Ճապոնական թատրոն

Ներկայացում

Ճապոնական թատրոն, Ճապոնիայի թատրոնի ակունքները հարում են երկրագործության տոնախմբությունների հին ծեսերին։ 7-րդ-8-րդ դարերում բուդդայականության հետ Արևելյան Ասիայի երկրներից Ճապոնիա են թափանցել թատերական տարբեր ձևեր։ Այդ երաժշտապարային ներկայացումները (գիգակու և բուգակոլ) նպաստել են ճապոնական դասական թատրոնի ձևավորմանը։ 14-րդ դարի վերջին֊ 15-րդ դարի սկզբին փոխառնված և բուն ճապոնական ներկայացումներից ծագել է նոր թատրոնը, որն ընդգրկում էր երաժշտություն, պար և դրամատիկ գործողություն։ Գլխավոր հերոսները կրում էին դիմակներ։ Այդ ժանրը պահպանվում է և 20-րդ դարում։ 17-րդ դարից քաղաքների աճի հետ զարգացել են նաև թատերական այլ ժանրեր (տիկնիկային ձյորուրի և կաբուկի թատրոնները), որոնք արտահայտում էին ցածր խավի պահանջները և դարձան Ճապոնիայի թատրոնի առաջատար ավանդական ժանրերը։ Ճապոնիայի տնտեսական զարգացման հետ կապված սոցիալական և քաղաքական փոփոխությունները նկատելիորեն ազդել են թատերարվեստի վրա։ 20-րդ դարի սկզբին երևան եկան նոր ժանրեր, որոնք ստեղծվեցին ավանդական թատրոնի նորացման (սիմպա, սինկոկուգեկի) և եվրոպական ձևերի Փոխառության (ժամանակակից դրամա՝ սինգեկի, բալետ, օպերա) հետևանքով։ Ճապոնիայի ժամանակակից թատերարվեստը պարզորոշ բաժանվում է ավանդական (բուգակու, նոո, կաբուկի, ձյորուրի) և եվրոպական (դրամա, օպերա, բալետ) թատրոնների։ Դրանց մեջ ինքնատիպ շերտ են կազմում սիմպան՝ ճապոնական քաղքենիական մելոդրաման, և սինկոկուգեկին՝ մասսայական դրաման։ Ավանդական թատրոնի խաղացանկը կազմում են ճապոնացի դասականների և ժամանակակից դրամատուրգների պիեսները։ Ավանդական թատրոնում ռեժիսորներ չկան։ 1970-ական թվականներում առավել ճանաչված դերասաններից են․ նոո թատրոնում՝ Մինորու Կիտան, Մոտոմասա Կուրո Հոսյոն, կաբուկի թատրոնում՝ Կանձաբուրո Նակամուրան, Ուտաեմոն Նակամուրան, Կոսիրո Մացումոտոն, երիտասարդ դերասաններ էննոսկե Իտիկավան, Կիտիեմոն Նակամուրան, Ցումասաբուրո Բանդոն, սիմպայում՝ Ցաեկո Միձուտանին, սինկոկուգեկիում՝ Սյոգո Սիմադան, Ռյուտարո Տացումին։ 1966 թ.-ին Տոկիոյում ստեղծվել է «Կոկուրիցու գեկիձյո» թատերական ազգային կենտրոնը՝ Ճապոնիայի միակ պետական թատրոնը, որը պահպանում և զարգացնում է ավանդական ժանրերը։ Կենտրոնին կից ստեղծվել է թատերական դպրոց, որը դերասաններ է պատրաստում կաբուկի և ձյորուրի թատրոնների համար։ Սինգեկի թատրոնի խաղացանկը կազմում են եվրոպական և ամերիկյան դրամատուրգների դասական ու ժամանակակից պիեսները, ռուս* և սովետական հեղինակների, ինչպես նաև ճապոնացի արդի հեղինակների գործերը։ Ճապոնիայում կա սինգեկիի մոտ 100 թատերախումբ, որոնցից ամենախոշորներն են՝ «Հայուձա», «Մինգեյ», «Բունգակուձա» և այլն։ Այդ թատրոնի առաջատար գործիչներից են՝ ռեժիսորներ Կորեյա Սենդան, Զյուկիտի Ունոն, դերասան-դերասանուհիներ Օսամու Տակիձավան, էյտարո Օձավան, Իսուձու Ցամադան, Ցասուե Ցամամոտոն։ «Հայուձա» թատրոնին կից 1949-1949 թ.-ին ստեղծված դպրոց-ստուդիան դերասաններ է պատրաստում սինգեկիիհամար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 83