Մամսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից հյուսիս-արևմուտք, մի փոքր բարձրության հարավային լանջին։
Ըստ ավանդության օտար հալածանքներից ապաստան որոնող թոռ ու մամ անցնում են մի այրի մոտով և թոռն ասում է. «մամ, հուսա», որից էլ առաջացել է Մամսա անունը։
Բնակավայրը շրջապատված էր պարտեզներով։
Մամսան հանդիսանում էր XI դարում կաթոլիկություն ընդունած այս շրջանի 6 գյուղերից մեկը։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1872-1873 թվականներին ուներ 28 տուն հայ և հույն, 6 տուն թուրք բնակիչ, իսկ 1914 թվականին՝ 82 տուն՝ 339 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։
Գյուղի տները մեծ մասամբ երկհարկանի էին։
Մամսան ուներ 1830 թվականին կառուցված Ս. Թորոս կաթոլիկական եկեղեցի և 1834 թվականին կառուցված Ս. Գևորգ լուսավորչական եկեղեցի։
Յուրաքանչյուր եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։
|