Մակույկաձև ոսկրի կոտրվածք | |
---|---|
Մակույկաձև ոսկրի կոտրվածքի ռենտգեն պատկեր | |
Տեսակ | Մոտակա, միջին, հեռակա[1] |
Պատճառ | Տարածած ձեռքի վրա ընկնելու հետևանք[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ առաջին մատի շրջանում, այտուց[1] |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 814 |
ՀՄԴ-10 | S62.0 |
Հոմանիշներ | Դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածք, դաստակի նավակաձև ոսկրի կոտրվածք[2] |
Ախտորոշում | Զննում, Ռենտգեն հետազոտություն, ՄՌՇ, Ոսկրերի սցինտիգրաֆիա[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Ճաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք, Դը Քերվենի համախտանիշ, կապանների գերձգում[2][1] |
Բուժում | Առանց տեղաշարժի։ Գիպսակապ[1] Տեղաշարժով։ վիրաբուժական[1] |
Բարդություններ | Կեղծ հոդի ձևավորում, Ավասկուլյար նեկրոզ, Հոդաբորբ[2][1] |
Կանխարգելում | Ձեռքի պաշտպանիչ հարմարանք[2] |
Կանխատեսում | Վերականգնումը կարող է ձգվել մինչև 6 ամիս[2] |
Scaphoid fracture Վիքիպահեստում |
Մակույկաձև ոսկրի կոտրվածքը դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածքն է ճաճանչդաստակային հոդում[2]։ Հիմնական ախտանիշը առաջին մատի շրջանի ցավն է, որն ուժեղանում է ձեռքի շարժումների ժամանակ[1], և անատոմիական ծխախոտատուփի շրջանի այտուցը[1]։ Բարդություններից են կեղծ հոդի ձևավորումը, ավասկուլյար նեկրոզը, հոդաբորբը[2][1]։
Հիմնականում առաջանում է տարածած ձեռքի վրա վայր ընկնելու հետևանքով[1]։ Ախտորոշումը հիմնված է զննման և բժշկական հետազոտությունների վրա[1]։ Որոշ դեպքերում կոտրվածքը կարող է չերևալ ռենտգեն պատկերում[1]։ Այդ դեպքերում կատարվում է կրկնակի ռենտգեն հետազոտություն երկու շաբաթ անց, կամ հնարավոր է կատարել ՄՌՇ և ոսկրերի սցինտիգրաֆիա[1]։
Կոտրվածքներից հնարավոր է խուսափել ձեռքին պաշտպանիչ թևնոց կրելով որոշ գործողությունների ժամանակ[2]։ Առանց տեղաշարժի կոտրվածքների բուժումը հնարավոր է իրականացնել գիպսակապի միջոցով[1]։ Տեղաշարժով կոտրվածքների դեպքում կատարվում է վիրաբուժական միջամտություն[1]։ Վերականգնումը տևում է մոտավորապես վեց շաբաթ[2]։ Սա դաստակի կոտրվածքների մեջ ամենատարածվածն է[3]։ Ավելի շատ հանդիպում է տղամարդկանց քան կանանց մոտ[1]։
Մակույկաձև ոսկրի կոտրվածքի դեպքում դիտվում է անատոմիական ծխախոտատուփի շրջանի փափկություն և այտուց։
Տեղային ցավոտություն զգացվում է հետևյալ երեք տեղերում.
1) Դաստակի ծայրամասում՝ դիստալ կոտրվածքների ժամանակ
2) Անատոմիական ծխախոտատուփի շրջանում՝ մակույկաձև ոսկրի մարմնի կամ միջին մասի կոտրվածքի ժամանակ
3) Լիստերի թմբկության շրջանում՝ մակույկաձև ոսկրի պրոքսիմալ(մոտակա) կոտրվածքների ժամանակ[4]։
Ավասկուլյար նեկրոզը ամենահաճախ հանդիպող բարդություններից է։ Քանի որ մակույկաձև ոսկրի արյունամատակարարումը երկու տարբեր ճյուղերով է իրականացվում, կոտրվածքները կարող են սահմանափակել արյան մատակարարման հասանելիությունը[5]։
Ավասկուլյար նեկրոզի առաջացման ռիսկը կախված է կոտրվածքի տեղից.
Կեղծ հոդ կարող է առաջանալ չախտորոշված կամ չբուժված մակույկաձև ոսկրի կոտրվածքների դեպքում։ Զարկերակային հունը ոսկր է մտնում դիստալ հատվածից և ուղղվում դեպի պրոքսիմալ հատված։ Արյունամատակարարումը չնչին է, ինչը մեծացնում է կեղծ հոդ առաջացնելու հավանականությունը, հատկապես ոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների ժամանակ[4]։ Կոտրվածքի ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել դաստակի օստեոարթրոզի զարգացման։
Ախտանշաններից են դաստակի շրջանի ցավը, դաստակային հոդում շարժումները սահմանափակված են ու ցավոտ։ Եթե ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվում է հնացած կոտրվածքի պատճառով առաջացած հոդաբորբ, ապա առաջնային պլան մղվում է դրա բուժումը հակաբորբոքային դեղորայքներով և տեղադրվում է բեկակալ, եթե հիվանդն ունի ցավեր։ Եթե բուժման այս եղանակը արդյունավետ չի լինում, դաստակի մեջ ներարկվում են ստերոիդներ, որոնք օգնում են ցավի թեթևացմանը։ Եթե նշված բուժման եղանակները նշանակալի արդյունք չեն տալիս, կատարվում է վիրաբուժական միջամտություն[6]։
Մակույկաձև ոսկրի կոտրվածք կարող է առաջանալ ուղղակի առանցքային սեղմման կամ դաստակի գերձգման հետևանքով, օրինակ տարածած ձեռքի վրա վայր ընկնելու հետևանքով։ Ըստ Գերբերտի դասակարգման տարբերում ենք կոտրվածքի երեք հիմնական տեսակ. 10%-20% դեպքերում կոտրվում է մակույկաձև ոսկրի պրոքսիմալ(մոտակա) հատվածը, 60%-80% միջին կամ մարմնի հատվածը և մանացած դեպքերում դիստալ(հեռակա) բևեռը[4][5][7]։
Մակույկաձև ոսկրի կոտրվածոները հիմնականում ախտորոշվում են զննման և ռենտգեն հետազոտության միջոցով[7]։ Սակայն ոչ բոլոր կոտրվածքներն են ի սկզբանե ախտորոշվում։ Այդ դեպքում տուժածները գանգատվում են մակույկաձև ոսկրի շրջանի ցավից(նաև անատոմիական ծխախոտատուփի շրջանի ցավից) 7–10 օրվա ընթացքում, որից հետո կատարվում է երկրորդ ռենտգեն հետազոտությունը[7]։ Համակրգչային շերտագրությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել։ Հնարավոր է կատարել նաև ՄՌՇ հետազոտություն, եթե այն հասանելի է[8]։ Ոսկրերի սցինտիգրաֆիան կոտրվածքների ախտորոշման արդյունավետ եղանակ է, եթե կոտրվածքը ռենտգենագրությամբ հնարավոր չի եղել ախտորոշել[9]։
Մակույկաձև ոսկրի կոտրվածքների բուժումը կախված է կոտրվածքի տեղից(մոտակա, միջին, հեռակա), կոտրվածքի տեսակից՝ տեղաշարժով կամ առանց տեղաշարժի, և իհարկե հիվանդի ցանկությունից։
Առանց տեղաշարժի կամ չնչին տեղաշարժով կոտրվածքները բուժվում են փակ եղանակով։ Անշարժացման նպատակով երկար կամ կարճ բեկակալների օգտագործումը քննարկվում է բժշկական գրականության մեջ, և վերջնական համաձայնություն ու ապացույցներ չկան, թե որ մեկի կիրառումն է ավելի արդյունավետ, սակայն ավելի հաճախ կիրառվում են կարճ բեկակալները առանց տեղաշարժի կոտրվածքների անշարժացման համար[7]։ Առանց տեղաշարժի կամ չնչին տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել նաև վիրաբուժական եղանակով(մուտքի համար կատարվում է չնչին կտրվածք), որը տալիս է ոսկրաբեկորների համադրման բարձր արդյունավետություն, և հիվանդներն ավելի շուտ են վերականգնվում ու անցնում ակտիվ կյանքի[11]։
Պրոքսիմալ կոտրվածքների վերականգնումն ավելի երկարատև է։ Դիստալ կոտրվածքների ժամանակ վերականգնում ակնկալվում է 6-8 շաբաթ անց, միջին մասի կամ մարմնի կոտրվածքների դեպքում 8-12 շաբաթ, իսկ պրոքսիմալ կոտրվածքները 12-24 շաբաթ անց[5][7]։ Մակույկաձև ոսկրը արյունամատակորարում ստանում է ճաճանչային զարկերակից երկու տարբեր ճյուղերով։ Արյունը հոսում է ոսկրի ծայրամասից դեպի մոտակա(դիստալից պրոքսիմալ) բևեռ, և եթե կոտրվածքի ժամանակ արյունամատակրարումը խանգարվում է, ոսկրը կարող է չվերականգնվել։ Այս դեպքում պարտադիր է իրականացնել ոսկրաբեկորների համադրում վիրահատության միջոցով։
Խորհուրդ է տրվում կատարել միջմաշկային շյուղով համադրում, քանի որ այս եղանակը թույլ է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից։ Այս մեթոդի ժամանակ հարկավոր է կատարել սեղանարդաձև ոսկրի ծայրամասի մշակում(աճառի քերում, հեռացում, էքսկավացիա), դեպի մակույկաձև ոսկր վիրաբուժական մուտք ապահովելու համար[12]։
Դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածքները տարածված են երիտասարդ տղամարդկանց շրջանում[13]։ Ավելի քիչ են հանդիպում երեխաների և մեծահասակների մոտ[7]։ Կազմում են դաստակի վնասվածքների 50%-80%-ը[5]։
Երբեմն մակույկաձև ոսկրի կոտրվածքն անվանվում է նաև դաստակի նավակաձև ոսկրի կոտրվածք եզրույթով, որը պետք չէ շփոթել ոտքի նավակաձև ոսկրի կոտրվածքի հետ։
{{cite book}}
: |last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) CC-BY 3.0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակույկաձև ոսկրի կոտրվածք» հոդվածին։ |
|