Հետքթային (պոստնազալ) հոսք, որը նաև հայտնի է որպես վերին շնչուղիների հազի համախտանիշ (ՎՇՀՀ), առաջանում է, երբ ավելորդ լորձ է արտադրվում քթի խոռոչի լորձաթաղանթի կողմից: Ավելորդ լորձը կուտակվում է քթի խոռոչի հետին սահմաններում և ի վերջո կոկորդում, երբ այն անցնում է քթըմպանով: Այն կարող է պայմանավորված լինել ռինիտով, սինուսիտով, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի հիվանդությամբ (ԳԷՌՀ) կամ կուլ տալու խանգարմամբ: Այլ պատճառներից են`ալերգիա, մրսածություն, գրիպ և դեղերի կողմնակի ազդեցություններ:
Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ պնդում են, որ քթի խոռոչից լորձի հոսքը ըմպանի հետին պատով համարվում է ֆիզիոլոգիական գործընթաց, որը տեղի է ունենում բոլոր առողջ մարդկանց մոտ[1]: Նաև որոշ մասնագետներ հետքթային հոսքը չեն համարում համախտանիշփոխարենը պնդելով, որ դա ախտանիշ է, հաշվի առնելով տարբեր հասարակություններում առկա տարբերությունները: Ավելին, այս հերքումը ամրապնդվում է ընդհանուր ընդունված սահմանման բացակայությամբ, հյուսվածքների պաթոլոգիական փոփոխություններով և հասանելի կենսաքիմիական փորձերով[1]:
Հետքթային հոսքը կարող է դրսևորվել որպես մշտական անհանգստություն վերին շնչուղիներում: Այն համարվում է որպես «կոկորդում լցվող լորձի» զգացողության դասական օրինակ, և կարող է դրսևորվել նաև քթահոսությամբ, կոկորդը մշտական «մաքրելու» ցանկությամբ և հազով, թեև որոշ ախտանիշներ կարող են շատ ոչ սպեցիֆիկ լինել[2]: Հետքթային հոսքի ժամանակ քրոնիկ հազը ամենատարածված պատճառներից մեկն է, որը սահմանվում է որպես հազ, որը շարունակվում է ավելի քան 8 շաբաթ[3]:
Հետքթային հոսքը կարող է լինել կոկորդի բորբոքման և խռպոտության պատճառ՝ բերելով ձայնալարերի դիսֆունկցիայի ախտանիշների առաջացման[4][5][6]:
Այս համախտանիշն ունի բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են լինել սուր կամ քրոնիկ, օրինակ`
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) հաճախ կապված է վերին շնչուղիների ախտանիշների տարածվածության հետ, որոնք նման են հետքթային հոսքի ախտանշաններին, ինչպիսիք են` հազ, հաճախակի կուլ տալու ցանկություն, խռպոտություն և ձայնի փոփոխություններ: Ռեֆլյուքսը առաջացնում է կոկորդի պատերի գրգռում, ինչը խթան է հանդիսանում կոկորդում լորձի արտազատման ավելացման, որը, ինչպես ենթադրվում է, խորացնում է և, որոշ դեպքերում, առաջացնում է հետքթային հոսք[2]:
Ալերգիկ ռինիտը (ԱՌ) տարածված հիվանդություն է, որի դեպքում ալերգենների ազդեցությունը հանգեցնում է բորբոքային միջնորդների արտազատմանը, ինչպիսիք են` հիստամին, առաջացնելով փռշտոց, քթահոսություն, աչքերի քոր և քթի փակվածություն[7]:
Ոչ ալերգիկ ռինիտը (ՈԱՌ) վիճակ է, որի դեպքում կան ռինիտի ախտանիշներ, ներառյալ քթահոսություն և քթի փակվածություն, սակայն մաշկային և շիճուկային ալերգիկ թեստերի հերքման արդյունքներով[7]: Այն կարելի է բաժանել հետևյալ խմբերի`
Ռինոսինուսիտ, որը իրենից ներկայացնում է հայմորյան խոռոչների բորբոքում կամ վարակ: Սուր ռինոսինուսիտի ախտանիշները անցնում են մինչև 4 շաբաթվա ընթացքում, մինչդեռ քրոնիկ ռինոսինուսիտը տևում է ավելի քան 12 շաբաթ[8]: Այս մշտական գրգռումը կարող է բերել լորձի արտադրության ավելացման՝ շնչառական ուղիների բորբոքման միջոցով, հետքթային հոսքի համախտանիշի ախտանշաններ[7]:
Հետքթային հոսքի ճշգրիտ մեխանիզմը կախված է դրա առաջացման պատճառից, բայց սովորաբար ներառում է քթի խոռոչում լորձազատման ավելացում: Հոտառությունից բացի, քթի խոռոչը կատարում է ներշնչվող օդի տաքացման և խոնավեցման, ինչպես նաև ախտահանման դեր[7]: Քթի լորձաթաղանթը, որը պատում է քթի խոռոչը, կատարում է սեկրետոր ֆունկցիա, արտազատելով` լորձ, որը խոնավեցնում և պաշտպանում է քթի խոռոչը: Լորձի արտադրությունը ակտիվանում է վեգետատիվ նյարդային համակարգի կողմից, մասնավորապես, խոլիներգիկ նեյրոպեպտիդները պատասխանատու են լորձի արտադրության ավելացման համար[7]: Ավելորդ լորձը կարող է հետհոսել վերին և ստորին շնչուղիներ, որոնք այլ ֆիզիկական և քիմիական գրգռիչների հետ միասին, կարող են ակտիվացնել շնչուղիների ընկալիչները՝ հանգեցնելով պաշտպանիչ ֆիզիոլոգիական հազի[9]:
Այս համախտանիշի ախտորոշումը կախված է ինչպես հիվանդության պատմությունից, այնպես էլ կլինիկական հետազոտություններից, որոնք կօգնեն ախտորոշել դրա էթիոլոգիան: Նման բան կարող է սկսվել քթով շնչառության դժվարացմամբ կամ «քթի փակվածություն»՝ քթից արտահոսքով[10]: Եթե կա ալերգիկ ռինիտի կասկած, կարելի է գնահատել ալերգիկ հիվանդությունների ընտանեկան ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև անամնեզում այլ ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են` սննդային ալերգիաներ, ասթմա և ատոպիկ դերմատիտ[10]: Ալերգիկ ռինիտի դեպքում հաճախակի առաջանում են ախտանիշներ, ինչպիսիք են` փռշտոցի նոպաներ, աչքերի քոր և շնչառության հետ կապված խնդիրներ, թեև միայն ախտանշանների հիման վրա դժվար է տարբերակել ռինիտի տեսակները[10][7]:
Որևէ հստակ ախտորոշիչ թեստերի բացակայության դեպքում կարող է դժվար լինել այս հիավանդության ախտորոշումը միայն ախտանշանների անամնեզի հիման վրա, քանի որ էթիոլոգիան լայն է, իսկ ախտանշանները կարող են լինել շատ ընդհանուր: Այսպիսով, դրա փոխարեն կարելի է կատարել ռինիտի և ավելորդ լորձային արտազատումների հայտնաբերման պրոցեդուրաներ, ինչպիսին է` նազոէնդոսկոպիա, ախտորոշման հստակեցման նպատակով[11][2]:
Բուժման տարբերակները կախված են անհատի հետքթային հոսքի բնույթից և դրա պատճառներից: Հակաբիոտիկները կարող են նշանակվել, եթե հետքթային հոսքը բակտերիալ հայմորիտի արդյունք է: Այն դեպքերում, երբ հետքթային հոսք առաջանում է ալերգիկ ռինիտի կամ գրգռիչ ռինիտի հետևանքով, անհրաժեշտ է խուսափել ալերգեններից կամ գրգռող գործոններից, ինչպիսիք են` թեփ, ծխախոտի ծուխ և մաքրող միջոցներ[7]: Առաջին սերնդի հակահիստամինային դեղերը, ինչպիսիք են քլորֆենիրամինը և կլեմաստինը, ավելի արդյունավետ են, բայց ունեն ավելի ընդգծված հանգստացնող ազդեցություն: Այլ սերնդի հակահիստամինները կարող են օգտագործվել այս ազդեցությունները նվազեցնելու համար[7]: Ազելաստին` տեղային հակահիստամինային դեղամիջոց է, հաստատված է ինչպես ալերգիկ, այնպես էլ ոչ ալերգիկ ռինիտի բուժման համար՝ շնորհիվ իր յուրահատուկ հակաբորբոքային ազդեցության, որը կապված չէ հիստամինային ընկալիչների անտագոնիզմի հետ[7]:
Ներքթային ստերոիդ դեղամիջոցները կարող են օգտակար լինել նաև այն հիվանդների համար, որոնց մոտ հակահիստամինային դեղամիջոցները որևէ ազդեցություն չունեն[12]: Դեկոնգեստանտները, ինչպիսիք են պսևդոէֆեդրինը, կարող են նեղացնել քթի լորձաթաղանթի արյունատար անոթները և բերել լորձի արտազատման նվազման [7]: Հակախոլիներգիկ միջոցները, ինչպիսիք են ipratropium bromide-ը, կարող են օգնել նվազեցնել սեկրեցիան, արգելափակելով պարասիմպաթիկ ազդեցությունը քթի լորձաթաղանթի վրա[7][13]:
Այլ մեթոդներ, ինչպիսիք են տաք հեղուկներ խմելը և քթի խոռոչի ֆիզիոլոգիական լուծույթներով մշակումը, կարող են օգտակար լինել հետքթային հոսքի բուժման համար, սակայն դրանց ճշգրիտ արդյունավետությունը բժշկական գրականության մեջ պարզ չէ[14]:
Քանի որ հետքթային հոսքը հաճախ բնութագրվում է որպես «ախտանիշ», այլ ոչ թե հստակ կարգավիճակ, ճշգրիտ հաճախականությունը անհայտ է և կախված է էթիոլոգիայից: Քրոնիկ ռինիտը, որը ներառում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտ, կարող է ախտորոշվել բնակչության 30-40%-ի մոտ[12]: Ոչ ալերգիկ ռինիտը ավելի հաճախ տարածված է կանանց, քան տղամարդկանց մոտ[7]:
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |