Մադլեն Ռիֆո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1924[1][2] (99 տարեկան) |
Ծննդավայր | Արվիլե |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լրագրող, բանաստեղծուհի, գրող և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | French Forces of the Interior?[4] |
![]() |
Մադլեն Ռիֆո (ֆր.՝ Madeleine Riffaud, օգոստոսի 23, 1924[1][2], Արվիլե), ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակից, լրագրող, ռազմական թղթակից, բանաստեղծուհի և թարգմանչուհի։
Մադլեն Ռիֆոն ծնվել է 1924 թվականի օգոստոսի 23-ին, Հյուսիսային Ֆրանսիայի Սոմ գավառի Արվիլե համայնքում։ 1940 թվականին նացիստական Գերմանիայի հարձակումից հետո նա ընտանիքի հետ լքել է հայրենի բնակավայրն ու մեկնել է երկրի հարավ-արևմուտք։ Փախստականների շարասյունը, որի մեջ էր նաև Ռիֆոյի ընտանիքը, ռմբակոծվել է գերմանական ինքնաթիռների կողմից։
1942 թվականին Մադլենը տեղափոխվել է Փարիզ և կապ է հաստատել ֆրանսիացի կոմունիստների ընդհատակյա կազմակերպության հետ։ Ընդհատակում Մադլենը հայտնի էր «Ռայներ» մականունով (ի պատիվ ավստրիացի գրող Ռայներ Մարիա Ռիլկեի)։
1944 թվականի հուլիսի 23-ին Մադլեն Ռիֆոն Սոլֆերինոյի կամրջի վրա գնդակահարել է գերմանական սպայի[5]։ Հետապնդման արդյունքում ձերբակալվել է վիշիական ոստիկանության կողմից և հանձնվել է գեստապոյին։ Ֆաշիստական գերության մեջ Մադլենը կտտանքների ու ծաղրանքների է ենթարկվել, իսկ փախուստի անհաջող փորձից հետո նրան դատապարտել են մահապատժի։ Սակայն օգոստոսի 18-ին նա ազատ է արձակվել գերիների փոխանակման արդյունքում։
Մադլենն արագորեն շարք է վերադարձել և մասնակցել է Փարիզի ապստամբությանը։ Նրան տրվել է լեյտենանտի կոչում։ Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ֆրանսիացի պարտիզանները Ռիֆոյի հրամանատարությամբ Բելվիլի մոտակայքում գտնվող Ménilmontant երկաթուղային կայարանում գերի են վերցրել վերմախտի 80 զինվորների, ինչպես նաև գրավել են զինամթերքով լիքը գերմանական երկու գնացք[6]։
1945 թվականին Մադլենն ամուսնացել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ Պիեռ Դակսի հետ։ Նրանք ամուսնացած են եղել մինչև 1953 թվականը։
1945 թվականին Մադլեն Ռիֆոն սկսել է համագործակցել Լուի Արագոնի Ce soir թերթի հետ։ Արդյունքում նա դարձել է ֆրանսիական կոմունիստական կուսակցության կենտրոնական օրգանի` L’Humanité-ի մշտական թղթակիցը։
1946 թվականին Ռիֆոն ծանոթացել է վիետնամական կոմունիստական կուսակցության ղեկավար Հո Շին Մինի հետ։ Իր հրապարակումներում լուսաբանել է Հնդկաչինի պատերազմի իրադարձությունները պրովիետնամական և հակագաղութային դիրքերից։
1954 թվականից ալժիրյան պատերազմի սկզբից Մադլեն Ռիֆոն Ալժիրում աշխատել է որպես ռազմական թղթակից։ Կտրուկ քննադատել է ֆրանսիական բանակի գործողությունները և բացահայտել է դրա կատարած հանցագործությունները։ Իր թղթակցություններում Ռիֆոն հաճախ ստորագրել է նախկին` Ռայներ կեղծանունով։
1962 թվականին Օրանի անկարգությունների ժամանակ Մադլեն Ռիֆոյի վրա հարձակում է իրականացվել օասցիների կողմից։ Հարձակման ընթացքում կոտրել են նրա ձեռքն ու գանգուղեղային վնասվածք հասցրել[5]։
1964-1971 թվականներին, յոթ տարվա ընթացքում Ռիֆոն պարբերաբար ռեպորտաժներ է վարել Վիետնամի պատերազմից։ Վիետնամցի պարտիզանների հետ մի քանի հարյուր կմ անցել է ջունգլիներում։
Ֆրանսիա վերադառնալուց հետո փարիզյան հիվանդանոցում աշխատել է որպես բուժքույր, ինչի մասին գրել է Les Linges De La Nuit (1974) գրքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Ռիֆո» հոդվածին։ |
|