Քաղաք | ||
---|---|---|
Հավավ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Բալուի Աթենք, Խավավ, Խոբաբ, Հապապ, Հապապան, Հավանան, Հավհավ, Հավհավան, Հատավ, Հարավ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1880 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23850 | |
|
Հավավ, քաղաք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ կողմում, Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։ Ներկայիս անվանումը՝ Էքինոզու (Ekinözü)։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°47'0.01"N, 39°52'27.92"E։
Ըստ ավանդության Թադևոս Առաքյալը եկել է այս բնակավայր հեթանոսներին քարոզելու համար։ Սակայն տեղացիները շան ձայն են հանել (հաֆ-հաֆ) և առաքյալը նրանց անիծել է, ասելով, որ միշտ «հավ-հավ» ասեն։ Այստեղից էլ գյուղի անունը կոչվել է Հավավ։
Ժամանակին եղել է քաղաք, իսկ այնուհետև մնում էր որպես հայաբնակ մեծ գյուղ։
XIX դարի 70-ական թվականներին ուներ 160 տուն, 1915 թվականին՝ 235 տուն` 1880 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Հավավն ուներ Ս. Կաթողիկե և Ս. Աստվածածին անուներով եկեղեցիներ։ Գյուղից հարավ էր գտնվում Քաղցրահայաց կամ Հավավի վանքը՝ կառուցված Մանասթըր լեռան (գյուղից մոտ 2.3 կմ հարավ-արևմուտք) հյուսիսային՝ անտառապատ լանջին, այժմ՝ ավերակ։ Բնակավայրի առաջ ձգված ընդարձակ դաշտում քարե խաչաձև արձաններ կային, որոնք կանգնեցվել էր Թադևոս Առաքյալի կողմից։
Ժամանակին գրչության կենտրոն էր։
Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որը հովանավորում էր «Միացյալ ընկերությունը»։
Հավավում են ծնվել գրողներ Մ. Կյուրճյանը (1854-1915) և Ն. Մանկունին (1884-?)[2]:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 264)։ |