Հենրի Նկսումալո | |
---|---|
Ծնվել է | 1917[1] |
Ծննդավայր | Margate, Hibiscus Coast Local Municipality, Ուգու, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ |
Վախճանվել է | 1957 |
Վախճանի վայր | Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Հենրի Նկսումալո (անգլ.՝ Henry Nxumalo, 1917[1], Margate, Hibiscus Coast Local Municipality, Ուգու, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ - 1957, Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկյան լրագրող։ Հայտնի է նաև «Միստր Դրամ»մականունով (անգլ.՝ Mr Drum)։
Հենրի Նկսումալոն ծնվել է 1917 թվականին[2] Մարգիտում (Նատալում, Հարավաֆրիկյան Միությունում։ Հաճախել է միսիոներական Fascadale դպրոց։ Վաղ տարիքում ցուցաբերելով գրական տաղանդ՝ Նկսումալոն պաշտոն է ստացել Post թերթում Յոհանեսբուրգում, որտեղ ավելի վաղ հրապարակվել էին նրա որոշ գործեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մասնակցել է Հյուսիսաֆրիկյան արշավին Եգիպտոսում։ Ավելի ուշ եղել է Լոնդոնում։
Հարավային Աֆրիկա վերադառնալուց հետո Նկսումալոն հայտնաբերել է, որ սևամորթ հանդիսատեսին ուղղված հրապարակումների համար ապարտհեյդի սահմանափակումների պատճառով գրեթե հնարավորություններ չեն մնում։ 1951 թվականին հրատարակիչ Ջիմ Բեյլին հիմնադրել է «Drum։» ամսագիրը Նոր հրատարակության խմբագիր է դարձել Էնթոնի Սեմփսոնը, իսկ Նկսումալոյին Բեյլին առաջարկել է խմբագրի օգնականի պաշտոնը։
Նկսումալոն ամսագրում աշխատանքի ընթացքում մասնագիտացել է լրագրողական հետաքննությունների մեջ։ Նա աշխատանքի է տեղավորվել կարտոֆիլի ֆերմայում, որից հետո նկարագրել է սևամորթ աշխատողների աշխատանքի ստրկական պայմանները։ «Մեղքի քառակուսի մղոնի» (անգլ.՝ the square mile of sin)մասին նրա հրապարակումը ոստիկանության ուշադրությունը հրավիրել է Յոհանեսբուրգի այդ հատվածում հանցավորության վրա։ Հասնելով սեփական ձերբակալության՝ նա հայտնվել է Յոհանեսբուրգի կենտրոնական բանտում։ Բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաջորդած հոդվածը գրավել է միջազգային ուշադրություն։ Ավելի ուշ Նկսումալոն ևս մեկ անգամ աշխատել է ֆերմայում, որտեղ մինչ այդ սպանվել էր աշխատակիցներից մեկը, ինչպես նաև հետաքննություն է հրապարակել ապարտհեյդի նկատմամբ եկեղեցու վերաբերմունքի վերաբերյալ[3]
Հենրի Նկսումալոյի աշխատակիցներից մեկը եղել է Արթուր Մեյմանը, որը հետագայում դարձել է հայտնի լրագրող և գրող։
1957 թվականին՝ ապօրինի աբորտների մասին լրագրողական հետաքննության ժամանակ, Նկսումալոն սպանվել է անհայտ անձանց կողմից։
Նկսուլամոյի հետաքննությունը 1959 թվականին ՀԱՀ-ում կարտոֆիլի բոյկոտի հիմնական պատճառ է դարձել։
2004 թվականին Յոհանեսբուրգի շրջաններից մեկում՝ Նյութաունում գտնվող Goch Street փողոցը վերանվանվել է Henry Nxumalo Street[4]։
2005 թվականին Հենրի Նկսումալոն հետմահու պարգևատրվել է Հարավաֆրիկյան Իկհամանգայի շքանշանով «հարավաֆրիկյան լրագրությունում ակնառու նվաճումների համար»[5]։
Հենրի Նկսումալոն հարավաֆրիկացի ռեժիսոր Զոլա Մասեկոյի Drum ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է[6]։ 2005 թվականին ֆիլմն ստացել է «Յանենգի նժույգ»՝ Ուագադուգում Աֆրիկայի երկրների կինոյի և հեռուստատեսության փառատոնի գլխավոր մրցանակը[7]։