Հարբած անտառ (անգլ.՝ drunken forest), ծառերի ծռված, թեքված բներով անտառ[1][2]։ Այսպիսի անտառն առաջանում է ծառերի աճման ընթացքում գրունտի դեֆորմացիայի և խառնման հետևանքով։ Հարբած անտառները առավել շատ հանդիպում են հավերժական սառցույթի, մերձարկտիկական տայգայի շրջաններում։ Ծառերի բները թեքվում են հավերժական սառցույթի հալման արդյունքում։ Հարբած անտառներում սովորաբար գերիշխում են փշատերև ծառերը։ Այդ ծառերն ունեն արմատների զարգացած համակարգ, որոնք առավելապես տարածվում են երկրի մակերևույթին մոտ, քանի որ հավերժական սառցույթը չի թողնում նրանց տարածվել խորությամբ։
Հարբած անտառ կարող է առաջանալ սողանքների կամ հողի ոչ համաչափ նստելու հետևանքով։
Շինություններ, ճանապարհներ, խողովակաշարեր կառուցելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարբած անտառի առկայությանը։ Դրանց գոյության փաստը տվյալ տեղանքում կարող է վկայել գրունտի դեֆորմացիայի մասին։ Հավերժական սառցույթի շրջանում ծառերի բների թեքումը հողի դեգրադացիայի վկայություն է։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին հարբած անտառներ են ի հայտ եկել Սիբիրում և Ալյասկայում։
Երբեմն հավերժական սառցույթի հետևանքով դիտարկվում է ծառերի մահ։ Ծառերի օղակների ուսումնասիրումը կարող է ցույց տալ, թե երբ է սկսվել ծառի բնի թեքումը, հետևաբար և հողի դեգրադացիան։