Հրահանը դան․՝ Fyrtøiet և լեհ.՝ Krzesiwo[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գրական հեքիաթ և հեքիաթ |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | մայիսի 8, 1835 |
![]() |
«Հրահանը» (դան․՝ Fyrtøiet), դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Առաջին անգամ հրատարակվել է 1835 թվականի մայիսի 8-ին «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» (դան․՝ «Eventyr, fortalte for Børn») հեքիաթների ժողովածուում։
Զինվորը վերադառնում էր պատերազմից։ Ճանապարհին հանդիպում է մի տգեղ ծեր կնոջ (վհուկի)։ Վհուկը զինվորին խնդրում է մտնել հին ծառի փչակը և խոստանում, որ նա այնտեղ շատ փող կգտնի, որը կարող է վերցնել իրեն։ Սակայն փողերը 3 սնդուկների մեջ էին, որոնք գտնվում էին առանձին սենյակներում։ Յուրաքանչյուր սնդուկի վրա նստած էր մի շուն, և շները մեկը մյուսից սարսափելի էին։ Առաջին շան աչքերը նման էին թեյի գավաթի, երկրորդինը՝ ջրաղացքարի, իսկ երրորդի, որն ամենասարսափելին էր, ամեն մի աչքը նման էր Կլոր աշտարակին։ Վհուկը զինվորին բացատրում է, թե ինչպես վարվի շների հետ, որպեսզի նրանք վնաս չհասցնեն։ Իսկ իր համար խնդրում է բերել հին հրահանը։
Զինվորը բարձրանում է ծառը, մտնում փչակի մեջ և ցած իջնում։ Այնտեղ նա գտնում է 3 սենյակ, որոնցից յուրաքանչյուրում կար մի սնդուկ, ամեն սնդուկի վրա էլ նստած էր մի շուն։ Ինչքան կարողանում է փող է վերցնում, այնուհետև վերցնում է հրահանն ու դուրս գալիս։ Նրան շատ է անհանգստացնում այն հարցը, թե վհուկի ինչին է պետք հին հրահանը։ Վհուկը չի պատասխանում։ Զինվորը զայրանում է ու թրով պառավի գլուխը կտրում։ Իսկ ինքը գնում է քաղաք, որտեղ ապրում էր արքայադուստրը։ Բայց արքայադստերը ոչ ոք տեսնել չէր կարող, որովհետև գուշակել էին, որ նա ամուսնանալու է հասարակ զինվորի հետ։ Նրան փակել էին մի բարձր աշտարակում, որպեսզի այդպիսի բան տեղի չունենա։
Զինվորն ամբողջ փողն արագ ծախսում է և այդ ժամանակ էլ հանկարծ հիշում է հրահանի մասին։ Պարզվում է՝ հրահանը կախարդական է։ Այն կարող էր կանչել փչակի շներին, իսկ շները կարող էին կատարել նրա բոլոր ցանկությունները։
Զինվորը շանը խնդրում է իր մոտ բերել արքայադստերը։ Շունը 3 անգամ կատարում է այդ պահանջը։ Զինվորին արքայադուստրը դուր է գալիս, վերջինիս էլ զինվորը։ Երրորդ անգամ թագավորը պարզում է, թե արքայադուստրն ուր է կորչում։ Նա հրամայում է զինվորին ձերբակալել և հաջորդ օրը գլխատել։ Բայց հրահանը նորից ազատում է զինվորին։ Շները նրան փրկում են։ Եվ քանի որ, զինվորին փրկելով, նրանք սպանել էին թագավորին, քաղաքի բնակիչները զինվորին խնդրում են դառնալ իրենց թագավորը և ամուսնանալ արքայադստեր հետ։
Զինվորը դառնում է թագավոր և ամուսնանում արքայադստեր հետ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրահանը» հոդվածին։ |
|