Հովանոցասունկ աղջկական | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Macrolepiota puellaris
|
Հովանոցասունկ աղջկական (լատին․՝ Macrolepiota puellaris), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ուտելի պտղամարմնով և բողկի հոտով հումուսային սապրոտրոֆ է, որի 4-10 սմ տրամագծով սպիտակ գլխարկը մեջտեղում ավելի մուգ է գունավորված, սկզբում ձվաձև է, իսկ հասունանալուց հետո հովանոցանման, վերին մասը ծածկված է եռանկյունաձև սպիտակ թեփուկներով։ Գլխարկի եզրերը ծոպավոր են։ Սպիտակ և ազատ թիթեղները խիտ են դասավորված։ Կտրվածքի դեպքում ոտիկի հիմքում կարմրող պտղամիսը սպիտակ է։ Սկզբում կեղտոտ սպիտակ, հետո շագանակագույն, 5–10 x 0,5–1 սմ ոտիկը հիմքում պալարաձև հաստացած է մինչև 1-2 սմ, կաթնագույն, լայն, շարժուն, նուրբ օղակով, ոտիկը և գլխարկը չորացնելուց հետո գորշագույն են։ Սպորափոշին սպիտակավուն է, սպորները՝ անգույն, էլիպսաձև, հարթ և ծլման ծակոտիներով[1]։
Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածք և Լոռու ֆլորիստիկական շրջանում՝ Ստեփանավանի շրջակայք[1]։
Հանդիպում է հազվադեպ, երբեմն՝ խմբերով, հողի վրա, լայնատերև անտառներում, 1100-1800 մ բարձրություններում, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։
Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհմակարգերի կազմում։ Հնարավոր է սնկի միցելիալ կուլտուրայի ստացումը և արհեստական աճեցումը[1]։