Հունական պլան (հուն․՝ Ελληνικό Σχέδιο), Ռուսաստանի ամենաերկար կառավարած կայսրուհու՝ Եկատերինա Ալեքսեևնայի կազմած ծրագիրը, որը նախատեսում էր արևելյան հարցի լուծումը՝ բացառապես պատերազմական ուղով։ Անուղղակիորեն, այս պլանը կարելի է համարել միջազգայնացված արևելյան հարցի լուծման ուղղությամբ տարված անդրանիկ գործողություններից մեկը, որը թեպետ Թուրքիայի տարածքում ապրող հպատակ ժողովուրդների ազատագրման բաղձալի ձգտումից զատ նախ և առաջ ձեռնտու էր շահագրգիռ կողմերին։
Ըստ Եկատերինա Ալեքսեևնայի կազմած «հունական ծրագրի»՝ նախատեսվում էր Օսմանյան կայսրության դեմ անցկացնել ավստրո-ռուսական դաշնակցային պատերազմ։ Արդյունքում՝ հաղթանակի պարագայում Թուրքիայի տարածքը բաժանել Ավստրիական և Ռուսական կայսրությունների միջև։ Ծրագրի կարևորագույն շեշտադրումներից մեկը նաև այն էր, որ գրավված տարածքներից բացի ռուսական և ավստրիական հովանավորչությամբ պետք է վերականգնվեր 1453 թվականից ի վեր անկում ապրած Բյուզանդական կայսրության կենտրոնացված իշխանությունը՝ Կոստանդնուպոլիս կենտրոնով։
Իր նախորդների պես, Եկատերինա II-ը ևս մտահոգված էր թուրքական լծի տակ գտնվող ուղղափառ քրիստոնյաների խնդրով։ Նրա օժանդակությամբ 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմներին հընթացս մայրցամաքային Հունաստանում և կղզիներում բռնկվում է հակաթուրքական ապստամբության հուժկու ալիք։ Նրա ջանքերով հույն բազմաթիվ ռազմական գործիչներ, այդ թվում՝ Յաննիս Վարվակիսը, ժամանում են Ռուսաստանի սևծովյան շրջաններ, մասնավորապես՝ Ղրիմի թերակղզի և Նովոռոսիա։ Եկատերինա Ալեքսեևնան արևելյան հարցի և հատկապես՝ հունական խնդրի կապակցությամբ ուներ հստակ տեսլական․ նա պատրաստ էր զինված պայքարի միջոցով ազատագրել հունական պատմական հողերը և հող նախապատրաստել Բյուզանդական կայսրության կենտրոնացված իշխանության վերահաստատման համար։
Կոստանդնուպոլսի ազատագրումից հետո Եկատերինին նախատեսել էր Բյուզանդիայի առաջին կայսեր պաշտոնում նշանակել իր թոռանը՝ արքայազն Կոնստանտինին։ «Հունական պլան»-ի իրագործմամբ ռուսական արքունիքը նախ և առաջ ցանկանում էր իրականացնել իր վաղեմի ծրագիրը և տիրել Սև և Միջերկրական ծովերին նեղուցներին՝ Բոսֆորին և Դարդանելին։ Նմանօրինակ ռազմավարական նշանակության սուբյեկտների նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ռուսական կայսերական ռազմածովային ուժերին հնարավորություն կընձեռվեր նոր արշավանքներ ձեռնարկել դեպի Մերձավոր Արևելք։
Պլանի իրագործման համար ռուսական արքունիքին նախ և առաջ հարկավոր էր ծրագիրը համաձայնեցնել «մեծ տերությունների» հետ և ապա որոնել դաշնակիցներ։ 1780 թվականի մայիսին Եկատերինան Մոգիլևում (ներկայումս գտնվում է Բելառուսում) հանդիպում է կազմակերպում գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Յոզեֆ II-ի հետ։ Արդեն իսկ սեպտեմբերին Եկատերինան և Յոզեֆը քննարկում են Օսմանյան կայսրության բաժանման և Բյուզանդական կայսրության վերականգնման իրենց ծրագրերը։ Արդյունքում՝ 1781 թվականին վերջիններս կնքում են դաշինք։
Հունական պլանի կենսագործումը վստահված էր գեներալ-ֆելդմարշալ Գրիգորի Պոտյոմկինին։ Վերջինիս ջանքերով Նովոռոսիայի մի շարք քաղաքներ ստանում են հունական ծագումնաբանություն ունեցող անուններ, օրինակ՝ Օդեսա, Խերսոն, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ և այլն։
Ստորև ներկայացված են Եկատերինա II-ի հրամանագրով հունական անվանումներ ստացած Ռուսաստանի խոշոր քաղաքների ցանկը[1]․
Ղրիմ թերակղզում գտնվող բազմաթիվ քաղաքների անվանումների համար հիմք է ծառայել հունարեն «պոլ(իս)» բառը, որը թարգմանաբար նշանակում է «քաղաք»։ Օրինակ՝ Սևաստոպոլ, Ստավրոպոլ, Սիմֆերոպոլ, Օվիդիոպոլ, Տիրասպոլ և այլն։