Հիվանդանոց Առլում | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 74 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր |
ժանր | բնանկար |
հավաքածու | Museum collection Am Römerholz? |
Ծանոթագրություններ | |
Garden of the Hospital in Arles (F519) Վիքիպահեստում |
«Հիվանդանոց Առլում» (անգլ.՝ Hospital at Arles), Վինսենթ վան Գոգի երկու կտավների թեմա, որոնք նա նկարել է 1888 թվականի դեկտեմբերին ու 1889 թվականի հունվարին հարավային Ֆրանսիայի Առլ քաղաքի հիվանդանոցում գտնված ժամանակ։ Կտավներից մեկը պատկերում է հիվանդանոցային չորս շենքերի միջև գտնվող կենտրոնական այգին ու վերնագրված է «Առլի հիվանդանոցի այգին», իսկ երկրորդում պատկերված է հիվանդանոցի պալատներից մեկը և կրում է «Առլի հիվանդանոցի պալատը» անունը։ Վան Գոգը պատկերել է նաև հիվանդանոցի իր բժշկի դիմանկարը՝ «Բժիշկ Ֆելիքս Ռեյի դիմանկարը»։
Առլը գտնվում է Հարավային Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն գավառի Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, Նիմ քաղաքից մոտավորապես 32 կմ դեպի հարավ-արևելք[1]։
Հռոմեական դարաշրջանում Առլը դարձել է առևտուր անելու համար հաջողակ նավահանգիստ։ Հյուսիսային Աֆրիկայից բազմաթիվ ներգաղթյալներ 17-18-րդ դարերում ժամանել են Առլ ու նրանց ազդեցությունը նկատվել է այդ ժամանակահատվածում կառուցված քաղաքային տների վրա[2]։ Առլը տարիներով հանդիսացել է Ռոնում տնտեսապես կարևոր նավահանգիստ։ 19-րդ դարում երկաթուղու կառուցումը խանգարել է գետային առևտրին ու կրճատել քաղաքի առևտրային բիզնեսը։ Սակայն քանի որ քաղաքը պահպանել էր իր պրովանսային հմայքը, այն գրավել է այնպիսի արվեստագետների, ինչպիսին էր Վան Գոգը[3]։
Վան Գոգն Առլ է եկել 1888 թվականի փետրվարի 20-ին և առաջին շրջանում բնակվել Կարել ռեստորանի կացարաններում։ Մոտեցող գարնան նշանները երևում էին բողբոջող նշենիների վրա, որոնք նկարչին ճապոնական բնապատկեր են հիշեցրել[4]։
Վան Գոգի բնակված մյուս վայրերից Առլը միանգամայն տարբերվում էր։ Կլիման արևոտ էր, տաք և չոր, իսկ բնակիչներն ավելի շատ նմանվում էին իսպանացիների։ Նա Առլն անվանել է «հարավի Ճապոնիա»[5]։ Առլում բնակվելու ժամանակ ստեղծել է ավելի քան 200 կտավ, այդ թվում՝ «Աստղալից գիշեր Ռոնի վրա», «Գիշերային սրճարանը» և «Արևածաղիկներ» նկարները[2]։
Առլում Վան Գոգը քիչ ընկերներ է ունեցել, թեև փոստատար Ժոզեֆ Ռուլինի ու սրճարանատեր Ժինուի հետ ծանոթությունների շնորհիվ կարողացել է բազմաթիվ դիմանկարներ անել Ռուլին ընտանիքում, ինչպես նաև դիմանկարել տիկին Ժինուին։ Ընկերներ ձեռք բերելու դժվարության մի մասը կապված էր պրովանսի բարբառը սովորելու անկարողության հետ․ «ամբողջ օրեր են անցնում, երբ ես ոչ մի բառ որևէ մեկի հետ չեմ փոխանակում, բացի ճաշ կամ սուրճ պատվիրելը»։ Սակայն նա այնքան էր խանդավառված Առլում գտնվելով, որ դա նրան չէր անհանգստացնում։ 1888 թվականի հոկտեմբերին Պոլ Գոգենը ժամանել է Առլ ու ընկերակցել Վան Գոգին վերջինիս վարձած «Դեղին տան» սենյակներում[6]։ Դժբախտաբար Վան Գոգի այցելած ու պատկերած վայրերի նկարները ոչնչացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների ընթացքում[2]։
Վան Գոգի հոգեկան առողջությունը վատթարացել է և նա տագնապալիորեն տարօրինակ է դարձել, որի արդյունքում 1888 թվականի դեկտեմբերին վիճաբանել է Գոգենի հետ ու դրանից հետո ածելիով կտրել սեփական ձախ ականջի կեսը[9]։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նրան մի քանի անգամ հոսպիտալացրել են Առլում, որտեղ նրա վիճակը բնորոշվել է որպես «սուր մոլուցք՝ ընդհանրացված զառանցանքով»[10]։ Երիտասարդ բժիշկ Ֆելիքս Ռեյը կարծիք է հայտնել, որ դա կարող էր նաև «էպիլեպսիայի տեսակ» լինել՝ մտավոր էպիլեպսիա[11]։ Թեև Թեոյի կինը՝ Իոհանա վան Գոգը, նկարիչ Պոլ Սինյակը և այլք պնդում էին, որ Վինսենթը կտրել է ականջի բլթակի մի մասը միայն[12], արվեստաբան Ռիտա Վայլդգանսը նշել է, որ առանց բացառության Առլի բոլոր վկաները պնդել են, որ նա կտրել է ականջն ամբողջությամբ[13]։ 1889 թվականի հունվարին Վան Գոգը վերադարձել է դեղին տուն, սակայն հաջորդ ամիսն անցկացրել է մերթ տանը, մերթ հիվանդանոցու, քանի որ տառապում էր հալյուցինացիաներից ու պատրանքներից, թե իրեն թունավորում են։ 1889 թվականի մարտին 30 քաղաքացու պահանջին ընդառաջելով ոստիկանությունը փակել է նրա տունը, որոնք նրան «կարմրահեր խելագար» էին անվանում։ 1889 թվականի ապրիլին նա տեղափոխվել է Ֆելիքս Ռեյի տուն[14][15]։ Վերջիվերջո 1889 թվականի մայիսին Առլից տեղափոխվել է Սեն Ռեմի քաղաքում գտնվող Սեն-Պոլի ապաստանը[16], քանի որ հասկացել էր իր վիճակի լրջությունը[17]։
Առլի նախկին հիվանդանոցի բակը Վան Գոգի որոշ աշխատանքների թեման է, որոնց մի մասը գլուխգործոցներ են[18]։ Այգին, որը բոլոր կողմերից շրջապատված է հիվանդանոցի չորս մասնաճյուղերով, կարելի է մուտք գործել առաջին հարկի կամարակապ սրահներով։ Առաջին և երկրորդ հարկերում ճեմասրահներ կան[19]։
Առլի հին հիվանդանոցը կառուցվել է 16-17-րդ դարերում․ կառուցումը շարունակվել է երկու դար։ 1835 թվականին կառուցվել են երեք թևերը՝ տեղավորելու համար խոլերայի համաճարակով հիվանդներին։ 20-րդ դարասկզբին հիվանդանոցը համապատասխանացվել է այն ժամանակվա բժշկական ստանդարտներին։ 1974 թվականին բացվել է Ժոզեֆ-Իմբերտ հիվանդանոցը և հին հիվանդանոցտ տեղափոխվել է այստեղ։ 1986 թվականին բոլոր բժշկական բաժանմունքներն ազատել են շենքերը և հիվանդանոցը դարձել է վերականգնման ծրագրի մի մաս՝ մշակութային և համալսարանական կենտրոն ստեղծելու համար։ Կենտրոնում գործում է մեդիա գրադարան, համալսարանական ռադիո, հսկայական ցուցասրահ, ինչպես նաև մի քանի խանութներ։ Ճարտարապետները փորձել են պահպանել հին հռոմեական զբոսավայրերը[19]։ Հիվանդանոցը բավարարում է բոլոր տեսակի հիվանդների կարիքները, այդ թվում՝ հոգ տանում լքված երեխաներն ու որբերին։ Սկասած 1664 թվականից ավգուստինյան միաբանության միանձնուհիներն են խնամում հիվանդներին[19]։
«Առլի հիվանդանոցի պալատը» պատկերում է հիվանդանոցի ներսը, իսկ «Առլի հիվանդանոցի այգին»՝ տարածքը հիվանդանոցից դուրս[20]։ Վան Գոգը երբեմն կարողացել է հեռանալ հիվանդանոցային համալիրից ու նկարել դաշտերում[20]։
Կտավն ստեղծվել է 1889 թվականի հունիսին[21]․ պատկերված տեսարանը երևում էր Վան Գոգի հիվանդանոցային սենյակից[22]։ Նկարում նշմարվում են ծաղիկներ՝ կապույտ հիրիկներ, անմոռուկներ, եռագույն մանուշակներ, գինարբուկներ ու կակաչներ։ Վան Գոգի նկարած այգու տեսքը ներկայումս ամբողջությամբ պահպանվել է, միակ տարբերությունն այն է, որ նկարիչը կենտրոնում գտնվող լճակը մի փոքր մեծացրել է[23]։ Կապույտի ու ոսկեգույնի ստվերները կտավին մելամաղձոտություն են հաղորդում, իսկ մյուս գույները՝ դեղինը, նարնջագույնը, կարմիրն ու կանաչն այնքան վառ երանգներ չեն[24]։
Կտավը նկարիչը վերսկսել է 1889 թվականի հոկտեմբերին՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» վիպակի մասին մի հոդված կարդալուց հետո[25]
Վինսենտը կտավը նկարագրել է քրոջ՝ Վիլ վան Գոգի համար․ «Առաջին պլանում մի մեծ սև վառարան, շուրջը հավաքված հիվանդների սև ու մոխրագույն կերպարանքներ, հետին մասում կարմիր հատակով շատ երկար պալատ՝ սպիտակ մահճակալների երկու շարքով, սպիտակ միջնապատեր, բայց յասամանասպիտակ կամ կանաչասպիտակ ավելի շատ, պատուհաններ վարդագույն ու կանաչ վարագույրներով, իսկ ետնաֆոնին՝ սև ու սպիտակ հագած միանձնուհիների երկու պատկեր։ Առաստաղը մանուշակագույն է՝ խոշոր հեծաններով»[25]։
«Վան Գոգի ծաղիկները» աշխատության հեղինակ Դեբրա Մանկոֆը[26] այս նկարի մասին գրել է․ «միջանցքի չափազանցված երկարությունը և հիվանդների կերպարները գծագրող նյարդային ուրվագծերն արտահայտում են նրա մեկուսացման և սահմանափակման հուզական չափը»[20]։
Վան Գոգը պատկերել է նաև իր ականջը բուժած բժշկի՝ Ֆելիքս Ռեյի դիմանկարը, որի մասին եղբորը՝ Թեոյին, գրել է․ «համարձակ, աշխատասեր, մարդկանց միշտ օգնող»։ 1889 թվականի հունվարի 17-ին նկարիչը կտավը որպես հիշատակ նվիրել է բժշկին[27]։ Բժշկի մայրն այն «զարզրելի» է համարել ու դրանով փակել իրենց հավաբնում եղած անցքը։ 1901 թվականին արվեստի մի վաճառական, հավանաբար Լյուսիեն Մոլինարը, որը բժշկից Վան Գոգի վեց նկար էր ստացել վաճառելու համար[28], Ռեյից ձեռք է բերել ևս երեք կտավ, այդ թվում՝ դիմանկարը, որն արդեն 1903 թվականին հայտնվել է Ամբրուազ Վոլարի տրամադրության տակ[29]։ 2016 թվականին դիմանկարը տեղադրվել է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, ավելի քան 50 միլիոն դոլար գնահատված արժեքով[30]։
Իր ստացած գծանկարի մասին Թեոն գրել է․ «Առլի հիվանդանոցը շշմեցուցիչ է, թիթեռն ու մասրենու ճյուղերը նույնպես գեղեցիկ են, պարզ գույներով, բայց սքանչելիորեն պատկերված»[31]։
Հիվանդանոցի այգու և պալատի նկարները երկուսն էլ գտնվել են Օսկար Ռայնհարթի հավաքածուում[32]։ Վերջինիս կտակի համաձայն ավելի քան 500 կտավից բաղկացած իր ամբողջ հավաքածուն 1965 թվականին իր մահից հետո անցել է Շվեյցարիայի ժողովրդին։ Ամբողջ հավաքածուն այժմ գտնվում է Վինտերտուր քաղաքի նրա նախկին տանը գործող թանգարանում[33]։
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիվանդանոց Առլում կատեգորիայում։ |