Հարավսլավիայի թանգարան

Հարավսլավիայի թանգարան
Տեսակթանգարան և մշակութային կառույց
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Կազմված էԾաղիկների տուն
ՀասցեМихаила Мике Јанковића 6
Հիմնադրվել է1996
Կայքmij.rs(սերբ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հարավսլավիայի թանգարան ( սերբ.՝ Музеј Југославије) հանրային պատմության թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այն ներկայացնում է Հարավսլավիայի թագավորության և Սոցիալիստական Հարավսլավիայի ժամանակաշրջանը, ինչպես նաև Յոսիպ Բրոզ Տիտոյի կյանքը։ Թանգարանի շենքերից մեկում՝ Ծաղիկների տանն է գտնվում Տիտոյի գերեզմանը։

Թանգարանը Սերբիայի ամենաշատ այցելվող թանգարանն է՝ տարեկան ունի 120,000 այցելու։

Ծաղիկների տուն, Հարավսլավիայի թանգարանի մի մասը

Թանգարանը փոխել է իր անվանումը 2016 թվականին՝ Հարավսլավիայի պատմության թանգարանից դառնալով Հարավսլավիայի թանգարան[1]։ Թանգարանային համալիրը ներառում է երեք շենք՝ 5253 մ 2 ընդհանուր մակերեսով, տեղակայված 3,2 հա այգում[2]։

«Յոսիպ Բրոզ Տիտո» հուշահամալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երեք շենքերը, որոնք կազմում են Հարավսլավիայի թանգարանը, նախկինում եղել են «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հիշատակի կենտրոնի մաս։

Մայիսի 25-ի թանգարանը բացվել է 1962 թվականի մայիսի 25-ին։ Այն կառուցել է Բելգրադի քաղաքապետարանը՝ որպես նվեր Հարավսլավիայի նախագահ Յոսիպ Բրոզ Տիտոյին նրա 70-ամյակի կապակցությամբ։ Այս թանգարանը օգտագործվել է նվերների ցուցադրության համար, որոնք Տիտոն ստացել է մինչև 1962 թվականը։ Այս թանգարանում ցուցադրվում է երիտասարդական էստաֆետների հատուկ հավաքածու։ 1982 թվականի նոյեմբերի 16-ին հիմնադրվել է «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հիշատակի կենտրոնը և մայիսի 25-ի թանգարանը դարձել է կենտրոնի մի մասը։ Հիշատակի կենտրոնը ներառում է մի քանի շենքեր և հաստատություններ, որոնք գտնվում են հիմնականում Բելգրադում, բայց նաև Հարավսլավիայի այլ մասերում (կենտրոնի մի մասն է Տիտոյի ծնված տունը Կումրովեցում)։ Ծաղիկների տունը, որտեղ թաղված է Տիտոն, նույնպես Հիշատակի կենտրոնի մասն է։ Շենքերի մեծ մասը, որոնք կազմում են Հիշատակի կենտրոնը, գտնվում են Բելգրադի Դեդինյե թաղամասի նույն այգում։ 1984 թվականին բացվել է Հուշահամալիրի շենքը՝ որպես մայիսի 25-ի թանգարանի շենքի կցամաս։ Հիշատակի հավաքածուն ցուցադրում է Տիտոյի մեդալներն ու շքանշանները և նրա անձնական իրերը[3]։

Ցուցադրված Յոսիպ Բրոզ Տիտոյի անձնական գրասեղանը

Հին թանգարանի շենքն այդպես է կոչվել մայիսի 25-ի թանգարանի (նոր թանգարանի) բացումից հետո։ Այն ցուցադրում է ներկայացնում է Հարավսլավիայի մշակույթը, ազգագրությունը ներկայացնող թանգարանային նմուշներ[3]։

Իր մահից հետո՝ 1980 թվականի մայիսի 4-ին, Յոսիպ Բրոզ Տիտոյին թաղել են Ծաղիկների տանը, որը տեղադրված էր Հիշատակի կենտրոնի տարածքում։ Կենտրոնն ունի ավելի քան 75,000 իրերի հավաքածու, որոնք պատկերում են Հարավսլավիայի պատմությունը ողջ 20-րդ դարում՝ հատուկ շեշտադրումով հենց Տիտոյի կյանքին և գործունեությանը[2]։ Այնտեղ նաև պահվում է նվերների մեծ հավաքածու, որոնք Տիտոն ստացել էր իր նախագահության տարիներին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ բազմաթիվ այցելությունների ընթացքում։ Ցուցանմուշները հետագայում ներառել են բազմաթիվ աշխարհահռչակ նկարիչների գործեր, ինչպիսիք են Յան Գրիգյերը, Կլոդ Ժոզեֆ Վերնետը, Ֆերդինանդ Գեորգ Վալդմյուլերը, այդ թվում՝ Ֆրանցիսկո Գոյայի Los Caprichos- ի բնօրինակ տպագրությունները, Գերբրանդ վան դեն Էքխաութը և շատ ուրիշներ[4]։

Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո գրեթե մեկ տասնամյակ ամբողջ համալիրը՝ դամբարանն ու թանգարանը փակեն եղել հանրության համար, իսկ զինվորական պահակախումբը ընդմիշտ հեռացվել է։ Համալիրն այժմ կրկին խոշոր զբոսաշրջային գրավչություն է։ Շատ մարդիկ այցելում են այդ վայրը որպես «ավելի լավ ժամանակների» սրբավայր, հատկապես մայիսի 25-ին (Յոսիպ Բրոզ Տիտոյի ծննդյան պաշտոնական ամսաթիվը)։

Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարանը հիմնադրվել է 1959 թվականին Հարավսլավիայի կոմունիստների լիգայի կենտրոնական կոմիտեի կողմից։ Թանգարանի շենքի կառուցումը սկսվել է միայն 1978 թվականին Նոր Բելգրադում Սերբիայի պալատի և Ուշչե աշտարակի միջև։ Նախատեսվում էր շենքը բացել 1981 թվականին՝ հեղափոխության 40-ամյակին, սակայն այն այդպես էլ չավարտվեց։ Անավարտ կառույցը կանգնած է լքված և զբաղեցված է մի քանի տասնյակ անօթևաններով[5]։

Հարավսլավիայի պատմության թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1996 թվականին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից՝ որպես Հարավսլավիայի պատմության թանգարան՝ փոխարինելու նախկին երկու հաստատություններին. «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հիշատակի կենտրոնին և Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարանին[6]։ Նորաստեղծ թանգարանը պարունակում է հավաքածուներ ինչպես «Յոսիպ Բրոզ Տիտոյի» հուշահամալիրից, այնպես էլ Հարավսլավիայի ժողովուրդների հեղափոխության թանգարանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About the Museum».
  2. 2,0 2,1 «Museum of Yugoslavia». www.rhiz.eu. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  3. 3,0 3,1 Erceg-Sarajčić, G. (1989).
  4. Terra Noticias Terra Actualidad - EFE. «Hallan un grabado de Goya en la casa de Tito y Milosevic en Belgrado». Actualidad.terra.es. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  5. «Temelji Muzeja Revolucije naroda i narodnosti Jugoslavije – Blok 13, Novi Beograd». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Osnivači». Museum of Yugoslavia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.