մոդելի համատեքստում[28]։ Պիտակը, սկզբնապես կապվելով աուտիզմի հետ, կիրառվել է նաև նյարդազարգացման այլ խանգարումների դեպքում, ինչպիսիք են ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, խոսքի զարգացման խանգարումները, դիսլեքսիան, դիսգրաֆիան, դիսպրաքսիան, դիսկալկուլիան, դիսնոմիան, մտավոր հետամնացությունը և Տուրետի համախտանիշը[29][30], ինչպես նաև շիզոֆրենիան[28][31], երկբևեռ աֆեկտիվ խանգարումը[32], և հոգեկան առողջության որոշ խանգարումներ, ինչպիսիք են շիզոաֆեկտիվ խանգարումը, հակասոցիալական անձնային խանգարումը[33], դիսոցիատիվ խանգարումներ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը[34][35]։
Սոցիալական մոդելը ենթադրում է, որ եվգենիկայի նման ուսմունքները հիմնված են սոցիալական արժեքների և հաշմանդամի պիտակ կրող անձանց ներուժի և արժեքների հանդեպ նախապաշարմունքային ընկալման վրա։ «Շուրջ 200.000 հաշմանդամ անձինք կոմունիստներից, քաղաքական այլ հակառակորդներից և նույնասեռականներից հետո եղել են Հոլոքոստի առաջին զոհերից»[22]։
1986 թվականին տպագրված մի հոդվածում նշվում է[36]։
Սոցիալական մոդելը ուժ է հաղորդում նաև տնտեսական առումով՝ նշելով, որ մարդիկ կարող են հաշմանդամ լինել իրենց կարիքները հոգալու համար անհրաժեշտ ռեսուրսների սղության պատճառով[6]։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձը կարող է աջակցման ծառայությունների կարիք ունենալ, որպեսզի կարողանա լիարժեք մասնակցել հասարակական կյանքին, և կարող է դառնալ հաշմանդամ, եթե հասարակությունը խզի հասանելիությունն այդ ծառայություններին՝ միգուցե կառավարության ձեռք առած տնտեսման միջոցների անվան ներքո։
Սոցիալական մոդելը անդրադառնում է նաև այլ խնդիրների, ինչպիսիք հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակությանն աջակցելու և վերջինիս տնտեսական արժեք ապահովելու ներուժի թերագնահատումը՝ մյուսների հետ հավասար իրավունքների և նույնքան համապատասխան պայմանների և հնարավորությունների ներքո։ Ըստ տնտեսական հետազոտության՝ այն ընկերությունները, որոնք փորձում են իրենց աշխատուժ ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց, գերազանցում են իրենց մրցակիցներին[37]։
2001 թվականի աշնանը Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայությունը պարզեց, որ աշխատունակ տարիքի բնակչության մոտավորապես մեկ հինգերորդն ունի հաշմանդամություն՝ կազմելով մոտավոր հաշվարկված 7.1 միլիոն հաշմանդամություն ունեցող անձ, մոտավոր հաշվարկված 29.8 միլիոն հաշմանդամություն չունեցող անձանց համեմատությամբ։ Այս վերլուծությունը նաև օգնեց հասկանալ, թե ինչու հաշմանդամություն ունեցող անձինք չեն մտնում աշխատաշուկա։ Պատճառներից մեկն այն է, որ հաշմանդամություն ունեցողի՝ աշխատաշուկա մուտք գործելու շահույթների կրճատման պատճառով չարժե աշխատանք ձեռք բերել։ Առաջարկվեց եռակողմ մոտեցում, այն է՝ հարկային և նպաստների համակարգի միջոցով ստեղծել աշխատելու շարժառիթներ, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձի հարկային գերավճարի միջոցով, օգնել մարդկանց վերադառնալ աշխատանքի, օրինակ՝ «Նոր գործարք հանուն հաշմանդամություն ունեցողների» ծրագրի միջոցով և միջոցներ գործադրել աշխատավայրում խտրականության դեմ հակախտրականության քաղաքականության միջոցով։ Սրանց համար հիմք են ծառայում Հաշմանդամության հիմքով խտրականության մասին 1995 թվականի օրենքը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովը[38]։
Կանադան և Միացյալ Նահանգները գործել են այն նախապայմանի ներքո, որ սոցիալական աջակցությունը չպետք է գերազանցի աշխատանքի միջոցով վաստակած գումարին, որպեսզի խրախուսի քաղաքացիներին փնտրել և պահպանել զբաղվածություն։ Սա հաշմանդամ քաղաքացիների շրջանում հանգեցրել է լայնատարած աղքատության։ 1950 թվականին նշանակվեց հաշմանդամության կենսաթոշակ, որն ընդգրկեց տնտեսական անմիջական աջակցության տարբեր ձևեր. այդուհանդերձ, փոխհատուցումը քիչ էր։ 1970-ականներից ի վեր երկու կառավարություններն էլ գործազրկության անփոփոխ բարձր ցուցանիշների պատճառով գործազուրկ և հաշմանդամ քաղաքացիներին համարել են հավելյալ աշխատուժ և նվազ ջանքեր են գործադրել զբաղվածության մակարդակը բարձրացնելու՝ «աշխատելու շարժառիթների» սկզբունքի պատճառով հաշմանդամ մարդկանց պահելով աղքատության շեմին հավասար եկամտով։ Աղքատությունը հաշմանդամ մարդկանց համար ամենախոցող հանգամանքն է։ Այն հանգեցնում է հասարակական կյանքին մասնակցության համար անհրաժեշտ բժշկական, տեխնոլոգիական և օժանդակ այլ միջոցներ ձեռք բերելու անկարողության[39]։
Միացյալ Թագավորությունում Հաշմանդամության հիմքով խտրականության մասին օրենքը հաշմանդամությունը սահմանում է՝ հիմնվելով բժշկական մոդելի վրա, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ սահմանվում են որպես որոշակի հիվանդություններ կամ «առօրյա գործեր» կատարելու կարողության սահմանափակումներ ունեցող անձինք։ Սակայն գործատուների և ծառայություն մատուցողների պահանջը՝ կատարելու «ողջամիտ փոփոխություններ» իրենց քաղաքականությունների և գործելաոճերի մեջ կամ իրենց ծառայությունների ֆիզիկական ասպեկտում, առաջնորդվում է սոցիալական մոդելով[40]։ Փոփոխություններ անելով՝ գործատուները և ծառայություն մատուցողները վերացնում են ըստ սոցիալական մոդելի արգելք հարուցող խոչընդոտները։ 2006 թվականին օրենքում կատարված լրամշակումները կոչ էին անում տեղի իշխանություններին և այլոց՝ ակտիվորեն նպաստել հաշմանդամության հավասարությանը։ Սա իրավական ուժ ստացավ Հաշմանդամության հավասարության՝ 2006 թվականին ամրագրված պարտավորությամբ[41]:2010-ին Հաշմանդամության հիմքով խտրականության մասին օրենքը (1995) ձուլվեց Հավասարության մասին 2010 թվականի օրենքին խտրականության դեմ պայքարի մասին առնչակից այլ օրենսդրությունների հետ մեկտեղ։ Հավասարության մասին 2010 թվականի օրենքը ընդլայնում է խտրականության մասին օրենքը՝ ներառելով անուղղակի խտրականությունը։ Օրինակ՝ եթե հաշմանդամ անձի խնամակալը ենթարկվում է խտրականության, սա ևս արդեն անօրինական է[42]։ 2010 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ այն ուժի մեջ մտավ, գործատուներն օրենքով չեն կարող աշխատանքային հարցազրույցում հարցեր տալ հիվանդության կամ հաշմանդամության վերաբերյալ, նույն կերպ և չի կարող բնութագրի հեղինակը նման հիշատակումներ անել բնութագրում, բացառությամբ, երբ հարցազրույցը շարունակելու համար անհրաժեշտ փոփոխությունների կարիք կա։ Աշխատանքի ընդունման պահից գործատուն օրենքով կարող է նման հարցեր տալ[43]։
Միացյալ Նահանգներում Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին 1990 թվականի օրենքը (ՀՈՒԱՕ) քաղաքացիական իրավունքների ընդգրկուն օրենք է, որն արգելում է խտրականությունը բազմազան հանգամանքներում[44]։ ՀՈՒԱՕ-ն աշխարհում քաղաքացիական իրավունքների մասին իր տեսակով առաջին օրենքն էր, և այն խտրականությունից պաշտպանում է հաշմանդամություն ունեցող ամերիկացիներին։ Այն մշակվել է Քաղաքացիական իրավունքների մասին 1964 թվականի օրենքից հետո, որը ռասայի, կրոնի, սեռի, ազգային պատկանելության և այլ հատկանիշների հիմքով խտրականությունը դարձրեց անօրինական։ Օրենքը պահանջում է, որ հասարակական տրանսպորտը, կոմերցիոն տարածքները և հանրային վայրերը հասանելի լինեն հաշմանդամություն ունեցողներին։
2007-ին Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը Chacón Navas v Eurest Colectividades SA դատավարության ժամանակ հակիրճ սահմանեց հաշմանդամությունը՝ համաձայն բժշկական մոդելի, որը բացառում էր ժամանակավոր հիվանդությունը՝ հաշվի առնելով զբաղվածության մեջ հավասար վերաբերմունքի ընդհանուր շրջանակ սահմանող Հրահանգը (Խորհրդի հրահանգ 2000/78/ԵՀ)։ Չնայած նախկինում ԵՄ-ի քաղաքականության փաստաթղթերում հաշմանդամության սոցիալական մոդելը հաստատելու մասին խոսույթին` հրահանգը որևէ կերպ չէր սահմանում հաշմանդամությունը։ Սա թույլ տվեց արդարադատության դատարանին որդեգրել բժշկական նեղ սահմանում
Վերջին մի քանի տասնամյակներին տեխնոլոգիան փոխակերպել է կապերը, ծառայություններն ու հաղորդակցությունը՝ նպաստելով հեռահաղորդակցման, համակարգիչների կիրառման և այլնի զարգացմանը։ Թվային այս հեղափոխությունը փոխել է մարդկանց աշխատելու, սովորելու և հարաբերվելու բնույթը՝ տեղափոխելով մարդկային այս տարրական գործողությունները տեխնոլոգիական հարթակներ։ Այդուհանդերձ, շատերը, որոնք օգտագործում են նման տեխնոլոգիաներ, կրում են հաշմանդամության որոշակի ձև։ Նույնիսկ եթե այն ֆիզիկապես տեսանելի չէ, նրանք, որոնք ունեն ճանաչողական սահմանափակումներ, ձեռքերի դող կամ տեսողության խանգարումներ, ունեն որոշակի հաշմանդամություն, որը թույլ չի տալիս նրանց լիարժեք հասանելիություն ունենալ տեխնոլոգիային այնպես, ինչպես «տեխնոլոգիական հաշմանդամություն» չունեցողները։
«Հաշմանդամություն և Նոր մեդիա» գրքում Քեյթի Էլլիսն ու Մայք Քենթը նշում են, որ «տեխնոլոգիան հաճախ ներկայացվում է որպես ազատագրվելու միջոց, սակայն Web 2.0-ի հետ կապված զարգացումները ցույց են տալիս, որ միշտ չէ այդպես»[45]։ Նրանք պնդում են, որ Web 2.0-ի տեխնոլոգիական առաջխաղացումը կապված է հասարակական գաղափարախոսության և խարանի հետ, որոնք հաճախ հաշմանդամ մարդկանց դարձնում են անկարողունակ[45]։
«Թվային հաշմանդամություն. հաշմանդամության սոցիալական կառուցվածքը Նոր մեդիայում» գրքում Գրեգ Գոգինն ու Քրիստոֆեր Նյուելն առաջ են քաշում Նոր մեդիայի և հաշմանդամության հետ կապված խնդիրների վերաբերյալ նորարարական պատկերացում[46]։ Նրանք նկարագրում են հեռահաղորդակցությունից մինչև օժանդակ տեխնոլոգիաներ զարգացումները՝ առաջարկելու հաշմանդամության տեխնոգիտություն, որն առաջ է քաշում համընդհանուր հայեցակետ, թե ինչպես են քաղաքականություն մշակողները, կորպորացիաները, ծրագրավորողները և հենց հաշմանդամություն ունեցողներն իրենք ներկայացնում հաշմանդամ մարդկանց՝ որպես Նոր մեդիայի բաժանորդներ, սպառողներ, դիտորդներ և ունկնդիրներ։
Հաշմանդամության սոցիալական կառուցվածքը ծագում է մի հարացույցից, ըստ որի հասարակության համոզմունքները որոշակի համայնքի, խմբի կամ բնակչության վերաբերյալ հիմնված են ցանկացած ժամանակ տվյալ հասարակությանը հատուկ իշխանական կառույցների վրա։ Դրանք հաճախ ամփոփված են խնդրի պատմական նկարագրություններում և հասարակության ակնկալիքներում այնպիսի եզրույթի շուրջ, ինչպիսին հաշմանդամությունն է՝ այդպիսով խթանելով սոցիալական կառուցվածքի ձևավորմանը այն բանի շուրջ, թե ըստ հասարակության որն է հաշմանդամ, որը՝ առողջ.[22]:
Հաշմանդամությանն առնչակից գաղափարները բխում են հասարակական վերաբերմունքից՝ հաճախ կապված այն բանի հետ, թե ով է արժանի, ով՝ անարժան և հասարակությանը պիտանի ցանկացած պահի։ Օրինակ՝ միջնադարում հաշմանդամությունը որոշվում էր ըստ մարդու բարոյական վարքագծի։ Հաշմանդամությունն Աստծո պատիժ էր կամ բարոյական ձախողման կողմնակի ազդեցություն։ Ֆիզիկապես կամ կենսաբանորեն տարբեր լինելը բավարար չէր հաշմանդամ համարվելու համար։ Միայն եվրոպական լուսավորչության ընթացքում էր, որ հասարակությունը փոխեց հաշմանդամության իր սահմանումը՝ կապելով այն կենսաբանությանը։ Այնուամենայնիվ, այն, ինչ շատ արևմտաեվրոպացիներ համարում էին առողջ, որոշեց առողջության նոր կենսաբանական սահմանումը[47]։
Մինչ Օլիմպիական խաղերն ուղիղ եթերով լուսաբանվում էին ողջ ընթացքում, Պարաօլիմպիկ խաղերը, նախքան առաջին հեռարձակումը, այնքան էլ կարևոր չէին համարվում ուղիղ միացմամբ մեկնաբանվելու համար։ Տարանջատելով Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերը և դրանով իսկ ցույց տալով, որ մեկը մյուսից պակաս արժեքավոր է՝ հաշմանդամությունը ձևավորվում է սոցիալական կառուցվածքում[48]։
Հաշմանդամության սոցիալական մոդելը կիրառելը կարող է փոխել նպատակներն ու խնամքի ծրագրերը։ Օրինակ՝ հաշմանդամության բժշկական մոդելի դեպքում նպատակը կարող է լինել երեխային օգնելը՝ ձեռք բերելու համապատասխան կարողություններ, և սահմանափակումները նվազեցնելը։ Սոցիալական մոդելի դեպքում նպատակը կարող է լինել երեխային համայնքի սովորական կյանքում ներառելը, օրինակ՝ ծննդյան խնջույքներին և սոցիալան այլ հավաքույթներին գնալը՝ անկախ կարողությունների մակարդակից[49]։
Ենթադրվում է, որ հաշմանդամության վերաբերյալ կրթությունը փորձում է վերականգնել բարոյական համայքի գաղափարը, որում անդամները վիճարկում են, թե որն է լավ կյանքը, վերափոխում են կրթության մասին պատկերացումները, ֆիզիկական և հոգեկան հիվանդություններին նայում որպես բազմազան կարողությունների մի մաս, համարում, որ տարբեր տաղանդներ բաշխված են տարբեր կերպ և հասկանում, որ բոլոր տաղանդները պետք է ճանաչվեն։ Այս համակարգում որպես հատուկ դեպք առանձնացվելու փոխարեն բոլոր ուսանողնորը ներառվում են կրթական ցանցում, և ընդունվում է այն գաղափարը, որ բոլոր մարդիկ ունեն անհատական կարիքներ[50]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)