«Հյուսիս» գործողություն (ռուս.՝ Операция «Север»), ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության կողմից իրականացված գործողություն, որի շրջանակներում 1951 թվականի ապրիլի 1-ին և 2-ին Սիբիր են տեղահանվել Խորհրդային Միությունում Եհովայի վկաների կազմակերպության հետևորդներն ու նրանց ընտանիքների անդամները[1][2][3][4][5]։
Մերձբալթիկայի, Արևմտյան Բելառուսիայի, Արևմտյան Ուկրաինայի, Բեսարաբիայի և Բուկովինայի՝ Խորհրդային Միությանը միացվելուց առաջ երկրում Եհովայի վկաներ գրեթե չեն եղել։ Նրանք հիմնականում բնակվել են Մոլդովական ԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ տարածքներում։
Բանակում ծառայելուց հրաժարվելու, քաղաքականությունից հեռու մնալու (Եհովայի վկաները չեն անդամագրվել Կոմունիստական կուսակցությանը, կոմերիտմիությանը և իրենց երեխաներին թույլ չեն տվել համալրել պիոներների շարքերը) և Միացյալ Նահանգների հետ կապ ունենալու պատճառով Եհովայի վկաներն արժանացել են բացասական վերաբերմունքի խորհրդային իշխանությունների կողմից[4][6]։ Շուտով նրանց ուսմունքը գնահատվել է որպես հակախորհրդային։ Եհովայի վկաները դիտարկվել են որպես հնարավոր վտանգ կրող տարրեր[7][8]։
1950 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ պետանվտանգության նախարար Վիկտոր Աբակումովն Իոսիֆ Ստալինին է ներկայացրել Եհովայի վկաների տեղահանության պլանը, և Ստալինը հաստատել է պլանի իրականացումը 1951 թվականի մարտ-ապրիլ ամիսներին[1][6]։
1951 թվականի փետրվարի 19-ին Աբակումովը Ստալինին ուղղված գաղտնի հաղորդագրության մեջ մանրամասն բացատրել է Եհովայի վկաների՝ Տոմսկի և Իրկուտսկի մարզեր տեղահանության պլանը[6]։ Այդ հաղորդագրությունը, որ ներկայում հայտնի է որպես ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության գրություն «Ուկրաինայի ու Բելառուսիայի արևմտյան մարզերից, Մոլդովական, Լատվիական, ԼԻտվական և Էստոնական ԽՍՀ-ներից եհովայականների խմբավորման անդամների և նրանց ընտանիքների անդամների տեղահանության անհրաժեշտության մասին» (ռուս.՝ «О необходимости выселения из западных областей Украины и Белоруссии, Молдавской, Латвийской, Литовской и Эстонской ССР участников антисоветской секты иеговистов и членов их семей»), ավելի ուշ գաղտնազերծվել է[9][10][11]։
Ընդհանուր առմամբ տեղահանության է ենթարկվել ավելի քան 8,5 հազար մարդ (3 հազարից ավելի ընտանիք)։ Տեղահանվածների ունեցվածքն առգրավվել է ու հատկացվել պետական պարտականությունների կատարման ծախսերը փակելու համար։ Տեղահանվողներին տրվել է երկու ժամ իրերը հավաքելու համար, իսկ մեկ ընտանիքին թույլատրվել է տանել 150 կգ իրեր[6]։
Տեղահանվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 8576 մարդ (3048 ընտանիք), այդ թվում՝
1965 թվականին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության՝ 1965 թվականի սեպտեմբերի 30-ի № 4020-1У հրամանով հանվել են սահմանափակումները հատուկ բնակավայրերում ապրելու վերաբերյալ և հասարակական կարգի պահպանության մարմինների վարչական վերահսկողությունից ազատվել են «Եհովայի վկաներ, ճշմարիտ ուղղափառ քրիստոնյաներ, ինոկենտյաններ, ադվենտիստ-ռեֆորմիստնեև խմբավորումների մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները»[13]։
Հրամանի երկրորդ կետով սահմանվել է, որ «նշված անձանց՝ հատուկ բնակավայրերում ապրելու վերաբերյալ սահմանափակումների վերացումը չի ենթադրում աքսորի ժամանակ բռնագրավված ունեցվածքի վերադարձ»։