Հարսնացուի այրում, ընտանեկան բռնության ձև, որը կիրառվում է Հնդկական թերակղզում և դրա շրջակայքում գտնվող երկրներում: Հատուկ դեպք է հարսնացուի մահը օժիտի պատճառով, երբ սպանությունը կատարվում է ամուսնու կամ նրա ընտանիքի կողմից հարսնացուի ընտանիքի կողմից լրացուցիչ օժիտը վճարելուց հրաժարվելու պատճառով: Կանանց վրա լցնում են կերոսին, բենզին կամ այլ դյուրավառ հեղուկ և այրում, ինչը հանգեցնում է մահվան[1][2]: Առավել տարածված է Հնդկաստանում, որտեղ այն լուրջ խնդիր է 1993 թվականից ի վեր[3][4]։
1995 թվականին Time ամսագիրը հաղորդել է, որ Հնդկաստանում օժիտի պատճառով մահվան դեպքերը 1980-ականների սկզբին տարեկան մոտ 400-ից 1990-ականների կեսերին հասել են տարեկան մոտ 5800-ի[5]: 1996 թվականին CNN հեռուստաալիքը հրապարակել էր հոդված, որում ասվում էր, որ ոստիկանությունն ամեն տարի ավելի քան 2500 հաղորդում է ստանում հարսնացուներին այրելու մասին: Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրոյի տվյալներով՝ 2008 թվականին օժիտի մահվան գործերով կայացվել է 1948 մեղադրական դատավճիռ և 3876 արդարացման դատավճիռ[6]։
Օժիտի պատճառով մահը Հարավային Ասիայի երկրներում՝ առաջին հերթին Հնդկաստանում, երիտասարդ կնոջ մահն է, որին ամուսինը սպանել կամ ինքնասպանության է հասցրել: Ամուսինը կամ նրա ընտանիքը անընդհատ փորձում են հարսնացուից կամ նրա ընտանիքից ավելի շատ օժիտ ստանալ: Տեղի են ունենում նաև թթվով հարձակումներ, թունավորումներ։ Կանայք հաճախ ճնշման են ենթարկվում իրենց ապագա ամուսնու կամ նրա հարազատների կողմից օժիտի պատճառով[2]։
Առնվազն չորս տեսակետ կա այն մասին, թե ինչու հարսնացուներին սկսեցին այրել Հարավային Ասիայի երկրներում:
Մշակութային առավել հիմնավորված տեսություններից մեկը ենթադրում է, որ Հնդկաստանի նման խորապես նահապետական հասարակության մեջ կնոջ դերը որոշվում է նույնիսկ նրա ծնվելուց առաջ՝ նրան ավելի ցածր մակարդակի վրա դնելով, քան տղամարդուն[7]: Նրան հոգս են համարում և «կերակրելու ավելորդ բերան»[2]։ Տղամարդիկ, որոնք համարվում են ֆիզիկական ակտիվ, կարող են կանանց վերաբերվել որպես հպատակների[2]: Ամուսնության մեջ «հասարակությունը պահանջում է հնազանդություն ամուսնուն»[2][7]:
Սպառման տեսությունը պնդում է, որ ամենի պատճառը ագահությունն է[8]: Օժիտն օգտագործվում է որպես ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակի հասնելու միջոց[2][7]։
Պատմականորեն օժիտի համակարգը կարող էր ընկալվել որպես մուսուլմանական մշակույթը Հինդու մշակույթից տարբերելու միջոց՝ ստեղծելով հետագա տարանջատում կաստաների ներսում: Մեծ օժիտը ցույց կտա ավելի բարձր կարգավիճակ և տարբերություն իսլամից՝ դրանով իսկ խթան ստեղծելով ավելի մեծ օժիտ պահանջելու համար[7]:
Կա վարկած, որ օժիտի պրակտիկան ծագել է Հնդկաստանում Բրիտանական տիրապետությունից[9]՝ կաստաների միջև «ամուսնության տարբեր ձևերը» տարբերելու համար[2]: Բրիտանական կառավարությունը ձգտում էր ամրապնդել օժիտի պրակտիկան ստորին կաստաներում՝ որպես նրանց ծիսական ամուսնությունները արմատախիլ անելու միջոց[10]: Ամուսնության ծիսական ձևերը վարկաբեկվել են այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճանաչվել միայն բարձրագույն կաստաների ամուսնության համակարգերը[2]։
Հնդկաստանում, Պակիստանում և Բանգլադեշում հարսնացուի այրման հետևանքով տարեկան մահանում է 4000-25000 մարդ (2011 թվականի տվյալներ)[11]։
Եթե ամուսինը և (կամ) նրա հարազատները որոշել են, որ օժիտը՝ դստեր ծնողների կողմից ամուսնուն տրված նվերը, բավարար չէ, նրանք փորձում են սպանել հարսնացուին, որպեսզի ամուսինը հնարավորություն ունենա նորից ամուսնանալու կամ պատժելու հարսնացուին և նրա ընտանիքը[12]: Հնդկաստանում օժիտի չափը հարստության արտացոլումն է։
Հնդիկ գրող Ռաջեշ Թալվարը օժիտի պատճառով մահվան մասին պիես է գրել՝ «Հարսնացուն, որը չի այրվել» անվանմամբ[13]:
1961 թվականին Հնդկաստանի կառավարությունն ընդունել է «օժիտի արգելման մասին օրենքը», որն անօրինական է դարձրել օժիտ պահանջելը հարսանիք կազմակերպելիս[14]։
1986 թվականին Հնդկաստանի խորհրդարանը օժիտի պատճառով մահը ներառել է ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների ցանկում։
Հնդկաստանի քրեական օրենսգրքի նոր՝ 304-B հոդվածի համաձայն, եթե հարսնացուն սպանվում է ամուսնությունից հետո 7 տարվա ընթացքում, և ապացուցվում է, որ օժիտի ցանկացած պահանջի հետ կապված արժանացել է դաժան վերաբերմունքի, հալածանքների է ենթարկվել կա՛մ ամուսնու, կա՛մ որևէ հարազատի կողմից, ապա մահը կդասակարգվի որպես օժիտի պատճառով մահ, և ամուսինը կամ նրա հարազատները կհամարվեն նրա մահվան պատճառ[14]:
Դատավճիռներն են 7 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում[15]:
1997 թվականի զեկույցում նշվում էր, որ ամեն տարի առնվազն 5000 կին մահանում է օժիտի պատճառով, և ամեն օր առնվազն տասներկու կին մահանում է «խոհանոցային հրդեհներում», որոնք համարվում են կանխամտածված[16]: Օժիտի պատճառով գրանցված մահվան դեպքերի մոտ 30%-ը ավարտվում է դատարաններում մեղադրական դատավճիռներով[6]։
Պակիստանում «Առաջադեմ կանանց ասոցիացիա»-ն հայտնում է, որ ամեն տարի 300 կին ողջ-ողջ այրվում է իրենց ամուսինների ընտանիքների կողմից, միջադեպերը քողարկվում են որպես դժբախտ պատահարներ,օրինակ՝ «վառարանի պայթյուն»[17]: Այս միջադեպերից տուժածներն ունենում են վնասվածքներ, որոնք անհամատեղելի են վառարանից ստացած այրվածքների հետ: Ըստ Amnesty International-ի 1999 թվականի զեկույցի, թեև գրանցվել է հարսնացուների այրման 1600 դեպք, միայն 60 դեպքերում են մեղավորները ենթարկվել պատասխանատվության, և դրանցից միայն 2-ն են ավարտվել դատապարտմամբ[18]։
Պակիստանում կանայք իրականացնում են արշավ այդ պրակտիկան արգելող օրենք ընդունելու, կանանց համար ապաստարաններ ստեղծելու եւ այրվածքների մասնագիտացված բաժանմունքներով հիվանդանոցներ ստեղծելու համար[19]։ Հասարակության և միջազգային իրավապաշտպան խմբերի ճնշումները բարձրացնում են Պակիստանի կառավարության իրազեկվածության մակարդակը[20]։
1988 թվականին ողջ-ողջ այրվել են մոտ 800 պակիստանցի հարսացուներ, 1989-ին այդ թիվը հասել է 1100-ի, 1990 թվականին՝ 1800-ի, 1999-ին[21] սպանվել է մոտ 300 հարսնացու։ Լահորի թերթերը վեց ամսվա ընթացքում (1997 թվական) հաղորդել են կանանց վրա հարձակման ամսական միջինը 15 դեպքի մասին[22]։
Human Development-ը գնահատել է Հարավային Ասիայում հանցագործությունների մասշտաբը՝ ամսական 16 հարսնացու այրելու դեպք[23]: 8 տարվա ընթացքում Իսլամաբադի մերձակայքում տուժել է 4000 կին, զոհերի միջին տարիքը եղել է 18-35 տարեկան, ընդ որում կանանց մոտ 30%-ը հղի է եղել մահվան պահին[24]: Շահնազ Բուհարին մեկնաբանել է նման հարձակումները[24]․
Կա՛մ Պակիստանում կան մոլուցքային վառարաններ, որոնցում այրվում են միայն երիտասարդ տնային տնտեսուհիները և հատկապես սիրում են սեռական օրգանները, կա՛մ, դատելով դեպքերի այն հաճախականությունից, որով տեղի են ունենում նման դեպքերը, կարելի է տեսնել մռայլ պատկերը․ այդ կանայք զոհ են դիտավորյալ սպանության։
1994 թվականին՝ Կանանց միջազգային օրը, հայտարարվել է, որ տարբեր ՀԿ-ներ կմիանան այս խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման արշավին[25]:
Պակիստանում օժիտի պատճառով ամեն ժամ կենդանի այրվում է մեկ կին (2021թավական)[26]։
Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի սփյուռքի հարսնացուները երբեմն այրվում են աշխարհի այլ մասերում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում:
1992 թվականի ապրիլի 5-ին Տեխաս նահանգի Քերոլթոն քաղաքում դիպլոմավորված բուժքույր Ալեյամմա Մեթյուն մահացել է այրվածքներից[27]: Նա և իր ամուսինը՝ Մեթյու Վարուգեզեն, արտագաղթել են Հնդկաստանից դեպքից երկու տասնամյակ առաջ՝ երեք դուստր ունենալով Միացյալ Նահանգներում: 1980-ականների վերջերից զույգը ունեցել է ընտանեկան խնդիրներ, որոնց գագաթնակետը եղել է վեճը, որն էլ հանգեցրել է Ալեյամմայի մահվան։ Բենզինով շաղախված և այրված մորը գտել են երեխաները[27]։ Կարճ ժամանակ անց Ալեյամման մահացել է[27]։
Միջադեպից հետո համառոտ հոդվածներ հայտնվեցին The Dallas Morning News և The Atlanta Journal-Constitution օրաթերթերում, մինչդեռ Dallas Observer-ը մանրամասն, ինն էջից բաղկացած հոդված հրապարակեց Ալեյամմայի մահվան մասին։ Հոդվածները թերթերում որոշակի քննադատության են ենթարկվել ոչ արևմտյան երկրները հետամնաց պատկերելու համար[27]։
Ներկայումս կան կառավարական նախաձեռնություններ հարսնացուների այրումը քրեականացնելու համար, և գրասրութ կազմակերպություններ, որոնք պայքարում են այդ պրակտիկայի դեմ, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների դեմ ուղղված միջազգային օրենքներ[2]։
1961-ին Հնդկաստանը ընդունել է «օժիտի արգելման մասին օրենքը»[28]։ 1980-ականների սկզբին դրանում կատարվել են փոփոխություններ, որոնք կոչված են «շտկելու մի շարք թերություններ և սողանցքներ»[7]՝ որակելու կնոջ՝ ամուսնու կամ նրա հարազատների պատճառով մահը «այրվածքներից, մարմնական վնասվածքներից կամ անբնական հանգամանքներում ամուսնությունից հետո յոթ տարվա ընթացքում որպես քրեական հանցագործություն, և եթե կան ապացույցներ, որ նա ենթարկվել է բռնության և ոտնձգությունների օժիտ ստանալու համար»[2]։ Սույն օրենքը հստակ չի սահմանում օժիտ բառը, ինչը կարող է փոխել այն ստանալու և մատուցելու եղանակը[2]։ Յոթ տարվա ժամկետի դրույթը նույնպես խնդրահարույց է, քանի որ ամուսինը պարզապես կարող էր սպասել այդ ժամկետի ավարտին, ինչից հետո այրեր կամ այլ կերպ հանգեցներ հարսնացուի մահվան[2]։
Հնդկական մեկ այլ կարևոր օրենք՝ 1983 թվականի «դաժանության դեմ պայքարի կանոնադրությունը», արգելում է կնոջ նկատմամբ բռնությունը և ամուսնուն և (կամ) ամուսնու հարազատներին ենթարկում է տուգանքի կամ բանտարկության, եթե նրանք դաժանություն են ցուցաբերում կնոջ նկատմամբ[2]: Այնուամենայնիվ, օրենքը նույնքան անորոշ է, ինչը հանգեցնում է հարսնացուների այրմանը և օժիտի հետ կապված սպանություններին վերաբերող դրույթների ոչ պատշաճ պահպանմանը[2]:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 1-ին հոդվածում ասվում է հետևյալը. «բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ և խղճով և պետք է գործեն միմյանց հետ եղբայրության ոգով»[29]։ Հոդված 5-ը հայտարարում է. «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»[29]:
Հնդկաստանում ներքին օրենսդրությունը, որպես կանոն, հաճախ չի կիրառվում, ուստի զանգվածային կազմակերպությունները իրենց վրա են վերցրել հարսնացուների այրումը դադարեցնելու խնդիրը: Դրա օրինակներից մեկը պետության կողմից ֆինանսավորվող ընտանեկան խորհրդատվական կենտրոնների բաժանմունքներն են: Սակայն հաճախ նման կենտրոնները միայն ամրապնդում են «կանացի սուր լեզվի» և տղամարդկանց ուժ կիրառելու իրավունքի կարծրատիպը[2][7]։
Առաջին հերթին այլընտրանքային նախաձեռնություններն ուղղված են գոյություն ունեցող անկատար օրենքների բարեփոխմանը։ Առաջարկներից մեկը նախատեսում է ընդլայնել կանանց պաշտպանությունը միջազգային փախստական իրավունքի շրջանակներում` ապաստան տրամադրելու համար գենդերային խտրականության կամ գենդերցիդի զոհերին[30]: Այս նպատակին հասնելու միջոցներից մեկը կարող է լինել կանանց ընդգրկումը «հետապնդվող սոցիալական խումբ» սահմանման մեջ[2], ինչը նրանց հնարավորություն կտա միջազգային ապաստան խնդրելու՝ վախենալով օժիտի հետ կապված հետապնդումներից ամբողջ աշխարհում:
1984 թվականի ապրիլին Եվրոպական խորհրդարանը առաջարկ է ներկայացրել կանանց պաշտպանել գենդերային հետապնդումներից՝ բարեփոխելով փախստականների մասին միջազգային օրենսդրությունը։ Սակայն առաջարկը մերժվել է։
Մեկ այլ լուծում է կանանց սեփականության իրավունքների սահմանումը[31]։ Նույնիսկ ամուսնացած լինելով՝ հարսնացուն մինչ ամուսնու մահը իրավունք չունի ամուսնուն պատկանող գույքի նկատմամբ[2]։ Կանանց սեփականության իրավունքը վերացնում է ամուսնության պատճառը տնտեսական կամ իրավական պատճառներով՝ դրանով իսկ անտեսելով օժիտի պրակտիկան[2]։
{{cite book}}
: Unknown parameter |заглавие=
ignored (օգնություն); Unknown parameter |издательство=
ignored (օգնություն); Unknown parameter |ссылка=
ignored (օգնություն)
{{cite book}}
: Missing or empty |title=
(օգնություն); Unknown parameter |заглавие=
ignored (օգնություն); Unknown parameter |ответственный=
ignored (օգնություն); Unknown parameter |часть=
ignored (օգնություն) (Explaining section 304-B of the Indian Penal Code.)
{{citation}}
: Missing or empty |title=
(օգնություն) Preview.
{{cite book}}
: Missing or empty |title=
(օգնություն); Unknown parameter |год=
ignored (օգնություն); Unknown parameter |заглавие=
ignored (օգնություն); Unknown parameter |издательство=
ignored (օգնություն); Unknown parameter |место=
ignored (օգնություն); Unknown parameter |ответственный=
ignored (օգնություն)