Ճիչ իտալ.՝ Il grido | |
---|---|
Երկիր | Իտալիա ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | 1957 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Միքելանջելո Անտոնիոնի |
Պրոդյուսեր | Ֆրանկո Կանչելերի |
Սցենարի հեղինակ | Միքելանջելո Անտոնիոնի, Էննիո դե Կոնչինի, Էլիո Բարտոլինի |
Դերակատարներ | Սթիվ Կոկրան, Ալիդա Վալլի |
Օպերատոր | Ջաննի դի Վենանցո |
Երաժշտություն | Ջովաննի Ֆուկսո |
Մոնտաժ | Էռալդո դա Ռոմա |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Տևողություն | 116 րոպե |
Il grido Վիքիպահեստում |
«Ճիչ» (իտալ.՝ Il grido), ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմը, որն էկրանավորվել է 1957 թվականին։ Ֆիլմը Լոկառնոյի կինոփառատոնում արժանացել է մրցանակի։
Ալդոն յոթ տարի է, ինչ բնակվում է ամունացած կնոջ՝ Իրմայի հետ, որի ամուսինն աշխատելու նպատակով մեկնել է Ավստրալիա։ Նրանք ունեն աղջիկ, որի անունը Ռոզինա է։ Իրման Ալդոյից մեծ է։ Ալդոն աշխատում է շաքարի գործարանում՝ որպես մեխանիկ։
Իրման լուր է ստանում, որ ամուսինը մահացել է Ավստրալիայում։ Ալդոն ասում է, որ հիմա իրենց ամուսնության համար խոչընդոտ չկա, բայց Իրման հայտարարում է, որ չի սիրում նրան և լավ կլինի, որ իրենք բաժանվեն։ Ալդոն փորձում է պահել Իրմային, վիճում է նրա հետ, քաղաքի բնակիչների աչքի առաջ ծեծում նրան, ինչին ի պատասխան Իրման գոռում է, որ դա իրենց հարաբերությունների վերջն է։
Ալդոն զրուցում է մոր հետ։ Վերջինս ասում է, որ չարժեր ուրիշ բան սպասել մեկ անգամ արդեն ամուսնուն դավաճանած կնոջից։
Ալդոն և Ռոզինան հեռանում են քաղաքից։ Նրանք կանգ են առնում Էլվիայի (Բեթսի Բլեր) և նրա կրտսեր քրոջ՝ Էդերի մոտ։ Ալդոն նախկինում սիրահետել էր Էլվիին, բայց նրան լքել էր հանուն Իրմայի։ Ալդոն նորից սկսում է սիրահետել Էլվիին։ Էլվիի մոտ է գալիս Իրման, խնդրում է Ալդոյի իրերը նրան փոխանցել և հայտնում է, որ ինքը բաժանվել է նրանից։ Էլվիան մեղադրում է Ալդոյին նրանում, որ նա վերադարձել է իր մոտ միայն այն պատճառով, որ Իրման վռնդել է իրեն։ Պարերից հետո գինովցած Էդերան Ալդոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում։ Այս դեպքերից հետո Ալդոն և Ռոզինան հեռանում են նրանց տնից։
Նրանք բենզինատար մեքենայով ընթանում են մայրուղով և կանգ առնում բենզալցակայանում։ Վարորդն Ալդոյին խորհուրդ է տալիս այդ օրը մնալ այդտեղ, որպեսզի խնդիրներ չունենան ոստիկանների հետ։ Լցակայանի տերը երիտասարդ այրի Վիրջինյան է։ Ալդոն և Ռոզինան գիշերում են խորդանոցում։ Առավոտյան Վիրջինյան Ալդոյին աշխատանք է առաջարկում։ Վիրջինյայի հետ ապրում էր նաև նրա հայրը, ում հարբեցողությունը անհարմարություն է պատճառում դստերը։ Վիրջինյան և Ալդոն սկսում են միասին ապրել։ Հոր հետ ունեցած հերթական խնդրից հետո Վիրջինյան որոշում է նրան ծերանոց տանել։ Այդ նպատակով բոլորը միասին գնում են մոտակա քաղաք։ Ծերանոց այցելելուց հետո Ռոզինան մոլորվում է։ Նա տեսնում է, որ Ալդոն և Վիրջինյան միասին են և ծանր ապրումներ է ունենում։ Վիրջինյան Ալդոյին համոզում է դստերը վերադարձնել մորը։ Ալդոն այդպես էլ անում է, բայց աղջկանից բաժանվելուց հետո լքում է Վիրջինյային։
Ալդոն աշխատանք է գտնում։ Գործընկերներից մեկը պատմում է Լատինական Ամերիկայում աշխատանքի մասին։ Ալդոն մտածում է Վենեսուելա տեղափոխվել, բայց հետո գլխից հանում է այդ միտքը։ Այնտեղ նա հանդիպում է մարմնավաճառուհի Անդրեինային։
Աշխատանքից հետո Ալդոն հայտնվում է մի աղքատ ձկնորսական գյուղում, որտեղ կրկին հանդիպում է Անդրեինային։ Նա օգնում և հոգ է տանում աղջկա մասին, երբ վերջինս հիվանդանում է։ Ձմռանը, երբ նրանց գումարը վերջանում է, Անդրեինան կրկին վերադառնում է իր արհեստին, ինչից հետո Ալդոն լքում է նրան։
Տուն վերադառնալու ճանապարհին Ալդոն բենզալցակայանում կրկին հանդիպում է Վիրջինյային։ Նա Ալդոյին խնդրում է վերցնել իր իրերը։ Տանը Ալդոն տեսնում է Վիրջինյայի հորը, ով շարունակում է հարբեցողությունը։
Ալդոն վերադառնում է հայրենի քաղաք։ Շաքարի գործարանի և նրա հարակից տարածքներում նախատեսվում է ռազմական օդանավակայան կառուցել։ Քաղաքի բնակիչները բողոքում են շինարարության դեմ։ Այդտեղ տեղակայված ռազմական զորքը փորձում է կոտրել դիմադրությունը։
Ալդոն փնտրում է Իրմային։ Նա Ռոզինային նկատում է ուրիշ տուն մտնելիս։ Լուսամուտից տեսնում է նորածնին բարուրող Իրմային։ Ալդոն գնում է շաքարի գործարան, բարձրանում աշտարակը։ Իրման գնում է նրա հետևից՝ փորձելով կանգնեցնել նրան, սակայն Ալդոն նետվում է աշտարակից։ Իրման ողբում է նրա մահը։
Ֆիլմի գործողություններն անց են կացվում արդյունաբերական կամ մշուշոտ տեսարանների ֆոնի վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճիչ (ֆիլմ, 1957)» հոդվածին։ |
|